ՓՈՐՁԵՆՔ ԴՈՒԴՈՒԿՆ ԱՆԱՂԱՐՏ ՊԱՀԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դուդուկահար ԳԵՎՈՐԳ ԴԱԲԱՂՅԱՆԻ դուդուկը հնչել է պարսկական «Միսս Մարիա», Ատոմ Էգոյանի «Արարատ», Տավիանի եղբայրների «Արտույտների ագարակը» եւ ռուսական «Араратская долина» ֆիլմերում: Այս պահին դուդուկահարը գտնվում է Իտալիայում: Իսկ թե ինչ նպատակով է պարոն Դաբաղյանը մեկնել այնտեղ, իմացանք նրա մեկնումից օրեր առաջ` մեր բացառիկ զրույցի ընթացքում:
-Իտալացիների հրավերով դուդուկահարների տրիոյով մեկնում ենք Իտալիա, որտեղ կենտրոնական հրապարակներից մեկում տեղի կունենա մենահամերգ: Այն առաջին անգամ չէ, քանի որ Հռոմում եղել եմ 20-25 անգամ: Անցած տարի նույնպես այնտեղ էի: Հերթական համերգային շրջագայությունն է, հայ մշակութային օրեր են լինելու, եւ հնչելու է մեր ազգային դուդուկը:
-Դրսում լա՞վ են ընդունում հայ երաժիշտներին:
-Կարող եմ իմ մասին ասել՝ բավականին լավ, ինձ հրավիրում են տարբեր համերգային ծրագրերի մասնակցելու, համագործակցելու տվյալ երկրների սիմֆոնիկ օրկեստրների հետ, նաեւ վարպետության դասեր տալու:
-Իսկ շա՞տ է տարբերությունը հայ ու օտարերկրյա հանդիսատեսի միջեւ:
-Կա, հայ հանդիսատեսը սիրում է զվարճալի երաժշտություն, ոչ բոլորի մասին է խոսքը, բայց մեծամասնությունը սիրում է: Իսկ օտար հանդիսատեսն ավելի շատ սիրում է Կոմիտաս, Սայաթ-Նովա… Հայ հանդիսատեսը նույնպես լսում է մեր մեծերին, բայց խնջույքային երաժշտություն ավելի շատ են նախընտրում:
Դրսի հանդիսատեսի համար դուդուկը հայտնություն էր: Մեր ծիրանափողին վերաբերում են խորին հարգանքով, սիրով, նույնիսկ օտարերկրացի երաժիշտներն են ցանկություն հայտնում դուդուկ նվագել սովորել:
-Ձեր խոսքում նշեցիք, որ այստեղի հայ ունկնդիրն ավելի շատ զվարճալի երաժշտություն է նախընտրում: Վիրավորակա՞ն չէ, որ այստեղ իրական արվեստն ամենայն լրջությամբ ու խորությամբ չի գնահատվում, ինչպես դրսում:
-Ցավալի է իհարկե, ու խոսքը միայն դուդուկի մասին չէ, այլ ամբողջ մշակութային դաշտի, որի վիճակը բավականին մտահոգիչ է: Տպավորությունն այնպիսին է, որ ժողովրդին ուզում են դաստիարակել կամ կոպիտ ասած՝ վարժեցնել ռեստորանային երաժշտության շրջանակներում միայն: Այս մասին այնքան են խոսել, որ էլ չեմ ուզում որեւէ բան ասել: Ամեն ժանր էլ թող լինի, բայց ամեն մեկն իր տեղում լինի. ռեստորանային երաժշտությունն ու քեֆի երաժշտությունն իր հարթակի վրա, բեմի երաժշտությունն իր տեղում, բայց երբ աջաբսանդալ է դառնում, մեղմ ասած, լավ չէ:
-Ասում եք՝ ամեն ինչ իր տեղում լինի, բայց եթերից հնչում է ռեստորանային երաժշտությունը, այն դեպքում, երբ բարձրարժեք երաժիշտներն անգամ րոպե չունեն հեռուստատեսությամբ ելույթ ունենալու համար:
-Ուզում եմ, որ հեռուստատեսային նշաձողն առհասարակ բարձր լինի բոլոր ոլորտներում՝ թե՛ ֆիլմերի, թե՛ «օդնոռազովի» սերիալների հարցում, երբ առավոտը նկարում են, երեկոյան ցույց տալիս: Այդ անկապ տուրուդմփոցներն ու փողոցային ժարգոնն էլ հեռուստատեսությամբ չցուցադրվի: Ես դեմ եմ, երբ սերմանում են վախ, գռեհկություն, դաժանություն ու անճաշակություն: Մեր երեխաները պետք է իմանան՝ ով է Մաշտոցը, իսկ որ չգիտեն, իրենց մեղքով չէ: Ինչ տեսնում են, դա են սովորում:
-Դուք միայն բեմո՞ւմ եք հանդես գալիս, թե՞ ժամանակ է եղել, երբ նաեւ ռեստորաններում եք աշխատել:
-Ես երբեք ռեստորանում չեմ աշխատել:
-Կարի՞ք չի եղել, թե՞…
-Ավելի շատ սկզբունքի հարց է: Ես ոչինչ չեմ ասում նրանց, ովքեր ռեստորաններում աշխատելով են վաստակում, դա նորմալ է: Բայց նեղվում եմ, երբ դուդուկը դարձնում են կոմերցիոն երեւույթ, ուրիշ շերտեր են ներառում, որն այդքան էլ ցանկալի չէ: Որպես դուդուկի հայրենիք՝ պետք է փորձենք դուդուկն անաղարտ պահել, որովհետեւ դրանով ենք ուժեղ, ու դրանով է դուդուկը ճանաչվել:
Հ.Գ. Գեւորգ Դաբաղյանի նախաձեռնությամբ Գավառում կստեղծվի մասնագիտացված երաժշտական դուդուկի դպրոց, որտեղ դպրոցահասակ երեխաները հնարավորություն կունենան անվճար սովորել դուդուկ նվագել:
Սեպտեմբերից էլ կմեկնարկի դուդուկի փառատոն, որի գեղարվեստական ղեկավարը կլինի Գեւորգ Դաբաղյանը: Փառատոնի շրջանակներում ելույթ կունենան մասնավորապես հայ դուդուկահարներ, սակայն չի բացառվում, որ մի քանիսն:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս