ՀԱՐՑ. Ես Եղեգնաձորի պատվավոր քաղաքացի եմ եւ վաստակավոր ուսուցիչ: Ուզում եմ իմանալ՝ ինչ արտոնություններ է տալիս վաստակավոր ուսուցիչ լինելը: Խնդրում եմ մանրամասն թվարկել:
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարությանը հասցեագրված Ձեր հարցմանն ի պատասխան՝ հայտնում ենք, որ 2004 թվականի հունիսի 11-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ «Վաստակավոր մանկավարժ» պատվավոր կոչումն աշխատանքային տարիների ակնառու հաջողությունների եւ բացառիկ ավանդի համար անձին տրվող կոչում է:
Այն անհատին տալիս է համընդհանուր ճանաչում եւ նրա վաստակի միայն բարոյական գնահատականն է: Օրենքն այլ արտոնություններ չի նախատեսում:
Մհեր Ղազարյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Վաստակավոր ուսուցչի կոչում ունեցող մեր հայրենակիցները շատ չեն: Իհարկե, նման մարդկանց պատիվ է բերում, որ բացի հասարակական գնահատականից, իրենց աշխատանքը նաեւ որոշակի կոչումով է ի մի բերվում: Այսուհանդերձ, ցանկալի կլիներ, որ իրենց աշխատանքային գործունեության ընթացքում աչքի ընկած մեր հայրենակիցները նաեւ ամենամսյա դրամական խրախուսանքի արժանանային: