Անձամբ եղել եմ ռուսական ռազմաբազայում և տեսել եմ այդ ստահակին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպես խոսեց ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը՝ խոսելով Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի մասին:
Տպավորությունն այնպիսին էր, որ փոխոստիկանապետը միանշանակ համոզված է, որ մարդասպանը ռուս ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովն է, թեպետ գործը դեռ նախաքննության փուլում է:
Ավելին, ոստիկանության գեներալ-լեյտենանտը նշեց, թե չի էլ ուզում նույնիսկ ասել, թե ինչ տպավորություն է ստացել. «Մենք հնարավորություն ենք ունեցել զրուցելու այդ ստահակի հետ: Պահանջել ենք իրեն հանձնել, բայց դա մեր պահանջելու հարցը չէ, իրավական հարցեր են»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ դռան անցքի՞ց եք տեսել, թե՞ նորմալ տեսել եք, Հունան Պողոսյանը պատասխանեց, որ դռան անցքից տեսել են ակտիվիստն ու պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, ինքը նորմալ տեսել է:
«Նրան հարցեր չեմ տվել, դրա կարիքը չկար, որովհետև նա այն վիճակում չէր: Մի խղճուկ, չեմ ամաչի այս բառն ասել՝ վիժվածք, տականք, ստահակ, ոչնչություն»,- այսպես խոսեց Հունան Պողոսյանը մեղադրյալի մասին, իսկ հարցին՝ ինչո՞ւ եք խախտում անմեղության կանխավարկածը, պատասխանեց. «Ես բնութագրեցի շատ անկեղծ, չասացի իրեն հանցագործ, չեմ խախտում անմեղության կանխավարկածը»:
Իսկ հարցին՝ ճի՞շտ է, որ Պերմյակովը եղել է թմրամիջոցների ալկոհոլի ազդեցության տակ, որովհետև փաստաբան Թամարա Յայլոյանն ավելի վաղ ասել էր, թե Պերմյակովը հոգնած էր, անընդհատ քնել էր ուզում, տարօրինակ վիճակում էր, փոխոստիկանապետն ասաց, որ չափիչ սարք չի ունեցել և չգիտի՝ թմրամիջոցների ազդեցության տակ եղել է, թե՝ ոչ: Պերմյակովի գլուխը մշտապես կախված է եղել: