Երեկ տեղի ունեցավ Ավետիսյանների ընտանիքի վերջին ներկայացուցչի` վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի հուղարկավորությունը, եւ այլեւս կարող ենք արձանագրել, որ հանրապետության երկրորդ քաղաքը, իսկ այնուհետեւ ողջ Հայաստանը ցնցած ողբերգության ընթացքում Սերժ Սարգսյանը երբեւէ չայցելեց Գյումրի:
Հունվարի 12-ին՝ օրվա երկրորդ կեսին, երբ մի քանի ժամ էր անցել Գյումրիում տեղի ունեցած ողբերգության լուրի տարածվելուց հետո, նախագահական նստավայրը հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ Սերժ Սարգսյանը հրատապ սելեկտորային խորհրդակցություն էր հրավիրել իրավապահ մարմինների ղեկավարների մասնակցությամբ: Հաջորդ օրերին Գյումրիում կրքերը գնալով լարվեցին, իսկ Սերժ Սարգսյանի ձայնն այդպես էլ չէր լսվում: Նա հունվարի 14-ին չմասնակցեց Ավետիսյանների ընտանիքի վեց անդամների հոգեհանգստին: Հաջորդ օրը հուղարկավորության արարողությանը՝ եւս: Հուղարկավորությունից հետո Գյումրիում կրքերն այն աստիճան լարվեցին, որ բախումներ արձանագրվեցին բողոքի ցույցի մասնակիցների եւ ոստիկանության միջեւ: Սակայն Սերժ Սարգսյանի ձայնն այդպես էլ դուրս չեկավ: Այնպիսի տպավորություն էր, որ նա ինչ-որ տեղ թաքնվել էր: Հունվարի 15-ին նախագահականը հաղորդագրություն տարածեց Սերժ Սարգսյանի եւ Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի հանդիպման մասին: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը Հայաստանում էր, չէր փախել, բայց ինչու ձայն չէր հանում: Ավելի հաճախակի կարելի էր հանդպել հրապարակումների, որոնց հեղինակներն արդարացիորեն պահանջում էին, որ իրեն երկրի ղեկավար հռչակած անձը մի ծպտուն հանի: Սակայն նա շարունակում էր լռել:
Հունվարի 16-ին Սերժ Սարգսյանը մասնակցում է շախմատի ակադեմիայում կազմակերպված Անդրանիկ Մարգարյանի անվան մրցաշարին: Կարծես ոչինչ տեղի չէր ունեցել, եւ երկիրն էլ ապրում է սովորական առօրյա կյանքով: Վեցերորդ օրը երկիրը կաթսայի պես եռում էր, բայց Սերժ Սարգսյանը շարունակում էր սովորական առօրյայով ապրել` դեսպան էր ընդունում, ճանապարհում, Թուրքիայի նախագահին էր նամակ գրում, իսկ երկրի ներսում ընթացող գործընթացների մասին՝ ոչինչ: Հունվարի 18-ին ՌԴ նախագահի գրասենյակը հաղորդագրություն տարածեց Վլադիմիր Պուտինի եւ Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցի մասին, ավելի ուշ համանման հաղորդագրություն տարածեց նաեւ Հայաստանի նախագահականը: Հաջորդ օրը մահացավ Ավետիսյանների ընտանիքի վերջին անդամը` վեցամսյա Սերյոժա Ավետիսյանը: Երեխայի մահվան լուրի տարածվելուց մոտ երկու ժամ անց նախագահականը տարածեց Սերժ Սարգսյանի ցավակցությունը: Թվում էր, թե Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո Սերժ Սարգսյանն ուշքի է եկել եւ սկսել է ընկալել երկրում տեղի ունեցող գործընթացները:
Հունվարի 20-ին լուրեր տարածվեցին, թե իբր Սերժ Սարգսյանը ներկա կլինի վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի հոգեհանգստի արարողությանը: Սակայն նա ո՛չ հոգեհանգստին եւ ո՛չ էլ հուղարկավորության արարողությանը ներկա չեղավ եւ ինչպես ոճրագործությանը հաջորդած առաջին օրերին՝ կրկին «ընդհատակ» անցավ:
Սերժ Սարգսյանի նման պահվածքի վերաբերյալ տարբեր կարծիքներ են հնչել: Հիմնական մոտեցումներից մեկի համաձայն՝ նա քեն է պահել գյումրեցիների նկատմամբ` 2013-ի նախագահական ընտրություններում իր օգտին չքվեարկելու համար, մյուս մոտեցումն էլ այն է, որ նա վախենում է Գյումրի գնալ, քանի որ անհայտ է, թե գյումրեցիներն ինչպես կարձագանքեն նրա ներկայությանը, եւ իրավիճակը կարող է վերահսկողությունից դուրս գալ: Այս երկու մոտեցումները գործնականում մեկը մյուսին լրացնում են: Ոճրագործությանը հաջորդած առաջին օրերին Սերժ Սարգսյանի գործողությունները, իսկ ավելի կոնկրետ՝ անտարբերությունը պայմանավորված են եղել 2013-ի ընտրություններից պահպանած քենով: Այդ իսկ պատճառով էլ նա դեպքից անմիջապես հետո չցավակցեց ու կատարվածը փորձում էր անտարբերության մատնել: Սակայն հետագա զարգացումները ցույց տվեցին, որ նա իր այդ քայլով միմիայն իրեն էր վնասել: Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությանը հաջորդած օրերն ապացուցեցին, որ ոչ միայն գյումրեցիները, այլ նաեւ Հայաստանի բնակչության մեծամասնությանը չի հետաքրքրում՝ Սերժ Սարգսյանը ցավակցել է, թե ոչ: Մարդիկ ապրում են իրենց պատած ողբերգության հետ:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ԴԻՄԵՔ ԼՂՀ-ԻՆ
Երեկ հրավիրված ասուլիսում ադրբեջանցի լրագրողը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին հարցրել է, թե ինչու Ռուսաստանը չի հետաքրքրվում իր քաղաքացու՝ Դիլհամ Ասկերովի ճակատագրով: Խոսքը ԼՂՀ-ի առաջին ատյանի դատարանի կողմից դիվերսիոն գործողություն կատարելու համար ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանական դիվերսանտի մասին է, որը ՌԴ քաղաքացիություն ունի: ՌԴ ԱԳ նախարարը, ի պատասխան լրագրողի հարցին, հայտարարել է. «Նա ձերբակալվել է հայկական կողմից, ուստի այդ հարցը մենք կքննարկենք հայկական կողմի հետ»: Մինչդեռ Ասկերովին ձերբակալել, իսկ հետագայում դատապարտել է Արցախի դատարանը: Թվում է, թե ՌԴ ԱԳ նախարարն այս մասին պետք է իմանար: Ցանակության դեպքում ՌԴ-ն կարող է դիմել ԼՂՀ-ին: Ռուսաստանը եւ ԼՂՀ-ն կարող են երկկողմանի համաձայնագիր կնքել, որի հիման վրա էլ ՌԴ-ն հնարավորություն կունենա իր քաղաքացու համար դիմելու, որպեսզի ադրբեջանական դիվերսանտին ԼՂՀ-ն վերադարձնի իրենց:
ՍՏՈՒԳԵԼ ԵՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին ձերբակալության հաջորդ օրը տարել են Գյումրիի հոսպիտալ: Մեր աղբյուրների հաղորդմամբ՝ Վ. Պերմյակովի ինքնազգացողությունը վատացել է, եւ նրան հոսպիտալ տեղափոխելուց հետո տարբեր ստուգումների են ենթարկել: Ըստ նույն տեղեկությունների՝ Պերմյակովը ծեծված է եղել, ինչի արդյունքում էլ նրա ինքնազգացողությունը վատացել է, եւ ստիպված են եղել նրան հոսպիտալ տեղափոխել: Իսկ ստուգումներից հետո նրան անմիջապես տեղափոխել են հետ` Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազա: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հոսպիտալում աշխատում են նաեւ հայ բժիշկներ, որոնցից շատերը հրաժարվել են Պերմյակովի առողջական խնդիրներով զբաղվել: Ի դեպ, բժիշկներն ընդհանուր ստուգել են նաեւ՝ արդյո՞ք ոճրագործության մեջ մեղադրվող երիտասարդը որեւէ առողջական խնդիր ունի, թե չէ:
ԴԱՏԱՎՈՐԻ ՈՐԴԻ Է
Ինչպես հայտնի է՝ երկու օր առաջ կալանավորվել է ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի անձնագրային բաժանմունքի պետ Արտյոմ Սեդրակյանը, որին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը) եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնական կեղծիք): Քրեական գործը քննում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ կալանավորվածը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախկին դատավոր Իսկուհի Վարդանյանի որդին է: Իսկուհի Վարդանյանը պաշտոնավարել է մինչեւ անցած տարվա հոկտեմբերի 20-ը: Անցած տարի լրացել է նրա 65-ամյակը, եւ նա թոշակի է անցել:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ԱՆԺԱՄԱՆԱԿ
Կյանքից անժամանակ հեռացել է «Անկախ» թերթի եւ www.ankakh.com կայքի սպորտային լրագրող Գագիկ Բեգլարյանը: «Ժողովուրդը» ցավակցում է լրագրողի հարազատներին ծանր կորստի կապակցությամբ:
ԻՍԿ ԱՄՆ-Ն ԻՆՉՊԵՍ Է ԴԱ ԱՆՈՒՄ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոնգրեսում իր ամենամյա ելույթի ժամանակ Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի նկատմամբ ագրեսիայի մեջ: Օբամայի խոսքերով՝ շնորհիվ ԱՄՆ ու իր դաշնակիցների «այժմ Ռուսաստանը շրջափակված է, իսկ նրա տնտեսությունը ծվեն-ծվեն է արված: Մենք այն սկզբունքի կողմնակիցն ենք, որ գերտերությունները չեն կարող հարձակվել փոքր պետությունների վրա՝ դիմադրելով ՌԴ ագրեսիային, աջակցելով ուկրաինական ժողովրդավարությանն ու ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներին երաշխիքներ տալով»,- հայտարարել է Օբաման:
ՀԱՆԴԻՊԵԼ Է
Հունվարի 21-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Շվեդիայի գործերի հավատարմատար Մարտեն Էնբերգի հետ վերջինիս նախաձեռնությամբ: Հանդիպման ընթացքում Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական հնարավոր զարգացումների վերաբերյալ իր մոտեցումները եւ ՀԱԿԿ-ի առաջիկա անելիքները: Առաջին նախագահը նաեւ ներկայացրել է իր մոտեցումները տարածաշրջանային խնդիրների, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարների վերաբերյալ:
ՄԻԱՅՆ ԽԱՂԱՂ
Աշխատանքային այցով Բեռլինում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով: «Մենք նաեւ քննարկել ենք Ղարաբաղյան հակամարտությունը եւ այն ներդրումը, որը կարող է անել Եվրամիությունը դրա կարգավորման համար», – «Արմենպրեսի» փոխանցմամբ` ասել է Մերկելը:
ԻՍԼԱՄԻԶԱՑԻԱ
Ադրբեջանի Նարդարան ավանում երեկ անցկացվել է բողոքի ակցիա ընդդեմ Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակման: Ակցիայի մի քանի հարյուր մասնակիցներն այրել են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իսրայելի եւ Հայաստանի դրոշները: Նրանք դատապարտել են «խաչակրաց արշավանքը իսլամի դեմ» եւ հակաարեւմտյան կարգախոսներ վանկարկել:
ՀԵՐԹԱԿԱՆԸ
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի լրագրող Մարգո Բաֆը հայտնվել է ադրբեջանական հայտնի «սեւ ցուցակում», քանի որ այցելել է Լեռնային Ղարաբաղ: Ըստ պաշտոնական Բաքվի՝ լրագրողը մինչ այդ պետք է թույլտվություն ստանար Ադրբեջանի ԱԳՆ-ից: