Գյումրիի տարբեր վաճառակետերի աշխատակցներ այսօր 10:30-ից հավաքվել են քաղաքապետարանի առջև` իրենց բողոքն արտահայտելու հետաձգված, բայց փետրվարի 1-ից դարձյալ գործածության մեջ մտնող շրջանառության հարկի մասին օրենքում կատարված փոփոխությունների դեմ:
Գյումրիի մեր թղթակիցը հայտնում է, որ շուրջ 150 առևտրականներ փակել են շուկայից քաղաքապետարան գնացող ճանապարհը: Ոստիկանները փորձել են խոչնդոտել ցուցարարների գործունեությունը, սակայն, ապարդյուն: Ցուցարարները պահանջել են Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ հանդիպում, ինչպես նաև իրենց պահանջին պատշաճ արձագանք: Փոխքաղաապետ Ռուբիկ Սանոյանը հանդիպել է ցուցարարների հետ և խոստացել իրենց պահանջը փոխանցել պատկան մարմիններին:
Ցուցարարները պահանջել են նաև Գյումրին ներկայացնող ԱԺ պատգամավորների միջամտությունը այս հարցում:
Գյումրիի մեր թղթակցի հաղորդմամբ` քաղաքապետարանի աշխատակիցները ցուցարաներին հորդորել են սպասել մինչ Երևանից կժամանեն հարկային տեսչության պատասխանատուները, ովքեր կփորձեն ցուցարարներին հուզող բոլոր հարցերի պատասխանները տալ:
Հիշեցնենք, որ Երևանում տարբեր տոնավաճառների աշխատակիցներ վաղ առավոտից կրկին հավաքվել են Կառավարության շենքի առջև՝ իրենց բողոքն արտահայտելու հետաձգված, բայց փետրվարի 1-ից դարձյալ գործածության մեջ մտնող շրջանառության հարկի մասին օրենքում կատարված փոփոխությունների դեմ: