Երեկ Ստրասբուրգում մեկնարկեց ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, որը կշարունակվի մինչև հունվարի 30-ը: Նստաշրջանի օրակարգում Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություններն էին, Ուկրաինայում տիրող իրավիճակն ու խոսքի ազատության պաշտպանությունը Եվրոպայում:
Ըստ ադրբեջանական haqqin.az-ի՝ ներկայացված բանաձևի նախագծում անդրադարձ կա նաև Ադրբեջանում մամուլի ազատության իրավիճակին: Մի շարք եվրոպացի պատգամավորներ, մասնավորապես` սոցիալիստների առաջնորդ Ադրեաս Գրոսսը, բարձրացրել է Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցը: Վերջինս առաջարկել է նստաշրջանի օրակարգ մտցնել Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ զեկույցների համակարգը վերստեղծելու հարցը:
Մինչ այդ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը, ինչպես և կարելի էր ակնկալել, ԵԽԽՎ ամբիոնից բարձրացրել է դիվերսիոն գործողություն իրականացրած Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հարցը` ԵԽԽՎ անդամներից պահանջելով բողոքի նոտա հղել ընդդեմ Հայաստանի: Սակայն ադրբեջանի պատվիրակության ոգեշունչ ու բոցավառ ելույթին միանգամայն անտարբեր ու չոր պատասխան է տվել Բելգիայի ԱԳ նախարարը: Վերջինս իր խոսքում նշել է, որ ԵԽԽՎ նախարարների խորհրդում այդ հարցի շուրջ մտահոգություն կամ ակտիվություն չի նկատել, սակայն մակերերսային կերպով նշել է, որ կփորձի պարզել իրավիճակը մինչ Հայաստան իր այցը: