“Դուք ուզում էիք ես Վահե Ավետյանի օ՞րը ընկնեի, օլիգարխների հետ չեն վիճում”,- այսօր ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչու համաձայնեց իր պատգամավորության մանդատը վայր դնել։
Նա նշեց, որ իրեն “քցել են”, քանի որ “եկել են երեք ուժեր նստել, իրար հետ դզվել են, իսկ երեք քրեական գործեր թողել իր վրա”. “Գագիկ Ծառուկյանի հետ քաղաքական պայմանավորվածություն է եղել, իրեն առաջարկել է ընդգրկվել ցուցակում որպես անկուսակցական, ասվել է, որ խորհրդարանում հնարավորություն է ունենալու ղեկավարել Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովը”:
Հմայակ Հովհաննիսյանը գոհ է “Բարգավաճ Հայաստան” կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանից, ով “իրեն լավություն արեց” և պարտադրեց հրաժարվել մանդատից: Հմայակ Հովհաննիսյանը նաեւ նշեց, որ ինքը չի կարող ԲՀԿ-ական պատգամավոր, կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանի հետ լինել մեկ թիմում, քանի որ նա կրակել է իրավապաշտպան Միքայել Դանիելյանի վրա եւ քաղաքագետի համար նա Նաիրի Հունանյանից չի տարբերվում:
Ըստ նրա՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ միասնական շտաբի գործունեությունը որեւէ առնչություն չունի նախագահական ընտրություններում միասնական թեկնածուի փնտրտուքի հետ, նման հարց այդ շրջանակներում չի քննարկվել: