Բեգլարյանը կրիմինալ աշխարհի հետ կապեր ունի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շարունակելով ընթերցողի ուշադրությանը ներկայացնել ԱՄՆ դիվանագիտական արխիվի՝ Հայաստանին առնչվող փաստաթղթերը՝ այսօր կանդրադառնանք Երեւանի ավագանու 2009թ. ընտրություններին առնչվող մի հետաքրքիր զեկուցագրի:

Այն հեղինակել է ՀՀ-ում ԱՄՆ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը վերոհիշյալ քվեարկությանը նախորդող օրերին:

Փաստաթուղթը հատկապես ուշագրավ է այն առումով, որ դեսպանը դիտարկում է նախընտրական դրությունը, համադրում իշխանության ճամբարից ստացված տեղեկությունները եւ ճշգրտորեն ներկայացնում ընտրություններում ակնկալվող պատկերը: Հատկանշական է, որ դիվանագետը նաեւ ընդգծում է իշխանությունների կողմից կեղծիքներ իրականացնելու հավանականությունը՝ դրանք համարելով ընտրությունների ինստիտուտը հիմնավորապես ոչնչացնող պրակտիկա:

Այսպես՝ հեղինակը նախ եւ առաջ փաստում է ընտրությունների կարեւորությունը՝ որպես քաղաքային առաջին ընտրություններ, որոնց հանդեպ, սակայն, քաղաքացիները խիստ անտարբեր կեցվածք են պահպանում:

 

Դիվանագետն ի սկզբանե հռչակում է, որ քաղաքական այս խաղերին քաջատեղյակ շրջանակներից ստացված տեղեկությունների համաձայն՝ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն կիսելու են առաջին երկու տեղերը, իսկ ՀԱԿ-ը կլինի երրորդ հորիզոնականում:

Հիշեցնենք, որ 2009թ. մայիսի 31-ին կայացած քվեարկության արդյունքները հենց այս պատկերով հրապարակվեցին ԿԸՀ կողմից: Յովանովիչը հայտնում է, որ ՀՀԿ ներկայացուցիչ Գագիկ Բեգլարյանն էլ կդառնա քաղաքապետ, քանի որ «հայկական յուրաքանչյուր ընտրության մեջ մեծ դեր ունեն լայնամասշտաբ կեղծիքներն ու ստորին օղակներում ծավալվող բռնությունները քվեարկության վայրերում»:

Նախկին դեսպանը նկատում է, որ ՀՀԿ-ի գերխնդիրը Տեր-Պետրոսյանի ՀԱԿ-ին մեծաթիվ ձայներից հեռու պահելն է: Դրան զուգահեռ՝ հարկավոր է ապահովել թիկունքը, քանզի ԲՀԿ-ն էլ ակնհայտորեն լուրջ է մոտեցել ընտրարշավին՝ հանձին Ծառուկյանի ընդգծված մասնակցության:

Ի դեպ, Յովանովիչը հավելում է, որ երեւանյան շրջանակներում Ծառուկյանն ընկալվում է որպես գյուղացի մարդ, ով իր կողմն է գրավում ֆինանսական դժվարություններ ունեցող եւ աշխատանքը կորցրած բնակչությանը: Դիվանագետը պնդում է, որ «2008թ.-ին սկսված ֆինանսական ճգնաժամի ժամանակ Ծառուկյանի՝ մարդկանց աշխատանքը չկորցնելու հարցում ցուցաբերած օժանդակությունն ու քաղաքական նպատակներ ունեցող բարեգործությունը գրավում է մարդկանց»:

ԲՀԿ-ին այս հարցում համեմատելով ՀՀԿ-ի հետ՝ դեսպանը եզրակացնում է, որ Բեգլարյանն առավելապես հայտնի չէ եւ «երկու անգամ ընտրվելով Կենտրոնի թաղապետ՝ հռչակված է կրիմինալ աշխարհի հետ կապերի ու կեղծիքներով լի արշավների համար»:

Մանրամասները` օրաթերթի այսօրվա համարում:

 




Լրահոս