Նախագծում հուշարձանի անվանումն ուղղել` ոչ թե Թռչկանի, այլ Թռչկան ջրվեժ:
Նախագծի 5-րդ կետում տեղադիրքը և աշխարհագրական կոորդինատները թերի են նշված, հարևան համայնքի անվանումը նշված չէ, պետք է նշել, որ Թռչկան ջրվեժը գտվում է Մեծ Պառնի և Շիրակամուտ համայնքների վարչական սահմանագծում, ամբողջությամբ ընդգրկված է ՀՀ Լոռու մարզի Մեծ Պառնի համայնքի վարչական սահմանում, Չիչխան գետի վրա…
Նախագծի 6-րդ կետում նկարագրությունը բաժնում նշված է, որ ջրի շիթի բարձրությունը կազմում է 20-22 մետր: Մեր կարծիքով, ջրվեժի բարձրությունը փաստացի չի չափվել մասնագետի կողմից, այլ գրվել է մոտավոր, իսկ մենք մեր նախաձեռնությամբ ջրվեժի վերևի հատվածից իջեցնելով չափանշված ճոպան պարզել ենք, որ նրա բարձրությունը 23,5-24 մետր է: Առաջարկում ենք կամ ուղղել կամ համապատասխան մասնագետներ ուղարկել և չափել ջրվեժի բարձրությունը ու անձնագրում նշել ճիշտ չափը:
Նախագծի 7-րդ կետում քարտեզ-հատակագծի բաժնում` պահպանման գուտու մակերեսը նշված է մեկ հեկտար (1հա), որը մեր կարծիքով շատ քիչ է, իսկ A հանգուցակետի վայրի ընտրությունը անհասկանալի: Մեր կարծիքով A հանգուցակետը պետք է գտնվի Չիչխան գետի այն կետում, որտեղ կատարվում է Շիրակամուտի ջրանցքի ջրառը, քանի որ գետահովիտի այդ հատվածը ներդաշնակ միասնության մեջ է ջրվեժի հետ ու հիմնականում ծառապատ է և նույնպես ունի պահպանման կարիք: Բացի այդ քարտեզ-սխեմաների մեջ մասշտաբները նշված չեն, որը մեր կարծիքով շատ կարևոր է:
Նախագծի նույն 7-րդ կետում` նշված է Գետիկ գետի անունը որպես Չիչխանի վտակ, սակայն մեզ չհաջողվեց գտնել որևէ տվյալ` այդպիսի անունով վտակի մասին: Հետաքրքիր է, թե որտեղից է վերցված այդ տեղեկությունը:
Առաջարկում ենք նախագծի 7-րդ կետում հանել ,Թռչկանի ջրվեժի շրջակա տարածքներում հանդիպում են սահմանափակ տարածքներով ծառախմբերե նախադասությունը:
Հաշվի առնելով, որ Թռչկան ջրվեժը Հայստանի ամենաբարձր և ամենաջրառատ գահավիժող ջրվեժն է՝ առաջարկում ենք տալ հանրապետական նշանակության բնության հուշարձանի կարգավիճակ, այլ ոչ թե տեղական՝ ինչպես նշված է նախագծի 10-րդ կետում:
Նախագծի 12-րդ կետում առաջարկվող օգտագործման ձևերը նշված են տուրիստական և ռեկրեացիոն նպատակներով: Առաջարկում ենք դրա փոխարեն օգտագործել “էկոզբոսաշրջություն” բառը: Բացի այդ, նշված չէ տվյալ տարածքում էկոզբոսաշրջության զարգացման հնարավորությունները, կանոնները և սահմանափակումները. օրինակ` Թռչկան ջրվեժին մոտեցող արահետների ուղղությունները, որը մեր կարծիքով խիստ կարևոր է և անհրաժեշտ է ներառել սույն հուշարձանի անձնագրում:
Առաջարկում ենք նաև նախագծում նշել նաև, թե Թռչկան ջրվեժը երբ է գրանցվել որպես բնության հուշարձան, որոշման ամսաթիվն ու համարը (ՀՀ կառավարության 14.08.2008թ. “ՀՀ բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին” թիվ 967-Ն որոշմամբ հաստատված հավելվածի ջրագրական հուշարձաններ ցանկի 6-րդ կետ):
Թռչկան ջրվեժի նկարագրությունը շատ աղքատիկ է, ոչ մի խոսք չկա կլիմայի, կենսաբազմազանության, սեյսմիկ և տեկտոնական առանձնահատկությունների մասին, որոնց մասին անպայման պետք է նշված լինի բնության հուշարձան համարվող օբյեկտի անձնագրում:
“Թռչկան” քաղաքացիական նախաձեռնություն