ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀԱԿ նախկին անդամ Կարապետ Ռուբինյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում նշեց, որ վերջին հանրահավաքի ժամանակ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթն իրեն համոզել է, որ իրական ընդդիմությունը “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունն է:
-Պարո՛ն Ռուբինյան, օրերս ՀԱԿ անդամ Դավիթ Շահնազարյանը հետեւեց Ձեր օրինակին եւ դուրս եկավ ՀԱԿ-ի կազմից: Ինչպե՞ս եք գնահատում Շահնազարյանի այդ քայլը:
-Անշուշտ, իր քայլը քաղաքական է, իհարկե, ինքն է որոշողը՝ երբ եւ ինչ կարգի հայտարարություններ կանի, բայց այն փաստարկները, որոնք ինքը ներկայացրել էր “Ազատություն” ռ/կ-ին, համոզիչ են, եւ ես կիսում եմ նրա մոտեցումները:
-Իսկ ի՞նչն է պատճառը, որ ՀԱԿ-ը լքողներն օրեցօր ավելանում են:
-Պատճառն այն է, որ ՀԱԿ-ի ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանը, հիմա հետադարձ հայացքով որ նայում եմ, ըստ երեւույթին 2008-ի մարտի 1-ի ողբերգագական դեպքերից հետո մեկ այլ կուրս է վերցրել, որը չի ենթադրում պայքար, որը չի ենթադրում ինքնամոռաց պայքար, այլ ենթադրում է ինչ-որ համաձայնություններ, ինչ-որ ներքին պայմանավորվածություններ, որից բխում է ժողովրդին ճշմարտությունը չասել կամ ողջ ճշմարտությունը չասել: Եթե չհաշվենք մի քանի ֆանատների եւ մի քանի վճարովի լրագրողների դիրքորոշումը, համարյա բոլորին պարզ է, որ հիմա, ըստ էության, ռեժիմի դեմ պայքարի մասին խոսք չկա, եւ, բնականաբար, այդպիսի կառույցից պետք է հեռանան, ոչ թե մնան:
-Մամուլում նշվեց, որ Դավիթ Շահնազարյանի` ՀԱԿ-ից դուրս գալու պատճառը զուտ անձնական է:
-Ես զարմանում եմ, որ նման բաներ են ասում, բայց նույնիսկ եթե անձնական խնդիրներ ունենար, Շահնազարյանն ինչո՞ւ պետք է դրա մասին խոսեր: Դա քաղաքական խնդիր է:
-ՀԱԿ-ի հենասյուներից մեկը համարվող ,Հանրապետությունե կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը եւս ընտրություններից հետո հայտարարեց, որ ՀԱԿ-ից դուրս է գալիս: Ինչպե՞ս եք գնահատում նրա այս քայլը եւ ի՞նչ եք կարծում, նման կուսակցության առաջնորդի հեռանալը ՀԱԿ-ի փլուզման մասին չի՞ վկայում:
-Դա կուսակցության դիրքորոշումն էր, Դուք հիշում եք, որ կուսակցությունը հրաժարվեց նախընտրական ցուցակի բոլոր տեղերից, բացառությամբ Արամ Սարգսյանի տեղից, իսկ ընտրություններից հետո արդեն հայտարարություն արվեց, որ կուրսը, որն ընտրել է Կոնգրեսը, իրենց ձեռք չի տալիս: Ես նորից կրկնեմ, որ այդ կուրսը պրոգրեսի տանող չէ, անկեղծ չէ, ժողովրդին մոլորության մեջ գցող է, ըստ էության՝ այս ամեն ինչն էլ բերում է քաղաքական նիհիլիզմի: Եւ մենք այժմ շատ ծանր վիճակում ենք հայտնվել, քանի որ միակ ընդդիմադիր ուժ հորջորջվողը, իսկ մինչեւ 2008թ.-ն իսկապես այդպիսին էր, հրաժարվել է ըստ էության պայքարից եւ ինչ-որ ճղճիմ բանսարկությունների, համաձայնությունների ոլորտ է մտել:
-Ըստ Ձեզ՝ Կոնգրեսից հեռացողներ էլի՞ են լինելու:
-Եթե այս գործելաոճը շարունակվի, եթե հանրահավաքներ հրավիրվեն միայն նրա համար, որպեսզի ապացուցեն, որ ինչ-որ մարդիկ դեռեւս գալիս են մեր հանրահավաքներին, եւ շարունակեն ծիծաղաշարժ վերլուծություններ անել հանրահավաքներում, իհարկե այդ պրոցեսը կշարունակվի: Արդյոք Կոնգրեսն ունի ռեսուրս, ընդունելով իր սխալները, նոր պայքար վերսկսելու, ցավոք սրտի քիչ, բայց ունի: Սակայն կգնա այդ քայլին, թե ոչ, ես դրա մասին չեմ կարող ասել: Կոնգրեսի մոլեռանդ կողմնակիցների համար իրական պայքարող ուժը ՀԱԿ-ն է: Հիմա երբ մենք նայում ենք, այս օրերին տեսնում ենք, որ ՀԱԿ-ը ոչ մի պայքար էլ չի վարում, մի ստից ձեւական հանրահավաք արվեց, եւ մինչեւ սեպտեմբեր հանգիստ հայտարարվեց, իսկ իրական պայքարող ուժը քաղաքացիական հասարակությունն է, որը դուրս է եկել փողոց եւ պայքարում է օլիգարխների դեմ, պայքարում է արդար քննության համար: Իրական պայքարողը ՀԱԿ-ը չէ, այդ ձեւական, մոդայիկ ձեւակերպումները պետք է մոռանանք:
-Ի վերջո, ըստ Ձեզ՝ ՀԱ՞Կ-ն է այսօրվա ընդդիմությունը, թե՞ ԲՀԿ-ն:
-(Ծիծաղում է-Ս.Գ.) Դե Լեւոն Տեր-Պետրոսյանն իր վերջին հանրահավաքում ինձ համոզեց, որ իրական ընդդիմությունը ԲՀԿ-ն է: Եւ հիմա ես ՀԱԿ-ին էլ չեմ հետեւում, ուշիուշով հետեւում եմ ԲՀԿ-ի ու Նաիրա Զոհրաբյանի հայտարարություններին` որպես իրական ընդդիմություն:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ