Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով սահմանում օր օրի մեծացող լարվածությանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ Հայաստանը Ադրբեջանի ցանկացած գործողության պատասխանում է ադեկվատ: ԱԺ փոխխոսնակի խոսքերով՝ հասարակությունը պետք է մշտապես հիշի, որ պատերազմը չի ավարտվել ու ամեն վայրկյան կարող է վերսկսվել:
-Պարո՛ն Շարմազանով, նախօրեին միանգամից երկու միջադեպ է արձանագրվել հայ-ադրբեջանական սահմանի՝ այս անգամ արդեն ՀՀ ՊՆ զինված ուժերի պատասխանատվության տակ գտնվող հատվածում, որի արդյունքում երկու զինծառայող է զոհվել: Տպավորություն է, որ ՀՀ իշխանությունները դեռեւս չեն գիտակցում պահի լրջությունն ու որեւէ կոնկրետ քայլ չեն ձեռնարկում այդ ուղղությամբ: Որտե՞ղ են ՀՀ իշխանությունները, ինչո՞ւ են լռում:
-Հայաստանի իշխանություններն ունեն համապատասխան պետական մարմիններ՝ բանակ, ազգային անվտանգություն, ոստիկանություն եւ այլ պետական մարմիններ, ու մենք պետք է բոլորս կանգնած լինենք մեր բանակի կողքին եւ, ինչպես ցանկացած դեպքի ժամանակ, կարողանանք հակահարված տալ: Ես չեմ այն պաշտոնյան, որը պետք է ամպագորգոռ հայտարարություն անի, որովհետեւ ես վստահում եմ մեր բանակին: Մեր բանակը բավականին պրոֆեսիոնալ է, եւ ես համոզված եմ, որ կարող է ինչպես նախկինում, այնպես էլ հիմա լռեցնել ու արժանապատիվ պատասխան տալ հակառակորդին:
-Բայց մեր ունեցած զոհերի քանակից կարելի է արձանագրել, որ ադրբեջանական ագրեսիվ գործողություններին ադեկվատ պատասխան չի տրվում, ինչո՞ւ ՀՀ իշխանությունները հակառակորդի մարտական գործողությունները կանխող գործողություններ չեն իրականացնում:
-Չէ՛, չէ՛, ես այդպես չեմ կարծում, բնականաբար մենք խաղաղ կարգավորման կողմնակից ենք, բայց կրկնում եմ՝ ես չեմ այն պաշտոնյան, որ պետք է ասեմ, դա իմ լիազորությունների շրջանակում չի, եւ ճիշտ էլ չի, որ ես դրա մասին խոսեմ: Բայց նախորդ, նման ցավալի դեպքերը ցույց են տվել, որ հակառակորդն արժանիորեն պատժվել է ու հստակ հակահարված ստացել: Մենք հունվարին ծանոթացանք նաեւ ՀՀ ՊՆախարարի 7 կետանոց նոր ռազմավարությանը, ու մեր հասարակության համար հրապարակային ձեւով մեր պաշտպանության նախարարը ներկայացրեց այն առաջնահերթությունը, որով պետք է առաջնորդվի մեր բանակը: Այդ 7 կետերում էլ կարելի է տեսնել, որ որեւէ սխալ, տմարդի քայլ, որը կարվի Ադրբեջանի կողմից, անպատասխան չի մնա:
-Այս օրերին ՀՀ սահմանում տեղի ունեցող իրադարձություններից կարելի է ենթադրել, որ հակառակորդը ՀՀ ՊՆախարար Սեյրան Օհանյանի հայտարարությունը լուրջ չի ընդունել: Ու չնայած պաշտոնապես մարտական գործողությունները չեն վերսկսվել, բայց Ադրբեջանը, ըստ էության, միակողմանի պատերազմ է սկսել:
-Չեմ կարծում, որ պատերազմի մասին խոսելը ռեալ է, բայց այն, որ այս ժամանակահատվածում Ադրբեջանը կփորձի շփման գծում որոշակի լարումներ մտցնել, սա արդեն երեւում է, իսկ մենք էլ պետք է լինենք ավելի զգոն: Ու մենք միշտ էլ ասել ենք, որ պատերազմը չի ավարտվել մինչեւ այն փուլը, քանի դեռ չի կնքվել խաղաղության պայմանագիր, քանի դեռ Ադրբեջանի ղեկավարը ռազմատենչ հայտարարություններով է հանդես գալիս եւ խոսում ռազմական գործողությունները վերսկսելու մասին: Իսկ Ադրբեջանի կողմից կազմակերպված բոլոր ռազմական գործողություններն արժանի եւ ադեկվատ հակահարված ստացել ու ստանալու են: Մենք տեսել ենք, որ օգոստոս ամսին ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանության բանակները փայլուն են կատարել իրենց առջեւ դրված խնդիրները: Ցավալին այն է, որ Գյումրիում տեղի ունեցած այս ողբերգական դեպքի ֆոնի վրա է Ադրբեջանն ակտիվացել: Ու ես ուզում եմ ցավակցել բոլոր այն զինծառայողների հարազատներին, որոնք այս օրերի ընթացքում զոհվել են: Այլ բան չենք կարող անել, դա է մեր հարեւանը, ու մենք էլ պատրաստ ենք ամեն քայլի: Հայաստանի համար գլխավոր խնդիրն անվտանգությունն է, ու մեր ամեն ինչը պետք է ցույց տա, որ պատերազմը չի ավարտվել, ու մեր առաջին խնդիրն անվտանգության ապահովումն է: Էս սուտի-մուտի ներքին բաներն անցողիկ են, մենք պետք է գիտակցենք, որ ապրում ենք մի երկրում, որտեղ առանց անվտանգության ուժեղ համակարգի, առանց հզոր բանակի չենք կարող ունենալ որեւէ առաջընթաց: Ու խոսել տնտեսության զարգացման, սոցիալական զարգացման մասին, երբ որ հակառակորդն իրականացնում է նման քայլեր, անիմաստ է: Մենք պետք է ողջ հասարակությամբ մեր ուղեղներում իմանանք, որ առաջնայինը պետք է լինի մեր բանակը: Մենք այստեղ` ասֆալտի վրա ապրող յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր պաշտոնյա պետք է գիտակցենք, որ հայրենիքի համար յուրաքանչյուրս ենք պետք:
-Ինչպես նաեւ՝ պաշտոնյաները պետք է իրենց զավակներին բանակ ուղարկեն…
-Դե, դա այլ հարց է, միանշանակ այդպես է, բայց դա միայն պաշտոնյաներին չի վերաբերում:
ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՏԱՐԵԴԱՐՁՆ ՈՒ ՇԱՔԱՐԱՎԱԶԻ ՀԱՐՑԸ
Երեկ՝ ՀՀ Կառավարության հերթական նիստի ժամանակ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձը տոնվելու է ողջ շուքով: Ըստ նախարարի՝ միջոցառումները սկսվելու են հունվարի 28-ի առավոտյան Եռաբլուր այցելությամբ, ապա ՀՀ նախագահի նստավայրում տեղի կունենա ՀՀ պարգեւների հանձնման արարողություն, իսկ ժամը 17:00-ին հանդիսավոր նիստ կանցկացվի Ալ. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:
Այնուհետեւ Կառավարությունը հավանություն է տվել «Շահութահարկի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին: Այն ներկայացրել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը, որը հայտարարել է, թե օրինագծի ընդունման դեպքում ՀՀ Կառավարության հավանությանն արժանացած արտահանման ծրագրով հարկային լրացուցիչ խթաններ կտրամադրվեն ՀՀ տարածքից արտահանում իրականացնող ռեզիդենտ հարկ վճարողներին՝ դրանով իսկ նպաստելով տնտեսական աճի տեմպի արագացմանը:
«Սա Կառավարության ոչ ստանդարտ քայլերից է, որով մենք փորձում ենք խթանել արտահանումը: Եթե մենք կարողանանք ունենալ նման գործընկերներ, ովքեր տարվա ընթացքում 50 մլրդ դրամի ապրանք կարտահանեն մեր երկրից, ապա դա իրոք ե՛ւ աշխատատեղերի ստեղծում է, ե՛ւ լրացուցիչ եկամուտներ կապահովի մեր պետական բյուջեում»,-նշել է ՀՀ վարչապետը` ընդգծելով, որ պետք է կիրառել խրախուսման մեխանիզմներ.«Մենք մի քանի անգամ քննարկել ենք այս խնդիրը, այն չի կարող վերաբերել հանքարդյունաբերության ոլորտին: Ես կարծում եմ, որ սա մեծ խթան կհանդիսանա արտահանումն ավելացնելու համար»:
Իսկ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հայտարարել է, որ ԵՏՄ պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից երկու տարվա ընթացքում սպիտակ շաքարի ներմուծումը երրորդ երկրներից թույլատրվում է 10 տոկոս ներմուծման մաքսատուրքի վճարման պայմանով` մեկ տարվա ընթացքում 4.000 տոննայից ոչ ավել ծավալով: Նախարարը հավելել է, որ սպիտակ շաքարի ներմուծման մեկանգամյա լիցենզիայի թույլտվության լիազոր մարմինն Էկոնոմիկայի նախարարությունն է:
Նախարարը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Հայաստանի սովորական սպառողների համար շաքարավազի շուկայում ոչ մի փոփոխություն չի լինելու. «Եթե մտել ենք մի միության մեջ, բացառություն ենք վերցրել մեր երկու ձեռնարկությունների համար, որ հումքը էժան լինի, ոչ թե նորմալ, ողջունելի եմ համարում: 21-րդ դարում տարբեր երկրներում, ԵՄ-ում, մանավանդ, որոշակի զգայուն ապրանքների գծով պաշտպանական միջոցառումներ կիրառվում են»:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ԵՐԿԱՐ ԿՅԱՆՔ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ
ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի անձնագրային բաժանմունքի պետ Արտյոմ Սեդրակյանի հարազատները վստահ են, որ նա արձակուրդում է եղել եւ ոչ մի փաստաթուղթ չի ստորագրել ու չի տվել: «Մենք մենակ մի բան ենք ասել Արտյոմին՝ վատ բան կամեցողի երեխաներին Աստված թող երկար կյանք տա: Նախաքննություն կա, եթե մեղավոր է, թող պատժեն: Կասկածներ չունենք, որ Արտյոմն անմեղ է, բայց կրկնում ենք՝ նա որեւէ փաստաթուղթ չի ստորագրել»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասացին Արտյոմ Սեդրակյանի հարազատները: Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի անձնագրային բաժանմունքի պետ Արտյոմ Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը) եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնական կեղծիք): Քրեական գործը քննում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը: Գրել էինք, որ վերջինս ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախկին դատավոր Իսկուհի Վարդանյանի որդին է, որը պաշտոնավարել է մինչեւ անցած տարվա հոկտեմբերի 20-ը:
5-Ը ՆՈՐՈԳԵԼ ԵՆ
«Իրավունքի աջակցության հիմնադրամի» ֆինանսական օգնության շնորհիվ «Նախախորհրդարանի» անդամներից 5-ի այրված մեքենաները վերանորոգվել են ու շահագործման են հանձնվել: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց «Նախախորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը: Նրա խոսքերով՝ ինքը հրաժարվել է հիմնադրամի ֆինանսական աջակցությունից: Հիշեցնենք, որ 2014 նոյեմբերի 26-ի գիշերը անհայտ անձինք վնասել էին «Նախախորհրդարանի» անդամների եւ աջակիցների 7-ի ավտոմեքենաները, որոնք մասնակցել էին «100-ամյակն առանց ռեժիմի» ավտոերթերին: Դեպքից անցել է 2 ամիս, սակայն մինչ օրս գործը բացահայտված չէ:
ՀԱՍՏԱՏ ՀԵԾԱՆԻՎ ՔՇԵՔ
«Ժողովուրդ»-ը երեկ տեղեկացրել էր, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեռեւս նախորդ տարվա դեկտեմբերի 30-ին «Ֆլեշ» ՍՊԸ-ից գնել է 25 հազար 800 լիտր «Պրեմիում» տեսակի բենզին: «Ժողովուրդ»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հանձնաժողովից տեղեկացրել են, որ բենզինը 2015թ. ընթացքում հատկացվելու է թվով 12 ծառայողական ավտոմեքենաների, որոնք սպասարկում են հանձնաժողովի պաշտոնատար անձանց: Ստացվում է, որ ավտոմեքենաներից յուրաքանչյուրին օրական հատկացվելու է միջինը 8 լիտր բենզին: Այսինքն՝ ենթադրվում է, որ պաշտոնյաներին տանից գործի եւ հակառակը գնալ-գալով՝ ավտոմեքենաներն օրական պետք է կտրեն եւ անցնեն առնվազն 80 կիլոմետր: Չէ մի չէ: