Օրեր առաջ տեղի է ունեցել ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) հեղինակած «Հիշողություն» ֆիլմի փակ ցուցադրությունը, որը նվիրված է Հայոց cեղասպանության 100-ամյա տարելիցին: Համացանցում այն արդեն իսկ բուռն քննադատությունների է արժանացել, և նշվում էր, թե հայերիս համար կարևորագույն թեման այդ ֆիլմում ներկայացված է պարզամիտ սցենարով և ոչ պրոֆեսիոնալ բեմադրությամբ:
Շատերն այս ֆիլմն արտերկրում ցուցադրելը համարեցին ամոթ և խայտառակություն: Armlur.am-ը ֆիլմի ստեղծման, քննադատությունների և արձագանքների մասին զրուցեց Հակոբ Հակոբյանի հետ:
– Պարո՛ն Հակոբյան, «Հիշողություն» ֆիլմի առաջին ցուցադրությունից հետո քննադատություններ հնչեցին, և նույնիսկ ամոթ համարվեց այն արտերկրում ցուցադրելը: Ըստ Ձեզ՝ ո՞րն է պատճառը, և նման արձագանքների սպասո՞ւմ էիք:
– Նախ ասեմ, որ ֆիլմը, բացի մասնագետներից, շատ քիչ մարդիկ են դիտել: Մենք ֆիլմի ցուցադրություն չենք կազմակերպել: Աշխատանքային գործունեություն իրականացնելու ժամանակ հետաքրքիր էր, թե ինչ կարծիքներ կլինեին: Մենք փորձեցինք «պռոբ» անել և տեսնել, թե ինչ կարծիքներ կլինեն:
Ֆիլմը դիտել է 16 մարդ, որից 14-ը ֆիլմից անմիջապես հետո դրական կարծիքներ արտահայտեցին: Նրանցից չորսը կանայք էին, ովքեր շատ էին հուզվել. բոլորն էլ առաջարկներ և գովեստի խոսքեր ուղղեցին:
Մյուս երկուսը ոչ մի կարծիք չարտահայտեցին, ո՛չ խոսեցին մեզ հետ, ո՛չ կարծիք հարցրին, ինչը, սակայն ցանկալի էր: Եթե ազնիվ նկատառումներ ունեին, պետք է ասեին` այս մասը լավ է, այս մասը` վատ: Եվ քանի որ ֆիլմը դեռ ընթացքի մեջ է, մենք կարող էինք հաշվի առնել նրանց առաջարկները: Մեկը ասում է` այս մեկն ասեց, և նա էր մեկ ուրիշի փոխարեն գրում է: Այսինքն՝ մարդիկ ֆիլմը չեն դիտել, սակայն ֆիլմի մասին կարծիք են արտահայտում: Թող ֆիլմը դիտեր և ցանկացած ժամանակ քննադատեր: Եթե մի տղա ասել է, որ ֆիլմն իր դուրը չի եկել, բայց երկու տղա, որը նայել են, գնան ասեն, դուր է եկել, այդ մարդիկ նույն ջանասիրությամբ կգրե՞ն, թե՞ ոչ: Եթե այո, այդ ժամանակ մենք կիմանանք, որ ազնիվ տեսակետներ են հնչել:
– Այսինքն՝ ֆիլմի նկարահանումները դեռ չե՞ն ավարտվել:
– Իհարկե, դեռ չենք ավարտել: Ֆիլմը փետրվարի 10-ին է ցուցադրվելու: Հիմա մենք կինոդահլիճում մասնագետների համար ցուցադրություններ ենք կազմակերպում, որպեսզի մասնագետները թերություններն ուղղեն: Նրանք դեռ աշխատում են, կավարտվեն ամսի 5-ին:
– Ի՞նչ մասնագետների հետ եք համագործակցել ֆիլմը նկարահանելիս:
– Սցենարը գրվել է 10.000 մարդկանց պատմածների հիման վրա: Ցեղասպանության 90-ամյակի կապակցությամբ խաչքար տեղադրելու ժամանակ ես խոստացա, որ Ցեղասպանության մասին ֆիլմ կնկարահանեմ: Հենց այդ ժամանակից սկսեցինք տվյալներ հավաքել, փորձեցինք հանդիպել այն մարդկանց հետ, ովքեր ականատես են եղել, կամ ում ծնողները նրանց պատմել են: Այդ տասը տարիների ընթացքում ամբողջ հավաքածի հիման վրա էլ ստեղծվել է սցենարը: Ուսումնասիրման արդյունքում ծնվեց սցենարը, որի հիման վրա նկարահանել ենք և ուզում ենք ցույց տալ:
– Ֆիլմում նկարահանված դերասանները հեշտությա՞մբ են համաձայնվել նկարահանվել ֆիլմում, որքան գումար են պահանջել:
– Ռեժիսորների համար մրցույթ է հայտարարված եղել, 22-ից ընտրել ենք երկուսին: 17 օպերատորից ընտրել ենք մեկին, դերասանական կազմն ընտրել են մասնագետները:
Առաջին հերթին ուսումնասիրել ենք նախկինում նրանց խաղացած դերերը, նոր՝ փորձել անցկացնել զրույց: Դերասանների համար դա, կարծես, լիներ նրանց կյանքի բացը: Նրանք շատ դերեր են խաղացել, բայց Ցեղասպանության մասին ֆիլմերում չեն նկարահանվել: Իրենք չափից շատ էին մտել դերի մեջ և շատ ժամանակ իրենց իմացածն էին ներդրում և իրենց ցանկացածով էին խաղում:
Երբ խոսքը գնում է Ցեղասպանության մասին, մենք մոռանում ենք գումարները: Այստեղ գումարները նշանակություն չունեն: Օրինակ՝ Արա Գևորգյանն առանց գումարի ամբողջ ֆիլմի երաժշտությունը գրեց և ձևավորեց: Որպես հայեր՝ իրենք պատրաստ են եղել ներկայացվել Ցեղասպանության մասին ֆիլմում: Հիմա էլ շատերն արտերկրից սկսել են կապվել մեզ հետ և ցանկանում են օգնել, որ ֆիլմը նաև դրսում ցուցադրվի:
– Համագործակցության առաջարկներ շա՞տ են եղել:
– Մենք հայտարարություն էինք արել, որ սկսելու ենք նկարահանել Ցեղասպանության մասին ֆիլմ: Այն մարդիկ, որոնց համար թանկ է ֆիլմը, մենք կարող ենք բոլորին լսել, նրանց խորհուրդները լսել: Եվ խնդրեցինք, որ լինեն նման մարդիկ, կհամագործակցենք նրանց հետ: Ցավոք, միայն Արա Գևորգյանից ենք համագործակցության առաջարկ ստացել: Որևիցե անգամ առաջարկներ չեն եղել ուրիշներից:
– Իսկ ինչի՞ հետ եք դա կապում:
– Ամեն մարդ զբաղված է իր բիզնեսով. մի մասը խանդում է, որ իրենց աշխատանքն էր, բայց մենք կատարեցինք: Եթե մարդիկ չեն ուզել, չեն մասնակցել, ո՞վ է մեղավոր: Գայիք, մեզ էլ ասեիք, կլսեինք, վերջում էլ շնորհակալություն կհայտնեինք: Ինձ համար լավ կլիներ, որ գային, համագործակցեին:
– Իսկ իշխանական-պետական սեկտորի անձանց համար ցուցադրություն կազմակերպելո՞ւ եք, և արդյոք համագործակցե՞լ եք նրանց հետ:
– Նրանք նույնպես հայ են, և այս թեման շատ կարևոր է նաև նրանց համար: Առանձին ցուցադրություն չի լինի: Մենք ցուցադրություն կազմակերպելու ենք նրանց համար, ովքեր սրտացավ են մոտեցել հարցին, ովքեր մասնակցություն են ունեցել, իրենց լուման են ներդրել, օգնել են: Միայն այդ մարդկանց համար է կազմակերպվելու, մյուս մարդիկ կարող են գնալ նայել, երբ ցանկանան: Մենք ձևական բաներ չենք անում, սենց ընտրենք քաղաքական էլիտային, բոլորն էլ կարող են նայել:
Նաիրա Հովհաննիսյան