ՎՃՌԱԲԵԿԻ ՀԱՄԱՐ ՍԴ ՎՃԻՌՆ ԱՐԺԵՔ ՉՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վճռաբեկ դատարանից հերթական բողոքողն Աշտարակ քաղաքի բնակիչ Նորիկ Սարգսյանն է, որը կարծում է՝ Վճռաբեկը դատարան չէ, այլ փաստաթղթերի պահեստ, քանի որ այնտեղ դատական գործերը պարզապես ընդունվում են, համարակալվում, պահվում դարակում, այնուհետեւ առանց ուսումնասիրության վերադարձվում հայցվորին:
«Սահմանադրական դատարանի որոշումներն էլ Վճռաբեկ դատարանի համար առ ոչինչ են: Հոգնել ենք: Գործում ի հայտ եկած նոր հանգամանքները չեն ուսումնասիրվում, արդյունքում՝ տարիներով քարշ ենք գալիս դատարաններում, ու վիճահարույց հարցերն էլ անպատասխան են մնում»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում դժգոհում է  Նորիկ Սարգսյանը:
Ամեն ինչ սկսվել է նրանից, որ Սարգսյանները հայտնաբերել են, որ 1990թ. իրենց  ընտանիքին պատկանող սեփականաշնորհված շուրջ 1,15 հա հողատարածքի որոշ մասը վաճառվել է Արամ Մեհրաբյանին: Դա անակնկալի է բերել Սարգսյաններին, որոնք դիմել են Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան` անվավեր ճանաչելու 1997թ. Մերուժան Սարգսյանի եւ Արամ Մեհրաբյանի միջեւ կնքված առքուվաճառքի պայմանագիրը, նույն թվին Արամ Մեհրաբյանի անվամբ տրված պետական ակտը, Երեւան քաղաքի Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի կողմից  2010թ.  սեղանամատյանում գրանցված ժառանգության իրավունքի գրանցումը եւ ճանաչել Սարգսյանների սեփականության իրավունքն Աշտարակ քաղաքի «Արայի տարածքում» գտնվող  0,19 հա խնձորի այգու նկատմամբ: Նշենք, որ առքուվաճառքի պայմանագրում  համասեփականության  իրավունք ունեցող 6 անձից առկա է միայն բողոքող Նորիկ Սարգսյանի մոր՝ Լարիսայի ստորագրությունը, այսինքն՝ այստեղից բխում է, որ գործարքը կատարվել է ակնհայտ օրինախախտմամբ, չեն պաշտպանվել համասեփականատերերի իրավունքները:
Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Սարգսյանների հայցապահանջը: Նրանք դատարանի վճռի դեմ կրկին բողոք են ներկայացրել: Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքն ընդունել է վարույթ: Վերաքննիչ բողոքի պատասխանն են ներկայացրել երրորդ անձինք՝ Մեհրաբյանների ընտանիքի անդամները: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժվել է, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը թողնվել է ուժի մեջ: Իսկ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշմամբ վերադարձվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշման դեմ բերված բողոքը:
Գործը քննվել է նաեւ ՀՀ Սահմանադրական դատարանում, որը, հանգամանալից ուսումնասիրելով մանրամասները, վճիռ է կայացրել հարուցել նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթ, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը, փոխել այն եւ հայցապահանջը բավարարել: Իսկ եթե ՀՀ վճռաբեկ դատարանը գտնի, որ դատական ակտը փոխելու հիմքերը բավարար չեն, ապա բեկանել որոշումը եւ գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության: Ստացվում է, որ իսկապես, Սահմանադրական դատարանի այս վճիռը Վճռաբեկ դատարանի համար առ ոչինչ է, այլապես սայլը տեղից կշարժվեր:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս