ԴՈԼԱՐԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԵՆՑ ԿԱՇԻՆ ԵՆ ՓՐԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեկ գիշերվա ընթացքում կտրուկ նվազել է դոլարի փոխարժեքը. եթե մինչ այս ԱՄՆ 1 դոլարը կարելի էր գնել 420, վաճառել 417 դրամով, ապա երեկ պատկերը բոլորովին այլ էր. դոլարը գնվում էր 414, վաճառվում 412 դրամով: Ուշագրավն այն է, որ փոխարժեքի շուկայում նման կտրուկ տատանում գրանցվել էր ընդամենը մեկ ամիս առաջ, երբ սրընթաց կերպով թանկացավ դոլարը:
Ամեն անգամ նման դեպքերում իշխանություններն ունեն իրենց հերթապահ արդարացումն առ այն, որ մեզանում «լողացող» կուրս է, եւ սա դրա հետեւանքն է: Սակայն որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանում տնտեսության ոլորտում տեղի ունեցող իրադարձությունները որեւէ աղերս չունեն տնտեսագիտության օրենքների հետ, եւ պայմանավորված են իշխանությունների կամայականություններով: Թեկուզ այս հարցում. իշխանությունները խոսում են դոլարի լողացող կուրսի մասին, այսինքն՝ հասկացություն, որը հատուկ է լիբերալ արժեքներ կրող քաղաքական ուժերին, բայց նույն ՀՀԿ-ն իր  գաղափարախոսությամբ պահպանողական է:
Ինչ վերաբերում է դոլարի փոխարժեքի նման կտրուկ տատանումներին, ապա տեսակետ կա, որ իշխանություններն այսպես ընդամենը փորձում են զսպել գնաճը: Հայտնի փաստ է, որ ՀՀ տնտեսությունը գերազանցապես հիմնված է ներկրման վրա, այսինքն՝ արտաքին առեւտրի 2/3-ը բաժին է հասնում ներկրմանը. ըստ պաշտոնական վիճակագրության՝ միայն առաջին հինգ ամիսներին ՀՀ ներմուծվել է 1 մլրդ 677 մլն 800 հազար դոլարի ապրանք, իսկ արտահանման ծավալները կազմել են 561 մլն 700 հազար դոլար: Ու ներմուծման նման մեծ ծավալի դեպքում դոլարի բարձր փոխարժեքն իր հերթին կբերի լուրջ գնաճի: Առավել եւս, որ վերջին երկու ամսում ականատես ենք լինում շարունակվող գնաճի. այսօր խանութներում դժվար է գտնել մի ապրանք, որը թանկացած չլինի: Ուստի ենթադրվում է, որ ԿԲ-ն, դոլարի նոր չափաքանակ ներդնելով շուկայում, փորձում է նվազեցնել դրա գինն ու այդպես կանխել նոր գնաճը: Գնաճի առումով բացառություն են կազմում գյուղմթերքները, ինչը պայմանավորված է առատ բերքով, եւ հենց գյուղմթերքների գնի հաշվին իշխանություններին հաջողվում է վիճակագրական տվյալները մեղմել ու քողարկել սոսկալի գնաճը: Միայն թե սա նրանց կհաջողվի ընդամենը մինչեւ աշուն, քանի որ սեզոնի ավարտից հետո իրավիճակը կտրուկ վատանալու է:
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, սակայն, չհամաձայնեց այս տեսակետի հետ: «Դրամի փոխարժեքի տատանումներն ավելի մեծ կտրվածքով դիտելու դեպքում սա նույնիսկ նորմալ է, տատանումներն ավելի փոքր են: Նման տատանումներ միշտ էլ լինում են: Իսկ իշխանությունները որեւէ ազդեցություն չունեն այս փոխարժեքի վրա, այն ձեւավորվում է շուկայական հարաբերությունների արդյունքում»,-ասաց Գագիկ Մինասյանը:
ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը դոլարի փոխարժեքի նման տատանումները համարում է հայաստանյան իրողությունների արտացոլում: «Փոխարժեքը արտահայտությունն է այն զարգացումների, որ կան տնտեսական, ֆինանսական, ինչու չէ՝ նաեւ քաղաքական կյանքում: Այս տարվա ընթացքում դրամ-դոլար փոխարժեքի տատանումների հիմքում նախ եւ առաջ քաղաքական դրդապատճառներ են: Նայե՛ք ցուցանիշները: Տարեսկզբից մենք ունեցել ենք աշխատուժի էական արտահոսք: Տարեսկզբից զգալիորեն նվազել են ԿԲ պահուստները, որից հետո եկան այն այլանդակությունները, որ կոչվեցին ընտրություններ: Այդ ժամանակ բաժանվեց հսկայական ընտրակաշառք, շուկայում շրջանառության մեջ կանխիկ փող մտավ:  Ու այդ երեւույթներն էլ ազդեցին փոխարժեքի տատանումների, դոլարի թանկացման վրա»,-նշեց Բագրատ Ասատրյանը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս