Թուրք հայտնի քաղաքագետ, մտավորական, «Radikal» պարբերականի սյունակագիր Բասքըն Օրանը թերթի իր սյունակում քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Թուրքիա հրավիրելու համար:
«Գետինը պետք է մտնեք: Լավ, այդ մարդկանց ցավերը չտեսնելու ենք տալիս, գոնե չծաղրենք»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ Չանաքքալեին (Գալիպոլի ճակատամարտ) նվիրված միջոցառումն ամեն տարի տեղի էր ունենում մարտի 18-ին:
Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ թուրքական մտավորականության շարքերում քիչ չեն այնպիսիք, ովքեր իշխանությունների հասցեին պատվիրված քննադատությամբ են հանդես գալիս:
«Բասքըն Օրանի այս քայլը կարող է տարբեր մեկնաբանությունների արժանանալ: Նա Սերժ Սարգսյանին ուղարկված հրավերը համարել է խիստ ամոթալի քայլ: Սա այն դեպքերից է, երբ մտավորականին թույլ է տրվել բացահայտ կոպիտ ձևով քննադատել իշխանություններին»,- ասաց թուրքագետը՝ հավելելով. «Հարկ է նշել, որ մենք Բասքըն Օրանի կերպարը պիտի ավելի շատ վերլուծության ենթարկենք նրա ընդհանուր գործունեության համատեքստում, իսկ երբ այդ համատեքստում նայում ենք, տեսնում ենք, որ Օրանը շատ հաճախ թուրքական պետական քարոզչության կամ գաղափարախոսության որոշակի մասն է կազմում, և նրա տեսակետները շատ հաճախ համընկնում են թուրքական պաշտոնական թեզին»:
Ռուբեն Մելքոնյանն իր խոսքում անդրադարձ կատարեց նաև թուրք մտավորական Բասքըն Օրանի դստեր ծավալած գործունեությանը, որը բացահայտ հակասական միտումներ է առաջ բերում նրա հոր կողմից արված վերջին հայտարարության հետ:
«Օրանի աղջիկն աչքի է ընկնում Հայոց ցեղասպանության ժխտմամբ: Նա պայքարում է ցեղասպանության միջազգայնորեն ճանաչման դեմ: Բազմաթիվ քայլեր է արել՝ իբրև թե, ապացուցելու, որ Հայոց ցեղասպանությունը չի եղել: Տարբեր գիտաժողովներում նրա ելույթները, ինչպես նաև՝ կեղծ փաստաթղթեր երևան հանելը դրա վառ ապացույցն են»,- նշեց Ռուբեն Մելքոնյանը:
Վերջինիս կարծիքով՝ Բասքըն Օրանը խիստ հակասական կերպար է, բայց, ինչպես նշում է թուրքագետը, այս հայտարարությունն ավելի շատ կարելի է դիտարկել անկեղծ հարթության մեջ:
«Ամեն դեպքում, Բասքըն Օրանն ընդդիմադիր մտավորականի իմիջ պահելու խնդիր էլ ունի, ինպես նաև՝ իմիտացիա ստեղծելու՝ իբրև թե, երկրում բազմակարծություն է»,- եզրափակեց թուրքագետը:
Լուսինե Հակոբյան