ՈՎ ԵՎ ԻՆՉՊԵՍ Է ԵՏՄ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա սկզբին լուր տարածվեց այն մասին, որ ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր Էրնա Հայրիյանը եւ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Արմեն Թումանյանը նշանակվել են Եվրասիական տնտեսական միության դատարանի՝ Հայաստանը ներկայացնող դատավորների պաշտոնում: Նրանք այդ պաշտոններում նշանակվել են Եվրասիական տնտեսական խորհուրդի որոշմամբ: Մինչդեռ ՀՀ օրենսդրությամբ վերը նշված անձինք դեռ շարունակում են մնալ իրենց պաշտոններում: Բանն այն է, որ ՀՀ արդարադատության խորհուրդն այս տարվա առաջին իսկ աշխատանքային օրը` հունվարի 12-ին, նիստ է գումարել եւ որոշել նշված դատավորների պաշտոնանկության հարցով դիմել Սերժ Սարգսյանին, սակայն նրանց պաշտոնանկության համապատասխան հրամանագրերը երեկվա դրությամբ դեռ չէին հրապարակվել: Այսինքն՝ նշված դատավորներին ԵՏՄ դատավոր նշանակելով՝ փաստացի խախտվել է ՀՀ Սահմանադրության 98-րդ հոդվածը, ըստ որի՝ դատավորներն իրավունք չունեն որեւէ այլ պաշտոն զբաղեցնելու: Անհայտ է նաեւ, թե նշված երկու դատավորների թեկնածությունն ով է առաջարկել: Եթե Սերժ Սարգսյանն է նրանց առաջարկել, ապա հրամանագիր կամ այլ համարժեք իրավական փաստաթուղթ պիտի լիներ: Նախագահականի կայքում երեկվա դրությամբ նման փաստաթուղթ չկար տեղադրված: Եթե տվյալ անձանց անվան դիմաց գրված լիներ, որ նրանք Սերժ Սարգսյանին են ներկայացնում, թերեւս խնդիր չէր առաջանա: Բայց, ուզենք թե չուզենք, նրանք Հայաստանն են ներկայացնում, ուստի ՀՀ քաղաքացին իրավունք ունի իմանալու, թե ով եւ ինչպես է որոշել, որ հենց այդ երկու թեկնածուները պետք է ՀՀ-ի կողմից ԵՏՄ դատարանում դատավոր նշանակվեն:

 

 

 

 

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ արդեն մի քանի օր է՝ գյումրեցիներին հրավիրում են ՀՀ քննչական կոմիտեի Գյումրիի բաժին եւ բացատրություններ պահանջում հունվարի 15-ին Գյումրիում տեղի ունեցած բողոքի ցույցին նրանց մասնակցության վերաբերյալ: Քննչական բաժին հրավիրված գյումրեցիներց մեկը, որի անունը հարգելի պատճառներով չենք հրապարակում, «Ժողովուրդ»-ին պատմեց, որ քննիչները տեսագրություններ են միացնում, ցուցադրում դրվագները, որոնցում առկա են հրավիրված անձինք, եւ սկսում բացատրություններ պահանջել: Արդյունքում՝ մարդիկ այլեւս վախենում եւ զգուշանում են հրապարակային խոսելուց ու բողոքի ակցիաներ կազմակերպելուց: Բախումներից հետո բոլորը փորձում էին հասկանալ՝ ովքեր եւ ինչու սկսեցին ագրեսիվանալ, որովհետեւ ակնհայտ էր, որ մարդիկ իրենց նկատմամբ կիրառված ուժին կպատասխանեն: Թերեւս պատասխանն ակնհայտ է. բախումներն անհրաժեշտ էին՝ մարդկանց քրեական պատասխանատվության ենթարկելու հեռանկարով ահաբեկելու համար:

 

 

 

 

Մի քանի օրից տեղի կունենա Հայ հեղափոխական դաշնակցության ընդհանուր ժողովը, որը այս տարի կայանալու է Դիլիջանում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախատեսված է եղել, որ ՀՅԴ-ի ընդհանուր ժողովը կամփոփվի հունվարի 25-ից 26-ն ընկած ժամանակահատվածում: Իհարկե, ընդհանուր ժողովի նախապատրաստական գործընթացները մեկնակել են դեռեւս 2014 թվականի դեկտեմբերի 25-ին, դրանք անցկացվում են փակ ռեժիմով: ՀՅԴ-ի ընդհանուր ժողովին մասնակցում են տարբեր երկրներում գործող բոլոր կառույցների ներկայացուցիչները: Ըստ տեղեկությունների՝ քննարկումներն արդեն իսկ համերաշխ մթնոլորտում չեն անցնում: Հատկապես դրսի կառույցների ներկայացուցիչները դժգոհություններ ունեն ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի վարած քաղաքականությունից: Չի բացառվում նաեւ, որ Մարգարյանն այդ դժգոհությունների արդյունքում հրաժարվի ՀՅԴ բյուրոյի ներկայացուցչի պաշտոնից: Այս օրերին ՀՅԴ Դիլիջանում գտնվող ղեկավար կազմի հետ հնարավոր չէ կապվել, բոլորի հեռախոսներն անջատված են:

 

 

 

 
ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի նշանակվելուց ի վեր ակնհայտ էր, որ նրա եւ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջեւ, ով հետագայում դարձավ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ, լուրջ մրցակցություն էր ծավալվելու դատաիրավական ոլորտի վերահսկողության համար: Մինչ Գյումրիի դեպքերը իրավիճակի տերը Գեւորգ Կոստանյանն էր: Նա մի քանի անգամ ցույց տվեց, որ դատաիրավական ոլորտում ինքն է որոշում՝ ով պետք է դատվի, ով` ոչ: Սակայն Գյումրիում տեղի ունեցած ոճրագործության գործի քննության շուրջ զարգացումների արդյունքում Կոստանյանը, մեղմ ասած, առաջին լուրջ պարտությունը կրեց: Նա չկարողացավ լուծել Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին ՀՀ իրավապահների իրավասության ներքո վերադարձնելու մասով տված հրապարակային խոստումը, անգամ նրա հարցաքննելու խնդիրը չլուծեց: Այդ հարցը լուծեց Աղվան Հովսեփյանը: Եվ այս փաստը առաջիկայում իրեն հաստատ զգացնել կտա Կոստանյան-Հովսեփյան հակամարտության ընթացքում:

 

 

 

 
ՀԱԿԱԴԱՐՁՈՂԱԿԱՆ

Համազգային սուգի այս օրերին կարծես թե լիարժեք չգտնահատվեց եւ չվերլուծվեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարությունը Ապրիլի 24-ին Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակին մասնակցելու նպատակով աշխարհի 102 երկրների ղեկավարներին, այդ թվում եւ` Սերժ Սարգսյանին Թուրքիա հրավիրելու մասին:
Ինչպես էլ որ գնահատենք` ցինիզմ, մառազմ, պատմությունը խեղաթյուրելու անամոթ փորձ, միեւնույն է` իր այդ հրավերով Թուրքիայի նախագահը «ձիով քայլ» կատարեց: Կասկածից դուրս է, որ ապրիլի 24-ին հրավիրված երկրների ղեկավարների զգալի մասը կանգնելու է չափազանց ասիմետրիկ երկընտրանքի առջեւ` մի կողմում ունենալով տնտեսական, քաղաքական եւ ռազմական կապերն ազդեցիկ Թուրքիայի հետ, մյուս կողմում՝ բարոյական ինչ-ինչ անորոշ պարտավորություններ փոքրիկ, խնդրաշատ Հայաստանի առջեւ: Եվ եթե անգամ այդ պետությունների մի մասի ղեկավարներն այնուամենայնիվ չկարողանան հաղթահարել բարոյական, արժեհամակարգային տաբուներն ու մեկնեն Թուրքիա, լավագույն դեպքում նրանք ապրիլի 24-ին չեն այցելի նաեւ Հայաստան` չփչացնելու համար Թուրքիայի հետ hարաբերությունները:
Ստացվում է, որ Սերժ Սարգսյանի «նախաձեռնողականությունը» լրջորեն վնասեց Ցեղասպանության հարյուրամյակի համաշխարհային հիշատակման գործին, եւ անկախ այն բանից` արդյոք կարելի էր հաշվարկել Թուրքիայի այս հակա քայլը (ի վերջո, Ս. Սարգսյանի թիմը շատ է սիրում հպարտանալ, որ նա քաղաքական շախմատի մեծ վարպետ է), արդեն հիմա կարելի է արձանագրել, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցը լինելու է Սերժ Սարգսյանի հերթական շռնդալից ձախողումը:
Այն փոքր-ինչ մեղմելու, հնարավոր է` անգամ կանխելու միակ ձեւը կարող է լինել համահայկական բոլոր ռեսուրսների օգտագործմամբ ամենօրյա քարզչությունն առ այն, որ Թուրքիան հերթական անգամ խեղաթյուրում է պատմական իրողությունները` Գալիպոլիի ճակատամարտի օրը հարմարեցնելով Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան: Նման քարոզչություն, որը, ինչպես ասում են, պետք է արվեր դեռ երեկվանից, մենք դեռեւս չենք տեսնում: Խոսքը համակարգված եւ համատարած քարոզչության մասին է, որում պետք է ներգրավված լինեն Հայաստանի բոլոր դեսպանատներն ու սփյուռքյան կազմակերպությունները: Մենք պետք է այնպիսի թափով եւ այնպիսի անընդհատությամբ մերկացնենք թուրքական սուտը, որ այդպիսով գոնե անհարմարավետության զգացողություն առաջացնենք Էրդողանի հրավերն ընդունող երկրների իշխանությունների համար: Հակառակ դեպքում մենք հերթական անգամ ստիպված ենք լինելու արդեն ոչ այնքան հպարտ մենության մեջ բավարարվել հարյուրամյա ինքնասփոփանքի մաշված խոսքերով, թե, միեւնույն է, աշխարհը գիտի՝ ինչ է կատարվել իրականում, եւ ճշմարտությունը, ի վերջո, հաղթանակելու է:




Լրահոս