ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր քննչական վարչության վարույթում շարունակվում է այս տարվա հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննությունը: Երբ հունվարի 22-ին հրապարակվեցին ՀՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից Վ. Պերմյակովի հարցաքննությունից կադրեր, համացանցը ողողվեց մեկնաբանություններով, ըստ որոնց՝ Պերմյակովը չի սպանել ընտանիքին, այլ դա արել են ուրիշները՝ մեղքը գցելով նրա վրա: Գերակշռող էին կարծիքները, ըստ որոնց՝ ոճրագործությունը հեղինակել են ԱՄՆ-ն, Թուրքիան, Ադրբեջանը, անգամ Ռուսաստանն ինքը: «Ժողովուրդ»-ն այս թեմայի շուրջ զրուցել է արվեստագետների եւ մտավորականների հետ:
Դերասան, սցենարիստ, երգիչ Միքայել Պողոսյանը, օրինակ, սխալ է համարում էմոցիաների վրա հիմնվելով՝ տվյալ հարցի շուրջ դատողություններ անելու միտումը: Նրա խոսքով՝ այն, ինչ տեղի է ունեցել, հասարակ պատմություն չէ: Իսկ հարցի պատասխանը` Թուրքիա՞ն էր անողը, Ամերիկա՞ն, թե՞ ով, կարող են տալ միայն փաստերը: «Սա շատ անհասկանալի պատմություն է, որը ոչ մի տրամաբանության չի ենթարկվում: Ամենացավալին, սակայն, ինձ համար այն տպավորությունն է, որ կարծես Աստծո կողմից պաշտպանվող մեր ազգն անթիկունք է, ոնց որ անտեր լինի, բացի Աստծուց՝ այս պահին երկիրը ոչ մի ռեալ տեր չունի: Եվ այս ծայրահեղ իրադարձությունների ֆոնին կարեւորն այն է, որ մենք միաբան լինենք, մենք մեզ չվնասենք, մեր ձեռքով ինքներս մեզ չհոշոտենք»,-նշեց նա:
Իսկ հայտնի դուդուկահար Ջիվան Գասպարյանը չի բացառում, որ ոճրագործության կազմակերպիչները ուզում էին սեպ խրել հայ-ռուսական հարաբերությունների մեջ: «Գիտեք՝ այդ տեսակ պատահականություններ չեն լինում, սա չէր կարող զուտ կենցաղային հողի վրա տեղի ունեցած միջադեպ լինել: Իհարկե, ոչ ոք դեռ չի կարող ասել՝ ով է կանգնած այս ամենի թիկունքում, ամեն ինչ էլ հնարավոր է…Գուցե Պերմյակովին կաշառել են, կամ հնարավոր է՝ նա ուղղակի էշի մեկն է. գործի քննությունը պետք է ցույց տա…Ամեն դեպքում՝ այն, ինչ տեղի ունեցավ, Ռուսաստանին ձեռնտու չէր»,-նկատեց վարպետը:
Նրա համար եւս ընդունելի չեն ողբերգական իրադարձությունների այս ֆոնին հայերի միջեւ բախումները. «Չէի ուզենա նման բան տեսնել: Մենք որ տուժենք, ուրիշ ազգերի պես չենք տուժի, շատ կտուժենք, փոքր երկիր ենք»,-ասաց նա:
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն էլ այն համոզման է, որ Ռուսաստանը չափազանց մեծ ճնշում է գործադրում, որպեսզի այս հանցագործության իրական շարժառիթները չբացահայտվեն. «Սա, իհարկե, չի կարող լուրջ մտահոգության առարկա չդառնալ եւ չծնել սեփական վերլուծությունների անհրաժեշտության գաղափարը»,-ընդգծեց նա:
Բանաստեղծ, լրագրող Նշան Աբասյանն էլ, անդրադառնալով Պերմյակովի հարցաքննության կադրերի շուրջ մեկնաբանություններին, որոնցում գերակշռում էր այն տեսակետը, թե Պերմյակովն այնքան էլ հանցագործի տեսք չունի, եւ նրա «գլխին սարքել են», կարծիք հայտնեց, որ դրանք հիմնված էին մարդկանց զգայական ընկալումների վրա:
«Տեսանյութում երեւացող տղան, ասում են, մարդասպանի տեսք չուներ, հայացքում զղջում չկար, կեցվածքում հանգստություն կար եւ այլն…Իմ կարծիքով՝ այդպիսի մոտեցումը լուրջ չէ: Նման լրջագույն հայտարարությունների համար նույնչափ լրջագույն փաստեր են պետք, այլ ոչ թե տպավորապաշտական հապճեպ մեկնաբանություններ»,-նկատեց նա:
Բանաստեղծը, ամեն դեպքում, որպես մարդ խոսեց տեսանյութից ստացած իր տպավորությունների մասին. «Օրինակ՝ այնպես էր թվում՝ ասես այդ տղան ապահովության զգացողություն, ապահովության խոստում է ստացել. նշանակություն չունի՝ ինքը կատարել է այդ ոճրագործությունը, թե ոչ: Սա իմ անձնական տպավորությունն է: Ես կարող եմ սխալվել»,-նշեց նա:
Աննա Բաբաջանյան