ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ պետական և ոչ պետական բուհերի առկա ուսուցման 2012 թվականի ընդունելության անվճար և վճարովի ուսուցման մրցույթների արդյունքում դրական միավորներ ստացած, բայց բուհ չընդունված մի շարք դիմորդների ծնողների:
Ըստ ԿԳՆ մամուլի հաղորդագրության՝ վերջիններս նախարարի մոտ ընդունելություն էին խնդրել, որպեսզի առաջարկեն բուհերում ավելացնել լրացուցիչ տեղեր` առավել մեծ թվով դիմորդների հնարավորություն ընձեռելու վճարովի հիմունքներով ընդունվել բուհեր:
Լսելով ծնողների բողոքներն ու առաջարկները` նախարարը նշել է, որ հասկանում է ծնողների անհանգստությունը, որը, սակայն, ըստ Արմեն Աշոտյանի անհարկի է, քանի որ այս տարի առաջին անգամ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ դրական միավոր (միավորներ) ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդներին հնարավորություն է տրվել մինչև հուլիսի 20-ն ընկած ժամանակահատվածում մասնակցել թափուր տեղերի մրցույթին` թափուր տեղեր ունեցող բուհում լրացնելով նոր դիմում-հայտ:
Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ թափուր տեղերի մրցույթին կարող են հայտ ներկայացնել նաև ընդունելության քննություններից դրական միավոր (միավորներ) ստացած այն դիմորդները, ովքեր առաջին կամ լրացուցիչ փուլերում բուհերում չեն հայտագրվել:
Լրացուցիչ փուլի մասնագիտությունների ցանկում, համաձայն նախարարի նշած տեղեկատվության, պետական և ոչ պետական բուհերում առկա են համապատասխանաբար ավելի քան 4300 և 3700 թափուր տեղեր:
Ծնողների մյուս անհանգստությունը կապված էր, ըստ վերջիններիս կարծիքի, այս տարի որոշ բուհերում բարձր անցողիկ բալերի առկայությամբ: Ի պատասխան` Արմեն Աշոտյանը պարզաբանել, որ այս տարի որոշ մասնագիտությունների գծով անցողիկ բալն իսկապես բարձր է, համեմատած նախորդ տարիների հետ, որը, սակայն, ըստ նախարարի, կարելի է բացատրել նաև “Հայոց լեզու և գրականություն” առարկայից ստացված բարձր գնահատականների արդյունքով:
Հաջողություն մաղթելով բոլոր դիմորդներին` նախարարը ևս մեկ անգամ տեղեկացրել է, որ այլևս ոչ մի լրացուցիչ տեղ չի ավելացվելու և դիմորդներին կոչ է արել` լավագույնս օգտվել այս տարի առաջին անգամ ընձեռված հնարավորությունից` մասնակցել թափուր տեղերի կամ հեռակա ուսուցման ընդունելության մրցույթներին: