Ադրբեջանի կառավարությունը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ ավելի վաղ ստորագրված՝ Բաքվում նոր դեսպանատան կառուցման մասին պայմանագրից: Սա տեղի է ունեցել Վաշինգտոնի կողմից 2013թ. Ադրբեջանում անցկացված ընտրությունները քննադատելու պատճառով: Այս մասին գրում է ադրբեջանական Turan կայքը` հղում կատարելով սեփական իրազեկ աղբյուրներին:
Դրանից հետո ԱՄՆ-ի պետաքրտուղար Ջոն Քերրին 2014թ. փետրվար ամսին նամակ է ուղարկել Իլհամ Ալիևին` համագործակցության կոչ անելով:
Գործակալությունը նշում է, որ դեսպանատան նոր շենք կառուցելու անհրաժեշտությունը վաղուց է առկա: Ներկայումս շահագործվող 100-ամյա շենքը չի համապատասխանում անհրաժեշտ պահանջներին ու չափազանց փոքր է:
«Ադրբեջանի կառավարությունը բազմիցս խափանել է նոր շենք ունենալու դեսպանատան ջանքերը», – ասվում է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի՝ 2014 թվականի մարտ-ապրիլ ամիսների զեկույցում:
Միևնույն ժամանակ, Պետդեպարտամենտի զեկույցում նշվում է, որ չնայած «անհանգստացնող միտումներին ու քաղաքացիական հասարակության ճնշմանը»՝ Ադրբեջանը մնում է տարածաշրջանում ԱՄՆ-ի կարևոր գործընկեր: