ՀԱՐՑ. Վերջերս «Երեւան սիթի» խանութների ցանցի Զեյթունի մասնաճյուղից գնել եմ ձուկ եւ փորի միջից քարեր եմ հայտնաբերել: Ենթադրում եմ, որ ձկներին քարերով կերակրել են քաշ ապահովելու համար: Արդյոք այս արարքը ենթադրում է որեւէ պատասխանատվություն, եւ ո՞վ ու ինչպե՞ս պետք է պատասխան տա:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ես կարծում եմ, որ այս դեպքը լուրջ չէ, դա կասկածամտություն է: Մենք վստահ չենք կարող լինել, թե ձուկն ինքն է կերել քարերը: Իհարկե լավ է, երբ մարդ հետաքրքրվում է, բայց դա ռեալ չէ, մի քիչ ծայրահեղ է: Մարդու հնարամտությունը սահման չունի: Չի բացառվում, որ այդպիսի բան անեն, որ քարեր լցնեն կոկորդը, բայց կրկնում եմ՝ դա ռեալ չէ. քանի՞ ձկան կարող են ստիպել, որ քարեր ուտի: Բնության օրենքները հնարավոր չէ շրջանցել: Քարերը հնարավոր է ձկան կոկորդի մեջ խցկել, բայց ոչ համոզել, որ ուտի դրանք: Ենթադրենք, որ շատ հնարամիտ մեկն այդպիսի բան է արել, բայց դա՝ որպես քաշի ավելացման մեթոդ, խելքին այնքան էլ մոտ չէ: Կարող ենք ասել նաեւ, որ ձուկը քար ուտելու պահանջ է զգացել: Սա ծայրահեղ դեպք է: Չարամիտ ինչ-որ մեկը կարող էր այսպիսի բան անել, բայց սա չի կարող լինել մասսայական մեթոդ: Քաշ ավելացնելու շատ այլ մեթոդներ կան:
կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամեն դեպքում, տեղի ունեցածը ձեռնտու է սուպերմարկետին: Քարից ծանր որեւէ նյութ դժվար է գտնել վաճառվող կենդանու քաշն ավելացնելու համար: Մեր ընթերցողներն էլ կվկայեն, որ բազմիցս են քարեր հայտնաբերել սուրճի եւ ընդեղենի տուփերում: Այս դեպքում էլ նշվում է, թե տեղափոխվող պարկերը քարերով են «հագեցել», ու այդքանը զտել հնարավոր չէ: