Չնայած, որ Ավետիսյանների դուստրը՝ Լուսինեն, գտնվում է հոգեբանական ծանր վիճակում, այնուամենայնիվ, այսօր նա իր ամուսնու հետ հանդիպեց Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում ասաց ինքը Լուսինեն:
Նշենք, որ մինչ այդ քաղաքապետի կողմից հոգեբանի ծառայություն էր տրամադրվել Ավետիսյանների հարազատներին: Հայտնի դարձավ, որ սպանված ընտանիքի ամենակրտսեր անդամի ՝ վեցամսյա Սերյոժայի անունով բացված հաշվեհամարին եղած գումարը, որը գոյացել էր քաղաքապետի 3 ամսվա աշխատավարձից և մի շարք քաղաքացիների հանգանակությունից, կհատկացվի Ավետիսյանների գերեզմանաշինությանը:
Ավելացնենք, որ հաշվեհամարն այս պահին արդեն փակված է: Քաղաքապետը, սակայն, տեղեկացրեց, որ շարունակում է զանգեր ստանալ սփյուռքից, և բազմաթիվ մարդիկ ցանկություն են հայտնում գումար փոխանցել:
Արևիկ Հակոբյան
Գյումրի