Մենք ամբողջությամբ չենք կարող հրապարակել եղածը. Սեյրան Օհանյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ այսօր ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդես է գալիս 2014 թվականն ամփոփող մամուլի ասուլիսով:

Ասուլիսին «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը հարց ուղղեց Ս. Օհանյանին՝ ճի՞շտ է արդյոք ՊՆ մամուլի խոսնակի վարած այն քաղաքականությունը, որ ինտենսիվ աշխատանք չի տանում լրագրողների հետ, ավելին՝ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարում, թե իրեն չզանգահարեն և հետևեն գրառումներին: Լրագրողը նկատեց նաև, որ մենք մշտապես շեշտում ենք այն հանգամանքը, թե Ադրբեջանը թաքցնում է իրականությունը, և ժամանակը չէ՞ արդյոք վերանայելու ՊՆ հասարակայնության հետ կապերի բաժնի կադրերի կարգավիճակը, նախարարը պատասխանեց. «Մենք որևէ բան թաքցնելու միտում չենք ունեցել և չենք ունենալու: Հակառակորդն ամեն ինչ փակում է, որպեսզի հասարակությունը որևէ բան չիմանա: Բայց մեր հասարակությունն ու լրագրողները ցանկանում են, որպեսզի մենք ամեն ինչ հրապարակենք, և դուք իմանաք: Մենք ամբողջությամբ չենք կարող հրապարակել եղածը: Մամլո խոսնակը նորմալ է աշխատում, հանրությանը ճիշտ տեղեկություն է տալիս»:

Հիշեցնենք, որ հունվարի 23-ին հակառակորդը կրկին ակտիվություն էր ցուցաբերում սահմանին, և հայ հասարակության շրջանում լարվածություն էր սկսել: Հստակեցնելու համար, թե քանի զոհ ունի հայկական կողմը, ինչ վիճակ է շփման գծում և քանի այլ հարցերի պատասխաններ ստանալու նպատակով` լրատվամիջոցները, այդ թվում` Armlur.am լրատվական կայքն ու «Ժողովուրդ» օարթերթը, փորձում էին կապ հաստատել ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ:

Վերջինս սակայն ոչ միայն չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին, այլև ֆեյսբուքյան իր էջում գրառումներ էր անում, թե «Հարգելի լրագրողներ հասկանալի պատճառներով ձեր զանգերին պատասխանել չեմ կարող: Խնդրում եմ հետևել պաշտոնական տեղեկություններին և այս գրառումներին, դրանցից զատ այլ նյութեր չտեղադրել: Կրկին սկսվել են սադրիչ ապատեղեկատվությունները, որոնց ուշադրություն մի դարձրեք»:

Սրանից րոպեներ անց մի խումբ լրագրողներ` տարբեր լրատվամիջոցներից հավաքվեցին ԱԳՆ շենքի առջև` իրենց հարցերի պատասխանները փորձելով ստանալ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանից: Այստեղ, ցավոք, ևս պատասխան ստանալ լրագրողներին չհաջողվեց:




Լրահոս