ՇԵՆԳԱՎԻԹԻ ԹԱՂԱՊԵՏԸ ԱՆՈՐԱԿ ՀԱՑ Է ՎԱՃԱՌՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ “Ժողովուրդ”-ի խմբագրություն էր զանգահարել Շենգավիթ վարչական շրջանի մի բնակիչ, որն ասաց, թե ինքն այդ համայնքի մանկապարտեզներից մեկի վարիչն է: Նա նշեց, որ ինքը չի կարող ներկայանալ, քանի որ հետագայում լուրջ խնդիրներ կունենա, սակայն ահազանգեց, որ իրենց վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանը Շենգավիթի բոլոր մանկապարտեզների վարիչներին ստիպում է, որպեսզի հացը գնեն իրեն պատկանող փռից, որի արտադրանքը շատ անորակ է: Նաեւ հայտնեց, որ այդ հացի փուռը գտնվում է Շենգավիթի սպորտդպրոցի հարեւանությամբ, եւ այն ղեկավարում են համայնքապետն ու նրա ԱԺ պատգամավոր եղբայր Մարտին Սարգսյանը:
“Սպորտդպրոցի տարածքում Արմեն Սարգսյանը` Մարտին Սարգսյանի եղբայրը, հացի փուռ ունի, իրենք արտադրում են հաց, որն այդ շրջանի բոլոր մանկապարտեզները պարտադիր ստանում են: Ու միայն էդ հացն են ստանում, ուրիշ հաց չեն թողնում, որ ստանանք: Էդ հացը շատ անորակ հաց ա, չեք պատկերացնում, թե ինչ վիճակ ա: Անգամ շատ ժամանակ ա լինում, որ մենք մեր գրպանից ենք առնում հացը, որպեսզի էդ անորակ հացը երեխաները չուտեն: Եթե գնաք, հաց առնեք էդ փռից, կտեսնեք, թե ինչ անորակ է, սենց չեմ կարող բացատրել էդ հացի տեսքն ու համը, ուղղակի մի անտանելի վիճակ ա”,-վրդովված ներկայացրեց մեզ զանգահարած տիկինը:
Մեր զրուցակիցը նշեց, որ ողջ Շենգավիթ վարչական շրջանը գիտի, թե այդ փուռն ում է պատկանում, ինչ անորակ հաց են արտադրում նրանք եւ ինչպես են ստիպում մարդկանց այն իրացնել: Մանկապարտեզի վարիչն ասաց, որ իրենք արդեն անզոր են որեւէ բան փոխել, քանի որ հասկացել են, որ ամբողջ վարչական շրջանը “կառավարվում” է Արմեն եւ Մարտին Սարգսյանների կողմից. “Էդ սպորտդպրոցի ու փռի մոտերը Արմեն Սարգսյանը մի դղյակ է կառուցել իր համար: Մոռացել ա, որ ինքը խրուշչովկայում էր ապրում, հիմա արդեն դղյակ է կառուցում, դրա մասին էլ շենգավիթցիները գիտեն, բոլորին հետաքրքիր է, թե էդ ինչ գումարներով են էդ դղյակները կառուցում”:
“Ես Յոնջալախի մանկապարտեզներից մեկի վարիչն եմ, չեմ ուզում ներկայանամ, եթե ներկայանամ, իրենք կիմանան՝ ով է, ձեզ էսքան ինֆորմացիա տվեցի, ուղղակի արդեն ստիպված ենք էս քայլին դիմել, քանի որ ոչ մեկը սրա դեմը չի առնում: Մանկապարտեզներում ծախած հացը ուտել չի լինում, իսկ դրա մասին մինչեւ թերթերը չեն գրում, ոչ մեկ չի արձագանքում, դրա համար ուզում եմ գրեք, որ գոնե էս հարցին լուծում տրվի”,-պատմեց տիկինը:
Նրա ներկայացմամբ` այնպիսի տպավորություն է, որ Սարգսյան եղբայրները որոշել են այդ համայնքն “իրենցով” անել, քանի որ ԱԺ պատգամավոր Մարտին Սարգսյանն էլ այդ տարածքում շինանյութի մեծ շուկա ունի. “Իրանք համարվում են էդ տարածքի խաները, սպորտդպրոցն էլ ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի շտաբ էին սարքել, որը  անհուսալի վիճակում ա գտնվում՝ քանդված, ջրերը կաթում են, իրանք սաղ հսկում, իրանց հսկողության տակ են պահում, տնօրենն էլ՝ Արայիկ Աբրահամյանը, իրանց աջ թեւն ա, ընտրությունների ժամանակ ֆինանսական հարցերով Աբրահամյանն էր զբաղվում: Մի խոսքով, ի՞նչ ասեմ, ամեն ինչ վերցրել են իրենց հսկողության տակ, Շենգավիթ վարչական շրջանն իրենցով են արել ու վերջե:
“Ժողովուրդ”-ը փորձեց տեղեկությունը ճշտել նաեւ Շենգավիթ վարչական շրջանի բնակիչներից, որոնց հետ զրույցի ժամանակ պարզ դարձավ, որ Արմեն եւ Մարտին Սարգսյանները համայնքում հայտնի են իրենց անորակ հացի փռով: Փորձեցինք զրուցել նաեւ Սարգսյան եղբայրների հետ: ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Մ. Սարգսյանի հետ մեզ չհաջողվեց զրուցել, քանի որ նրա հեռախոսն անհասանելի էր: Իսկ համայնքի ղեկավար Արմեն Սարգսյանը, պատասխանելով մեր հարցին, թե իրեն  պատկանող հացի փռից մանկապարտեզներին մատակարարվող հացն ինչու է այդքան անորակ, ասաց. “Ո՛չ, ես հացի փուռ չունեմ, հաց վաղուց արդեն չեմ թխում, մանկապարտեզն էլ սպասարկողն ուրիշ կազմակերպություն է, որը մեզ հետ ընդհանրապես կապ չունի: Ուրեմն մանկապարտեզները մեր հսկողության տակ են, ամեն օր ստուգվում է տեսուչների կողմից, հացի որակը նորմալ է: Իսկ ինչ վերաբերում է հացի փռին, դա իմ հետ կապ չունի”:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս