Արմավիրում ամուսինը կեսգիշերն անց կնոջը հայտնաբերել է ծեծված վիճակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս գիշեր` ժամը 01:40-ին, Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում ավազակային հարձակում է տեղի ունեցել: Armlur.am-ի տեղեկություններով` 2 անձ` դիմակավորված և զինված, բաց դռնով ներխուժել են գյուղի տներից մեկը:

23-ամյա Սաթենիկ Մելիքյանին, ով տանը մենակ է եղել, դիմակավորված անձինք ծեծի են ենթարկել, կպչուն ժապավենով կապել նրա ձեռքերն ու ոտքերը: Ապա դանակի սպառնալիքով ավելի քան կես միլիոն դրամի ոսկյա զարդեր են գողացել ու դիմել փախուստի:

Armlur.am-ի հետ զրույցում Այգեշատի գյուղապետ Ռոբերտ Հովսեփյանը հայտնեց, որ կնոջն այդ վիճակում ամուսինն է հայտնաբերել, ով դեպքից ժամեր անց է տուն վերադարձել: «Ես նրանց դեռ չեմ տեսել: Գնացի նրանց բնակարան, տան դուռը փակ էր. ոստիկանությունում են վաղ առավոտից: Նախկինում նման դեպքեր մեր գյուղում չեն եղել: Արդեն 7 տարի է` համայնքի ղեկավարն եմ, դեռ նման բան չեմ տեսել: Լսել եմ, որ աղջկան են ծեծել»,- նշեց Ռոբերտ Հովսեփյանը` հավելելով, որ բնակարանը երիտասարդ զույգինը չէ. այն Սաթենիկ Մելիքյանի ծնողներինն է, ովքեր Ռուսաստանում են բնակվում այս պահին:

Այս ընտանիքը, մեր զրուցակցի փոխանցմամբ, սոցիալապես այնքան էլ լավ պայմաններում չի ապրում, իսկ թե ովքեր կարող էին իմանալ, որ երիտասարդ կինը գիշերվա այդ ժամին կարող էր տանը միայնակ լինել, գյուղապետը դժվարացավ պատասխանել:

Տեղեկացնենք, որ հանցագործները դեռ չեն հայտնաբերվել:




Լրահոս