«Վիկիլիքսի»՝ հայաստանյան իրադարձություններին առնչվող փաստաթղթերից հերթականը պատմում է Սերժ Սարգսյանի՝ ՀՀ պաշտպանության նախարար եղած տարիների գործունեության մասին: Զեկուցագիրը հեղինակել է ՀՀ-ում ԱՄՆ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Էվանսը 2005թ. սկզբներին: Փաստաթուղթը ներկայացնում է Սարգսյան-Էվանս հանդիպման մանրամասները՝ Իրան-Հայաստան հարաբերությունների, մասնավորապես՝ զենքի առեւտրի հիմնախնդիրը: Հատկանշական է, որ ամերիկյան կողմի հետ հանդիպման նախաձեռնությունը եղել է Սերժ Սարգսյանինը, ով փորձում էր ԱՄՆ-ից Իրանին զենք վաճառելու թույլտվություն ստանալ: Զեկուցագրից այնպիսի տպավորություն է ստացվում, որ Սերժ Սարգսյանի քայլն առաջին հերթին անձնական պատճառներ ուներ՝ ամերիկացիների առաջ վստահելի գործընկեր ներկայանալու իմաստով:
Այսպես՝ Էվանսը հայտնում է, որ 2005թ. հունվարի 11-ին Սարգսյանն իրեն հայտնել է, թե իրանական կողմը դիմել է իրենց՝ հակապաշտպանական հրթիռային համակարգ գնելու խնդրանքով: Խոսքը վերաբերել է «Ս-75» համակարգին, որը Սարգսյանի կողմից բնութագրվել է որպես ժամկետանց, ավելորդ սարքավորում: Նա հավելել է, որ այդ վաճառքը կօգնի հայկական կողմին՝ փակելու ՊՆ-ի բյուջեի պակասորդը: Լրջագույնս կարեւոր հանգամանք է, որ 2005 թվականը «քոչարյանական» հորջորջվող «լավագույն տարիներից» է համարվում: Արդ, նման պարագայում կամ Սերժ Սարգսյանի՝ ՊՆ-ի բյուջեի դեֆիցիտի փաստարկն է կեղծ կամ էլ այդպիսին է իրականում եղել «տաք ու լույս» տարիների երկնիշ տնտեսական աճը: Եթե երկիրը «վագրի թռիչքներով» վեր էր խոյանում, ապա ինչու էին ՀՀ իշխանությունները ռազմական բյուջեի հարցում հույսը դրել, նույն Սարգսյանի բնորոշմամբ, «ժամկետանց» զենքի վաճառքի վրա:
Ի վերջո, հետաքրքիր է, թե ներկայումս Հայաստանի ռազմական բյուջեն արդյո՞ք կրկին կանգնած է նմանօրինակ խնդրի առաջ, երկրի սոցիալ-տնտեսական այս տխուր պատկերը եւ բանակի փոխարեն հատկապես ոստիկանական համակարգին տարեց տարի աճող սնուցմամբ հագեցնելը իրենց բացասական հետքը չե՞ն թողնում ՊՆ-ի բյուջեի վրա:
Ինչեւէ, Սարգսյանն ասել է, որ Հայաստանը գտնվում է աճող ճնշման ներքո, քանզի Իրանը հարաբերությունների ընդլայնում է պահանջում: Ս. Սարգսյանը բացատրել է, որ Վրաստանից ապրանքների ներմուծման դժվարությունների օրերին Իրանն էր Հայաստանի կենսական ուղղությունը: Սարգսյանը նկատել է, որ Իրանի դեսպանն իր հետ հանդիպում է փնտրում գրեթե ամեն 2 շաբաթը մեկ ու այցելություն խնդրում Իրան: Ընթերցողի ուշադրությունը կցանկանայինք հրավիրել գլխավորապես այն հանգամանքի վրա, որ «վիկիլիքսյան» հրապարակումներում Իրանի թեմայի առնչությամբ ականատեսն ենք ՀՀ իշխանական համակարգի գրեթե բոլոր ներկայացուցիչների քամահրական կեցվածքին: Եւ Սերժ Սարգսյանն այս հարցում նույնպես բացառություն չէ:
Սերժ Սարգսյանը պնդել է, որ Հայաստանը շարունակում է աշխատել ԱՄՆ-ի հետ տեռորիզմի դեմ պայքարում եւ զանգվածային ոչնչացման զենքերի տարածումը Իրանի հետ սահմանի երկայնքով սահմանափակելու հարցերում: Հետաքրքիր է՝ ամերիկացինե՞րն են Իրանի սահմանում ծառայություն անցկացնում, թե Սարգսյանը ընդհանրական է արտահայտվել: Այսուհանդերձ, դեսպան Էվանսը շնորհակալություն է հայտնել պոտենցիալ վտանգավոր զենքերի վաճառքի մասին իրենց տեղեկացնելու համար եւ խոստացել խնդրանքը հասցնել Վաշինգտոն:
Իր մեկնաբանության մեջ դիվանագետը մեկնաբանում է, որ Սերժ Սարգսյանի դիմումը ցույց է տալիս նրա միամիտ եւ առնվազն չհիմնավորված լավատեսությունը, սակայն նրա այս քայլը ցույց է տալիս, որ Սարգսյանը գնահատում է ԱՄՆ հետ հարաբերությունները: «Մինչ մենք սպասում ենք Վաշինգտոնի բացասական արձագանքին, պետք է հաշվի առնել, որ այժմ Հայաստանը շատ փոքր հնարավորություններ ունի Իրանի հետ իր հարաբերությունները չզարգացնելու համար»: Էվանսն առաջարկում է հարցին ըմբռնումով մոտենալ եւ անգամ զիջումների գնալ: Նրա համոզմամբ՝ հարկավոր է օժանդակել Հայաստանին՝ պահպանելու թափանցիկությունն իր հարավային հարեւանի հետ հարաբերություններում, որի դեպքում ԱՄՆ-ն «մեկ քայլ առաջ կլինի Հայաստան-Իրանի գրկախառնությունից»:
Մի կողմ թողնելով ամերիկյան քաղաքականության նրբերանգները՝ հարկ է ընդգծել Էվանսի՝ Սերժ Սարգսյանի քայլը «միամիտ ու լավատեսական» որակելը: Կարծում ենք՝ Էվանսն այստեղ ինքն է ընկել իր ծուղակը եւ միամիտ հռչակելով Սարգսյանին՝ դարձել սեփական միամտության զոհը: Անկեղծ լինենք՝ Սերժ Սարգսյանին կարելի է դրական կամ բացասական տարաբնույթ հատկանիշներ վերագրել, սակայն միամտություն՝ երբեք: Առավելապես կռահելի է, որ Սարգսյանը ցանկացել է, ամերիկյան կողմի հետ խորհրդակցելու պատրանք ստեղծելով, լուծել մի շարք խնդիրներ: Հաշվի առնելով այսօր տիրող դրությունը՝ վստահ ենք, որ հատկապես անձնական հարթության մեջ Սարգսյանը միանշանակորեն հաջողեց… «միամտաբար»:
ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՋԵՐՄՈՑԱՏԵՐԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԼՈԼԻԿ ԱՐՏԱՀԱՆԵԼ
ՀՀ մի շարք ջերմոցատերեր այս օրերին սպասողական վիճակում են: Նրանք հույս ունեն, որ ռուբլու փոխարժեքի տատանումները կկարգավորվեն, որից հետո իրենց կհաջողվի լոլիկ արտահանել Ռուսաստանի Դաշնություն:
Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ ջերմոցային տնտեսությունների ասոցացիայի նախագահ Պողոս Գեւորգյանի հետ:
-Այս պահին ջերմոցատերերը վաճառքի ենթակա ապրանք ունե՞ն:
-Այո՛, լոլիկ կա, բայց չեն կարողանում վաճառել, քանի որ գնորդ չկա: Մեր ասոցացիայի անդամները մտահոգվում են այս խնդրի շուրջ: Նրանք զարմացած ասում են, որ գնում են Մալաթիայի շուկա, չի վաճառվում, տեղափոխում են Գումի շուկա, նույնպես մարդ չկա: Գնորդ չկա: Բացի այս՝ գրեթե բոլոր ջերմոցատերերը վարկային մեծ պարտավորություններ ունեն, խրվել են:
-Ինչո՞ւ:
-Գազի սակագնի պատճառով: Ի դեպ, 0.5 հա ջերմատունը գազով ջեռուցելու համար ծախսում է մոտ 50 հազար դոլար: Սրան գումարած պարարտանյութը, թունաքիմիկատը, աշխատողների աշխատավարձերը: Ահա, Հոլանդիայում մի ընկերություն է գործում, որի հետ պայմանավորվածություն ունի մեր ասոցացիան: Պետք է պայմանագիր կնքենք, որը վարկ է տրամադրում՝ ջերմոցներ կառուցելու համար: Դրանով անհրաժեշտ սարքավորումները պետք է ձեռք բերենք: Մեր ասոցացիայի անդամներից 6-ը համաձայնել էին ստորագրել այդ ընկերության հետ պայմանագիր, բոլոր տեսակի փաստաթղթերը պատրաստ են, մնում է ստորագրել: Բայց արի ու տես, որ մերոնք չեն համարձակվում: Նրանք մտավախություն ունեն, որ չի արդարացնի, չեն ցանկանում ներդրում անել: Ե՛ւ հոլանդացին է պատրաստակամ օգնել, ե՛ւ համապատասխան սարքավորումները կան՝ ջերմոց կառուցելու համար, մնում է մեր ֆերմերների համաձայնությունը, բայց չեն համարձակվում:
-Իսկ Մաքսային միությանն անդամակցելը ինչ-որ չափով հույս չի՞ ներշնչում նրանց մոտ:
-Դեռեւս նախորդ տարի՝ դեկտեմբերի սկզբին, Ռուսաստանի Դաշնությունից առաջարկ ստացանք. լոլիկ պետք է արտահանեինք: Մենք ընկանք այս ու այն կողմ, հավաքեցինք անհրաժեշտ քանակությամբ լոլիկը եւ պատրաստվում էինք ուղարկել, հրաժարվեցին: Պատճառը ռուբլու փոխարժեքի տատանումն էր: Պատճառաբանեցին, թե չեն հասկանում՝ ինչ է կատարվում: Իրենք չգիտեին, թե ինչ գին առաջարկեին մեզ: Մենք էլ չգիտեինք, թե իրենց ինչ առաջարկենք: Ու այդպես էլ այդ գործարքը չեղյալ համարվեց:
-Այս տարի ՌԴ-ից նման առաջարկ ստացե՞լ եք:
-Դեռ ոչ, որովհետեւ պարզ չէ, թե ինչ կլինի: Կկարողանա՞նք լոլիկ արտահանել, թե՞ ոչ, դա այս պահի դրությամբ չլուծված հարց է: Ճիշտ է, նախկինում մեծ քանակությամբ լոլիկ չի արտահանվել, բայց հիմա շատ անորոշ վիճակ է թե՛ մեր հանրապետությունում եւ թե՛ ՌԴ-ում: Մենք հիմա առաջին հերթին ջերմատներ պետք է կառուցենք, ավելացնենք, մասնագետներ պատրաստենք:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
ՎԱՐՈՐԴՆԵՐՆ ԱՎԵԼ ԵՆ ՎՃԱՐՈՒՄ
Տավուշի մարզի վարորդները դժգոհում են, որ սահմանամերձ Նոյեմբերյանի տարածաշրջանի ավտոգազալցավորման ճնշման մի քանի կայաններում իրենց խաբում են: Նրանց խոսքերով՝ այդ կայաններում իրենցից գանձում են սահմանված գներից ավելի գումար: «Հաշվում եմ, որ տվյալ լիցքավորման համար 2.400 դրամ պետք է վճարեմ, չգիտես ինչու, կայանում ինձնից 2.900 դրամ են պահանջում»,- «Ժողովուրդ»-ի թղթակցին գանգատվեց նոյեմբերյանցի վարորդներից մեկը` խնդրելով իր անունը չհրապարակել: Նա ասաց, որ ինքն այդ կապակցությամբ բողոքել է գազալցավորման կայանի աշխատակցին, վերջինս, սակայն, պատասխանել է, թե իրենից ոչինչ կախված չէ: Նշենք, որ սահմանամերձ Նոյեմբերյանի տարածաշրջանում մեկ խորանարդ մետր գազի գինը 200 դրամ է, իսկ նույն մարզի Իջեւանի տարածաշրջանում՝ 160: Դա տարակուսանք է հարուցում, քանի որ Վրաստանից Հայաստան մտնող մայր գազատարը ձգվում է Նոյեմբերյանի տարածաշրջանի տարածքով, հետո շարունակվում Իջեւանով: Փաստորեն ավտոգազալցավորման ճնշման կայաններում տեղադրված գազի հաշվիչների աշխատանքը ստուգող կազմակերպությունն իր պարտականություններում թերանում է, այլապես վարորդները մշտապես չէին բողոքի:
ՀԻՎԱՆԴՆԵՐԻՆ ԽԱԲՈ՞ՒՄ ԵՆ
Առողջապահական հիմնարկներում հաշվառված շաքարային դիաբետով հիվանդներին պետության կողմից անվճար հատկացվում է դեղորայք: Դիաբետիկներին տրվում են «Դիամար», «Դիամեթ», «Դիազոն» տեսակի դեղեր: Սահմանամերձ Տավուշի մարզում բնակվող շաքարային դիաբետով մի քանի հիվանդ «Ժողովուրդ»-ին բողոքեցին, որ այդ դեղերն անարդյունավետ են, դրանք ամենեւին չեն նվազեցնում հիվանդների արյան մեջ շաքարի պարունակության տոկոսը: «Ոնց որ կավիճ լինի, խմում եմ դեղը, սակայն ոչ մի օգուտ»,-գանգատվեց շաքարախտով հիվանդներից մեկը: Հիվանդները զարմանում են՝ միթե ՀՀ առողջապահության նախարարությունն անտեղյակ է, որ այդ դեղերից հիվանդներին քիչ օգուտ կա: Եթե առողջապահության նախարարությունը տեղյակ է այդ մասին, ինչո՞ւ այդ դեղամիջոցները չի փոխարինում ավելի ներգործուն, արդյունավետ դեղերով: Տավուշի մարզում բնակվող շաքարային դիաբետով հիվանդներից շատերը ստիպված են դեղատներում գնել արդյունավետ դեղեր: Դիաբետով հիվանդների համար շատ դժվար է ապրել սահմանամերձ Տավուշում, քանզի սոցիալական խնդիրներին ավելանում են սահմանային գնդակոծությունների վտանգն ու ազերիների ոտնձգություններից զոհվածների կորստյան ցավը:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ