Օպերային երգչուհի Լեոնորան, ով վերջին շրջանում մեծ մասամբ լինում է արտերկրում, որտեղ հանդես է գալիս համերգներով, նաեւ Բեյրութի Բարսեղ Կանաչյանի անվան երաժշտանոցում դասավանդում է վոկալ, այժմ հայրենիքում է: Նա «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել է, որ սպասում է իր առաջնեկին եւ ուզում է, որ վերջինս լույս աշխարհ գա հենց Հայաստանում:
-Ո՞րն էր Հայաստանից հեռանալու Ձեր պատճառը, եւ արդյո՞ք օպերային արտիստները բավականաչափ գնահատված են մեր երկրում:
-Հայաստանից հեռանալու պատճառն արտասահմանից ստացված հրավերներն էին: Այժմ ես եւ ամուսինս հայրենիքում ենք, կհեռանանք նոր հրավերի դեպքում: Չգնահատված լինելու առումով, թերեւս, ես միակ արվեստագետը չեմ… Մեր երկրում տալիս ենք շատ, բայց ստանում ենք քիչ: Ցանկալի կլիներ, որ յուրաքանչյուր արվեստագետ իր մայր հողի վրա կարողանար վաստակել այնքան, որ կարողանար ապրել ըստ արժանվույն: Շատ կուզենամ, որ օպերային արտիստներն առավել գնահատված լինեն. այդ հանգամանքը նրանց ավելի մեծ ուժ եւ կորով կտա ստեղծագործելու համար:
-Դուք այն արվեստագետներից եք, ովքեր հնարավորություն ունեն մեր հայ երգարվեստը հասցնելու ոչ միայն հայրենակիցներին, այլեւ օտարներին: Մի առիթով նշել եք, որ անգամ հասել եք նրան, որ արաբ ուսանողը երգել է հայերեն…
-Բացի այն, որ իմ համերգային ծրագրի շրջանակներում առաջնահերթ ներկայացնում եմ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, շատ եմ կարեւորում նաեւ օտար ուսանողների շրջանում հայ մշակույթի նկատմամբ սեր սերմանելու հանգամանքը: Այդ առումով հաջողված օրինակ էր հենց արաբ ուսանողս, որը սիրով կատարեց Ռոմանոս Մելիքյանի «Ես բլբուլ եմ» գործը: Այսպիսով՝ ջանում եմ արտերկրի ուսանողների շրջանում յուրաքանչյուրի մեջ ներդնել իմ երկրի մշակույթի մի մասնիկը:
-Գիտենք, որ սպասում եք Ձեր առաջնեկի ծնունդին, հատուկ եկել եք Հայաստան, որպեսզի նա լույս աշխարհ գա հենց հայրենիքո՞ւմ:
-Այո՛, լիբանանյան համերգներից հետո հրավեր ստացանք համերգով հանդես գալ Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքում, սակայն, քանի որ ցանկություն ունեինք, որ երեխան ծնվի Հայաստանում, վերադարձանք հայրենիք: Միայն հայկական ազգանուն ունենալը, հայոց հողի վրա ապրելը, սակայն, դեռ չի նշանակում լինել հայ: Զտարյուն հայ լինելու համար երեխան պետք է ճանաչի հայրենիքը, մայր լեզուն եւ լուսավորչական կրոնը. սա է առաջնայինը:
Աննա Բաբաջանյան