Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում երեկ առավոտից «Քինգ դելյուքս» տրանսպորտային ընկերությանը պատկանող 259` Աբովյան-Երեւան եւ 275` Չարենցավան-Երեւան երթուղիները սպասարկող միկրոավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել: Այդ կերպ նրանք բողոքում են Գագիկ Ծառուկյանի Աբովյան-Երեւան եւ Չարենցավան-Երեւան բարեգործական երթուղիների դեմ, ինչի հետեւանքով իրենք անգործ են: Վարորդները մտադիր են հաջորդ ակցիայի ժամանակ փակել Սեւան-Երեւան ավտոճանապարհը:
Հիշեցնենք, որ գործադուլ հայտարարած «գծերի» տերը ՀՀԿ-ական դարձած Արթուր Հարությունյանն է (Պալաչ), որը Գագիկ Ծառուկյանի սանիկն է: Ինչպես տեղեկացրել էինք, նա Հայաստանում չէ՝ «գործերով» մեկնել է Դուբայ: Փոխարենը նրա վարորդները կապել էին փողկապները եւ Աբովյանի ավտոկայանում դուրս եկել ցույցի:
«Քինգ դելյուքս» տրանսպորտային ընկերության տնօրեն (Պալաչի ենթակա) Արթուր Դալլաքյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե գործադուլ հայտարարածներին միացել են նաեւ Աբովյանի ներքաղաքային 1, 2, 3 երթուղիներր վարորդները եւ 100-ից ավել տաքսիստներ:
«Մեր երթուղիներին զուգահեռ գործող «Պազ»-երը հովանավորվում են ինչ-որ բարեգործական հիմնադրամի կողմից, նույնիսկ անունը չեմ ուզում ասել, դրա արդյունքում մենք վնասով ենք աշխատում: 6 ամսվա տվյալներով ընկերությանը հասցվել է 800-900 հազար դոլարի վնաս: Դիմել ենք Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով ու ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարություն: Դեռ սպասում ենք պատասխանի»,-ներկայացրեց ընկերության տնօրենը՝ ամեն կերպ խուսափելով Ծառուկյանի անունը տալ: Միայն ասաց, թե այդ «Պազ»-երն անվտանգության տեսանկյունից բավարար վիճակում չեն գտնվում, որպեսզի ուղեւորափոխադրումներ կատարեն. «Մարդկանց կյանքի հետ խաղալով՝ չի կարելի իմիջ ստեղծել»: Դալլաքյանի խոսքերով՝ քաղաքական պայքարը վերածվել է անձնականի, որն անբացատրելի է. «Մենք հաստատ չենք գնա կոնյակի գործարանի մոտ անվճար կոնյակ վաճառելու»:
Իսկ հավաքվածները դժգոհեցին, որ Ծառուկյանի «ՊԱԶ»-ի վարորդներն աշխատանքային հստակ ժամ չունեն. «Հենց մեզ տեսնում են, շարժվում են: Իսկ երբ վարորդներին ենք ուզում մոտենալ, խուսափում են, որովհետեւ վախենում են: Անգամ մեր ընկերներն իրենց հեռախոսներից ջնջել են մեր հեռախոսահամարները»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում վրդովված պատմեցին վարորդները:
Նշենք, որ նույն պատկերը նաեւ Չարենցավանում է: Մի քանի լրագրողներով դիմեցինք Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանին՝ պարզելու՝ արդյոք նա մտահոգ է իր բնակիչների խնդիրներով: «Ի՞նչ կարող է անել քաղաքապետը,-շտապեց արդարանալ նա՝ պարզաբանելով,-ես բարեգործություն անողին չեմ կարող ասել՝ գիտեք ինչ, դուք բարեգործություն մի՛ արեք, իսկ տրանսպորտային ընկերությանը ստիպել, թե դուք էլ վնասով աշխատե՛ք եւ ուղեւորափոխադրումները կատարե՛ք: Ես նման իրավասություններ չունեմ»:
Վերջում դիմեցինք նաեւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանին, որը փոխանցեց. «ԲՀԿ-ն 12 տարի շարունակ նման բարեգործություններ է արել: Եւ Աբովյան քաղաքը միշտ եղել է ԲՀԿ-ի ուշադրության կենտրոնում: Այդ բարեգործական երթուղին չի հանվելու: Նման քննարկումներ չեն եղել: Եւ այս ամեն ինչի մեջ փնտրել քաղաքական ենթատեքստ՝ անհեթեթություն է»:
ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ԲՈՂՈՔՆ ՈՒ ԲՀԿ-Ի «ԻՄԻՋԸ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ