Մայրաքաղաքի տարբեր տոնավաճառների աշխատակցներ վաղ առավոտից կրկին հավաքվել են Կառավարության շենքի առջև՝ իրենց բողոքն արտահայտելու հետաձգված, բայց փետրվարի 1-ից դարձյալ գործածության մեջ մտնող շրջանառության հարկի մասին օրենքում կատարված փոփոխությունների դեմ:
Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ նրանք դարձյալ սպառնում են օրենքը կիրառելու դեպքում ընդհանրապես հրաժարվել գործունեություն ծավալելուց և փակել իրենց կրպակներն ու խանութները:
Բողոքավորների մեջ տարածված տեղեկությունների համաձայն, իրենց են միացել Արմավիրի մարզի առևտրականները, իսկ գյումրեցիները և վանաձորցիները ճանապարհին են: Ոսկու շուկայի առևտրականները նույնպես մեծամասամբ դադարեցրել են գործունեությունը: Այստեղ աշխատում են միայն այն տաղավարները, որոնք շուկայի տնօրեն Վաղարշ Աբրահամյանին կամ նրա մտերիմներին են պատկանում:
Վաճառականների խոսքով, իրենք հանդիպում են պահանջում միմիայն Հովիկ Աբրահամյանի հետ ու պայքարելու են այնքան ժամանակ, մինչև իրենց խնդիրը լուծվի:
Կառավարության ներկայացուցիչը քիչ առաջ մոտեցել է ցուցարարներին և առաջարկել, որ 10 մարդ մտնի Կառավարության շենք՝ հանդիպելու Հովիկ Աբրահամյանին, սակայն հավաքվածների մի մասը մերժել է առաջարկը, իսկ մյուսները դեռ չեն կողմնորոշվել: Նրանք շարունակում են վարկարկել «ամոթ», «վարչապետ»: