Արդեն գրեթե անխուսափելի է, որ կբարձրանա Հայաստանին մատակարարվող գազի սակագինը: Ըստ նախնական տարբերակի՝ ՀՀ մատակարարվող 1000 խմ գազի դիմաց այսօր վճարվող 180 դոլարը հոկտեմբերին “Գազպրոմ”-ը կդարձնի 280, իսկ հունվարից՝ 320 դոլար: Ու արդեն պատկերացնել կարելի է, թե ինչ սոցիալական ցնցումների կհանգեցնի այս իրողությունը:
ՀԱՐՑ. Ձեր կարծիքով՝ ի՞նչ պիտի անի ՀՀ կառավարությունը, որպեսզի Հայաստանին մատակարարվող գազի գինը չբարձրանա, եւ ընդհանրապես, ի՞նչ հետեւանքներ այն կարող է ունենալ:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ինձ համար ավելի ճիշտ կլինի խոսել հետեւանքներից, քան թե ինչ կանի կառավարությունը: Ես չգիտեմ՝ ինչ պետք է անի կառավարությունը, եւ առանձնապես չեմ էլ սպասում, որ կառավարությունն ինչ-որ բան կանի եւ, առահասարակ, սակագին կիջեցնի: Ուզում ես՝ գլուխդ պատով տուր, եթե մի բան մեզ մոտ ֆիքսվում է, էլ ոչինչ անել չես կարող: Մեկ է, այդ սակագինը մեզ համար ճակատագրական խնդիր է դառնալու: Ի՞նչ հետեւանքներ կլինեն. մարդիկ կմրսեն, հիվանդություններ առաջ կգան: Հասարակությունն ավելի անհանգիստ կապրի, արտագաղթի ծավալը էլ ավելի կսաստկանա, բոլոր խնդիրներն ավելի կընդլայնվեն, էլ չեմ ասում սոցիալական, քաղաքական վիճակի սրացման մասին:
ԱՇՈՏ ԱԴԱՄՅԱՆ
դերասան
ՊԱՏԱՍԽԱՆ. Գիտեք, գազն իր էությամբ տնտեսության մեջ մեծ նշանակություն ունի, քանի որ այստեղ միայն ազգաբնակչության խնդիրը չէ: Գազի թանկացման հետ կթանկանան առաջին սպասարկման սակագները, սննդամթերքը, նաեւ երթուղայինները: Հայաստանի համար առանց այն էլ գազը թանկ է, եւ դրա թանկացումով մեր տնտեսությունը լուրջ խնդիրներ կունենա: Կառավարությունն ի՞նչ պետք է անի. դե իհարկե ամեն ինչ պետք է անի, որ չթանկանա, իրենց փոխարեն չեմ կարող ասել, իրենց խնդիրն է: Պետք է հեռանկարային ծրագրեր ունենան. եթե թանկանում է, ինչպես են դիմակայելու: Ընդհանուր առմամբ բարդ հարց է միջպետական հարաբերություններում այս հարցի շուրջ խոսել:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ
ՊԱՏԱՍԽԱՆ. Ո՞վ է ասում դա: Այդ տեղեկությունները հիմնավոր չեն: Դուք ասում եք՝ անխուսափելի է, ես էլ Ձեզ ասում եմ՝ հիմնավոր չէ: Դուք ինձ հասկացա՞ք: Շնորհակալություն:
ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ
ԱԺ ֆինանսավարկային մշտական
հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական
Հ.Գ. Այս հարցով դիմեցինք նաեւ երգչուհի Նունե Եսայանին, որը, լսելով հարցը, անջատեց հեռախոսը:
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ