ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՆՁՆԵԼ Է ԱՆԾԱՆՈԹՆԵՐԻՆ
Բլագովեշչենսկում ոստիկանները ձերբակալել են դայակին, որը 1,5 տարեկան երեխային հանձնել է անծանոթներին` ձանձրանալով նրան խնամելուց: Կնոջը` ոչ սթափ վիճակում ու երեխային գրկած, նկատել են փողոցում: Օպերատիվ խմբի ժամանման պահին կինն արդեն երեխային հանձնել էր անցորդներին, նստել տաքսի ու հեռացել անհայտ ուղղությամբ: Հաջորդ օրը դայակը բերման է ենթարկվել ոստիկանության բաժանմունք: Նա պատմել է, որ երեխայի հետ ոչ մի կապ չունի, ու փոքրիկի մայրն իր տվյալները գտել է համացանցում: Պարզվել է, որ երեխայի մայրը դայակին վարձել էր երկու օրով գործուղման մեկնելու համար:

ԿՈՒԼ Է ՏՎԵԼ  
Երեքմետրանոց ալիգատորը հարձակվել է գետում լողացող դեռահասի վրա եւ կուլ տվել թեւի մի մասը: Տղայի ընկերների խոսքերով` երբ կենդանին հարձակվել է նրա վրա, նա մեկնել է ձեռքը՝ պաշտպանվելու համար: Ալիգատորը բռնել է ձեռքը եւ սկսել է զոհին քաշել դեպի գետի հատակ: Նրանք կարողացել են ալիգատորին բռնել եւ սպանել, իսկ ձեռքը հանել են նրա միջից եւ տարել հիվանդանոց, որպեսզի պարզեն, թե բժիշկները կարող են այն կարել թեւին: Ֆորտ-Մայերս քաղաքի բժիշկները չեն կարողացել կարել եձեռքը, սակայն տղայի ընկերների խոսքերով՝ նա ուրախ է, որ ողջ է մնացել:

ՄԱՀԱՑԵԼ ԵՆ ԾԱՐԱՎԻՑ
Լիբիայից Իտալիա մեկնող անօրինական 54 ներգաղթյալներից 53-ը մահացել են Միջերկրական ծովում ծարավից: Այդ մասին պատմել է միակ ողջ մնացած մարդը, որը ստիպված է եղել ծովի ջուր խմել: 15 օր տեւած նավարկությունն ավարտվել է Թունիսի ափերի մոտ: Ներգաղթյալներին արգելված է եղել իրենց հետ շշերով ջուր վերցնել: Փչովի նավակը վնասվածք է ստացել, իսկ միակ փրկվածը կառչած է մնացել նավակի մնացորդներից այնքան ժամանակ, մինչեւ նրան գտել են ձկնորսները:

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
Կիեւում ձերբակալել են հայ 24-ամյա Միխայիլ Հակոբյանին: Վերջինս փողոցում 13-14 տարեկան աղջիկներից խլում էր նրանց զարդերը եւ բջջային հեռախոսները, այնուհետեւ բռնաբարում եւ սպանում էր նրանց: Երկար ժամանակ նա ապրել էր Լվովում, սակայն ձերբակալվել է գողության համար եւ փաստաթուղթ է ստորագրել երկրից դուրս չգալու մասին: Հակոբյանը բնակարաններ է վարձել Խարկովում, Տրոյեշինում, այնուհետ՝ Սվյատոշինսկում:

ՀԱՐՍԱՆԻՔԻՑ ԱՌԱՋ
Չելյաբինսկում նորապսակների հարազատները հարսանեկան արարողությունից մի քանի ժամ առաջ շնչահեղձ են եղել 9-մետրանոց ջրհորում: Նրանցից մեկը ջրհորից ջուր հանելու ժամանակ ընկել է ջրհորը եւ խեղդվել: 2 տղամարդ փորձել են օգնել նրան, սակայն նրանք նույնպես խեղդվել են թթվածնի պակասի պատճառով: Հարսանիքի նախապատրաստությունն ավարտվել է 3 մարդու մահով: Մահվան փաստի առթիվ ստուգումներ են իրականացվում:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս