Կստեղծվեն քիշմիշ խաղողի այգիներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հայկական բերքի առաջմղման կենտրոն”-ը Հայաստանում խաղողի քիշմիշային տեսակների ինտենսիվ այգիների ստեղծման պիլոտային ծրագիր է մշակում: Ծրագրի հեռահար նպատակն է 5-7 տարիների ընթացքում հանրապետությունում մինչև 5 հազար հա քիշմիշային խաղողի այգիների հիմնումը և արտերկրի շուկաներում մեծ պահանջարկ ունեցող բարձրարժեք հայկական քիշմիշային խաղողի արտահանման ծավալների ընդլայնումը: Քիշմիշային տեսակների ընտրությունը պայմանավորված է նրանց ունիվերսալությամբ. դրանք կարող են արտահանվել որպես բարձրարժեք սեղանի խաղող և հումք ծառայել բարձրորակ չամիչի և գինու արտադրության համար: Հողային և հիդրոպոնիկ եղանակներով արմատակալների ստացման համար մաքրասորտ այգիներից գարնանը մթերվել են 400 հազարից ավելի խաղողի մաքրասորտ քիշմիշային տեսակների կտրոններ: Պետական ագրարային համալսարանի Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոնի Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի փորձարարական տնտեսությունում և Հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի տարածքում հիմնվել են շուրջ 3,1 հա տնկարաններ: “In vitro” եղանակով տնկանյութի ստացման աշխատանքներ են իրականացվում Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոնում: Ծրագրի շրջանակներում կատարվում են նաև խաղողի քիշմիշային տեսակների ապրոբացիոն, սելեկցիոն և գենետիկական նույնականացման ու անձնագրավորման աշխատանքներ: Այս տարվա աշնանը տնկարաններից կստացվի 200-250 հազար բարձր որակի մաքրասորտ արմատակալներ: Ստացված արմատակալներով աշնանը և հաջորդ տարվա գարնանը կհիմնվեն 80-100 հա այգիներ, այդ թվում`10 հա մայրուտային այգի:




Լրահոս