«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Հայկ Գրիգորյանը, որը թիվ 37 ընտրատարածքից էր ընտրվել, որոշել է ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածում փոփոխություն մտցնել: Քանի որ Գրիգորյանի «հովանավորյալը» Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն է, վերջերս նա իր մոտ է կանչել երիտասարդ պատգամավորին եւ հետաքրքրվել, թե ինչ է որոշել անել ԱԺ-ում: Գրիգորյանն էլ ոգեւորված հայտարարել է, թե «Սահմանադրության 4-րդ հոդվածում սխալ կա, փոխելու եմ»: Մարզպետն ուրախացել է, որ իր թեկնածուն արդեն սկսել է աշխատել, ու անգամ իր շրջապատին պատմել է, թե Հայկը շուտով Սահմանադրությունում փոփոխություն է անելու:
Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխություններն իրականացվում են միայն հանրաքվեի միջոցով, ինչի մասին պատգամավորը հավանաբար չի իմացել: Իսկ 4-րդ հոդվածը վերաբերում է հանրապետության նախագահի, Ազգային Ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, ինչպես նաեւ հանրաքվեներին, որոնք անցկացվում են ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ:
«Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ պատգամավոր Հայկ Գրիգորյանից պարզել, թե ինչ սխալ է հայտնաբերել Սահմանադրության հոդվածի մեջ, սակայն նա հերքեց մեր տեղեկությունը: «Չէ՛, ճիշտ չէ՛»,-ասաց Գրիգորյանն ու անջատեց հեռախոսը:
Ի դեպ, մեր տեղեկություններով՝ Հայկ Գրիգորյանն իր հովանավորյալից մի մեքենա է նվեր ստացել, որպեսզի մասնակցի ԱԺ նիստերին:
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՆԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ