ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԹՆՈԼՈՐՏԸ ՊԵՏՔ Է ՓՈԽՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ-ադրբեջանական շփման գծից ստացվող հաղորդագրությունները` դիվերսիոն գործողությունների եւ մեր զինվորների զոհվելու մասին, վերջին վեց ամիսներին դարձել են հայաստանյան լրահոսի անբաժանելի մասը:

Այդ հաղորդագրությունների պարբերականությունն այնքան է հաճախակիացել, որ մի պահ թվում է, թե մարտական գործողությունները վերսկսվել են, եւ Հայաստանը հայտարարված պատերազմի մեջ է: Սակայն իրողությունն այն է, որ պատերազմը հայտարարված չէ, բայց ընթանում է, ինչը ենթադրում է, որ մի օր էլ այն դառնալու է հայտարարված, ու Հայաստանի հանրությունը դրան պետք է պատրաստ լինի: Չշփոթել պետության պատրաստ լինելու հետ, ինչպես նաեւ պետությունը չշփոթել պաշտոնյայի կամ նրանց խմբի հետ: Պետության խնդիրը բանակի նյութական կարիքներն ապահովելն է, իսկ հոգեբանության մակարդակում հայրենիքի պաշտպանությունն անվիճելի առաջնահերթություն դարձնելու խնդիրը կարող է եւ պետք է լուծի հանրությունը:
Կլինեն մարդիկ, հիմնականում իշխանությունների շրջապատից, որ կասեն, թե իբր օգոստոսի սկզբին, երբ սահմաններին կրկին իրավիճակը լարված էր, Հայաստանի հանրությունը ցույց տվեց, որ միասնական է, եւ այս հարթությունում ամեն ինչ նորմալ է: Սակայն իրականությունն այլ է: Բավական է զրուցեք մի քանի շարքային քաղաքացիների հետ եւ կհամոզվեք, որ առաջին գծում պաշտոնյաների նկարվելը, այնուհետեւ հեռուստաընկերություններով եւ համացանցով այդ նկարները տարածելը ոչինչ չի տվել: Այդ ամենն իշխանական քարոզչության մի դրվագ էր, որը միայն արտաքին փայլ ապահովելուց բացի՝ ուրիշ ոչ մի խնդիր չլուծեց: Կապ չունի, թե որքան փայլփլուն է խնձորը, եթե գիտես, որ այն ներսից փտած է:
Ամեն անգամ, երբ սահմանին զինվոր է զոհվում, լրագրողները գնում եւ նրանց մասին ռեպորտաժներ, հոդվածներ են պատրաստում. ինչ ընտանիքից է եղել, բանակ գնալուց առաջ ինչ է ասել եւ այսպես շարունակ: Վերցրեք այդ ռեպորտաժներն ու նյութերը եւ եւս մեկ անգամ ուսումնասիրեք: Դրանցում բոլորում կարմիր թելով անցնում է զոհվածների նյութապես ապահովված չլինելու, առնվազն բարեկեցիկ չլինելու փաստը: Չեք գտնի մի դեպք, երբ կպարզվի, որ սահմանին տուժած զինվորը պաշտոնյայի կամ հարուստ գործարարի երեխա եղած լինի: Հայաստանն ունի շուրջ վեց հազար բարձրաստիճան պաշտոնյաներ` գերատեսչության ղեկավարներ, տեղակալներ վարչության պետեր, պատգամավորներ, մարզպետներ, փոխմարզպետներ եւ այսպես շարունակ: Չի եղել մեկ դեպք, երբ սահմանին տուժած երիտասարդը, հետագայում պարզվի, որ պաշտոնյայի երեխա է կամ բարեկամ: Հայաստանում կա 6 հազար բարձրաստիճան պաշտոնյա, նշանակում է՝ նույնքան ընտանիք, որոնց մեծ մասն ունեն զինապարտ զավակներ, որոնք տարբեր հիմնավորումներով բանակից տարկետում են ստացել, իսկ այնուհետեւ ազատվել են: Հատուկենտ դեպքեր կարող են լինել, երբ բարձրաստիճան պաշտոնյայի երեխաները ժամկետային զինվորական ծառայության մեկնած լինեն, այն էլ հաստատ այն անցկացրել են գենշտաբում, նախարարությունում կամ որեւէ այլ տաքուկ տեղում: Եթե բարձրաստիճաններից բացի՝ ավելացնենք նաեւ միջին օղակի պաշտոնյաներին, ապա նրանց թիվը կտասնապատկվի՝ հասնելով շուրջ 60 հազարի: Բայց միեւնույն է՝ սահմանին տուժածների մեջ նրանց երեխաներին էլ չես հանդիպի:
Կասկածից վեր է, որ եթե որեւէ պաշտոնյայի հարցնենք, թե ինչու նրա զինապարտ որդին զինվորական ծառայություն չի անցել, ապա անմիջապես կհակադարձի, որ օրենքով նախատեսված կարգով է իր զավակը տարկետում ստացել: Ի՞նչ եք կարծում՝ Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը չէ՞ր կարող արքայազն Հարրիին օրինական կարգով բանակից ազատել: Բայց չեն արել, չէ՞: Արքայազն Հարրին բրիտանական խաղաղապահների շարքում 2007-ին մեկնեց Իրաք եւ հասարակ զինվորականի պես իր ծառայությունն անցկացրեց: Իհարկե, արքայազնի անվտանգությունն ապահովելու համար հատուկ Իրաք էր մեկնել բրիտանական հատուկ ջոկատայինների մի խումբ, բայց կարեւորը կատարված քայլն էր, որը ուղերձ էր Բրիտանիայի քաղաքացիներին՝ Հայրենիքի պարտքը վճարում են բոլորը, այդ թվում՝ արքայական ընտանիքի անդամները: Հակառակ դեպքում արքայական ընտանիքն իր հպատակներից չէր կարողանա հարգանք եւ նվիրում ակնկալել:
Այլեւս հրամայական է դարձել, որ Հայաստանի մեծ ու փոքր բոլոր պաշտոնյաների զինապարտ զավակները, որոնք ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում են ստացել, պետք է հրաժարվեն իրենց տարկետումներից եւ մեկնեն բանակ: Տվյալ դեպքում անգամ էական էլ չէ՝ նրանց պաշտոնյա հայրը ժամանակին ծառայել է բանակում, թե ոչ: «Հին մեռելները» կենդանացնելու մասին չէ խոսքը, այլ նոր մշակույթ եւ հասարակական մթնոլորտ ձեւավորելու: Պետական պաշտոնյան, ով քաղաքացիներից նվիրում է ակնկալում, եթե պատրաստ չէ անձամբ Հայրենիքի նվիրման օրինակ ծառայել, նա բարոյական իրավունք չունի քաղաքացիներից որեւէ բան պահանջել, ուստի պետք է հրաժարական տա: Այսինքն՝ ամեն ինչ անհրաժեշտ է անել՝ պարզելու համար, թե պաշտոնյաներից ովքեր զինապարտ զավակներ ունեն, եւ պահանջել նրանցից, որ իրենց երեխաներին ուղարկեն բանակ (հասկանալի է, որ խոսքը չի վերաբերում այն դեպքերին, երբ անձը բանակից ազատվել է զինվորական ծառայության հետ անհամատեղելի անբուժելի հիվանդության կամ բնական արատի պատճառով):
Համոզված եղեք, որ եթե Հայաստանի պաշտոնյաների երեխաները մեկնեն բանակ, ապա նրանց հայրերը թույլ չեն տա նաեւ, որ մեծահարուստների երեխաներն ինչ-որ ճանապարհներով ծառայությունից խուսափեն: Իսկ օրենքի առաջ հավասարության այդ դրսեւորումը հանրության շրջանում մի այնպիսի միասնության ալիք կձեւավորի, որ դրանից հետո ոչ ոք այլեւս չի համարձակվի Հայաստանի նկատմամբ ոտնձգություն կատարել:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 

ԳՆԱՑԻՆ, ԵՏ ԵԿԱՆ
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը եւս պետք է մասնակցեր Անդրեյ Մալախովի «Թող խոսեն» հաղորդաշարի նկարահանումներին՝ նվիրված Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության դեպքին: Պատգամավորը եւս նկարահանող խմբի հետ մեկնել էր Մոսկվա: Սակայն վեց ամսական Սերյոժայի մահվան լուրը լսելուց հետո, ինչպես հայտնի է, հաղորդումը չկայացավ, եւ բոլոր հյուրերը վերադարձան Հայաստան: Խոսրով Հարությունյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե ինչու են հենց իրեն հրավիրել այդ հաղորդմանը, ի՞նչ կապ ունի ինքը Ավետիսայանների ընտանիքի հետ: «Չեմ կարող պատասխանել այդ հարցին: Դիմե՛ք Մալախովին, որովհետեւ ինձ հրավիրել են: Ինձ հրավիրել է Մալախովի թիմը: Առաջարկությունը եղել է, կարեւորելով խնդիրը՝ ես համաձայնել եմ: Ամբողջ հաղորդման կոնցեպտը կայանում էր հետեւյալում. ես ենթադրում եմ, որ ռուսական կողմը, գիտակցելով ողբերգության աստիճանը եւ կանխատեսելով իրադարձությունների հնարավոր զարգացումները, փորձում էր իր ուշացումը կոմպեսացնել՝ դեռեւս կյանքի հետ կռիվ տվող այդ մանկիկին օգնելով: Բայց փոքրիկը մահացավ, ու այդ հաղորդման անհրաժեշտությունը վերացավ»,- «Ժողովուրդ»-ին ասաց պատգամավորը:

 

ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ Է
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նախօրեին հրավիրված ասուլիսում ինչ-որ անհայտ ուժերի մեղադրել էր Գյումրիում կատարված ողբերգությունը քաղաքականացնելու փորձեր կատարելու մեջ: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով Լավրովի հայտարարությանը, ասաց. «Հակառակը՝ հայ ժողովուրդը շատ ու շատ հարցերում առաջինն էր ասում, որ չպետք է քաղաքականացնել: Շատ դեպքերում հենց իրենց մամուլն է քաղաքականացնում, ու ճիշտ կլինի՝ հենց իրենք նկարագրեն, թե իրականում ինչ է տեղի ունեցել: Հենց իրենք պետք է մեջ բերեն գյումրեցիների ուղիղ խոսքերը, որպեսզի հասկանան, որ գյումրեցիների պահանջն ու ՀՀ քաղաքացիների պահանջը ոչ թե քաղաքական է, այլ այստեղ արդարության խնդիր է»:

 

ՓԱԿՎՈՒՄ ԵՆ
Նախորդ տարվա դեկտեմբերին տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո հայաստանյան բանկերը սկսել են հրաժարվել վարկեր տրամադրելուց: Արդյունքում որոշ բանկեր սկսել են քննարկել նաեւ վարկային բաժինների աշխատակիցներին կրճատելու հարցը: «Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ նման իրավիճակ է ստեղծվել «ՎՏԲ Հայաստան» բանկում: Սակայն մեր հարցմանն ի պատասխան՝ «ՎՏԲ Հայաստան» բանկից տեղեկացրեցին, որ լուրը չի համապատասխանում իրականությանը, եւ բանկի բոլոր բաժիններն աշխատում են բնականոն ռեժիմով:

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԴԻՄԵԼ ԵՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
Արտագնա աշխատանքի, բուժվելու կամ բարեկամներին այցելելու համար Ռուսաստան մեկնող Հայաստանի քաղաքացիներից շատերին ՌԴ մուտքի արգելքը կանգնեցրել է խնդրի առջեւ: 2015թ. ՌԴ մեկնելու ապարդյուն փորձեր արած մի խումբ քաղաքացիներ երեկ դիմում- նամակով ՀՀ վարչապետին խնդրել են օգնել իրենց. «Խնդրում ենք, որ եթե հնարավոր է՝ բոլորի նկատմամբ ներում կիրառեն, քանի որ մենք հո հանցագո՞րծ չենք: Եթե քրեական որեւէ տարր կա, խնդրեմ, թող չթողնեն Ռուսաստան: Բայց եթե աշխատող մարդ է, կամ գնում է բուժման, պատճառը ո՞րն է: Գնացողների 90 տոկոսը լավ օրից չի տնից դուրս եկել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է Կառավարության շենքի մոտ բողոքող Արծվին Աբաջյանը:

 

ՀԱՅ-ՃԱՊՈՆԱԿԱՆ
Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Ճապոնիայի արտաքին գործերի պետական նախարար Մինորու Կիուչիին: Կողմերը երկուստեք կարեւորել են ս.թ. հունվարի 1-ից Հայաստանում Ճապոնիայի դեսպանության բացումը, որը, նրանց համոզմամբ, զգալիորեն կնպաստի հայ-ճապոնական բարեկամական հարաբերությունների հետագա խորացմանը: Մինորու Կիուչին Գյումրիի ողբերգության կապակցությամբ Ճապոնիայի կառավարության եւ անձամբ իր անունից խորին ցավակցություն է հայտնել հայ ժողովրդին: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկայիս վիճակին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի թեմային, մտքեր փոխանակել նաեւ միջազգային արդի խնդիրների շուրջ:

 

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ»
Նախկին փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի աշխատասենյակի գույքը կփոխանցվի ՀՀ Կառավարության աշխատակազմին: Այս մասին որոշում է ընդունվել Կառավարության հունվարի 22-ի նիստում: Գեւորգյանից Կառավարությանը ժառանգություն կմնա 76 սեղան, 64 պահարան, 445 աթոռ, 36 գաղտնապահարան, 4 մոնիտոր, 1 ֆաքս, 16 հեռուստացույց, 4 համակարգիչ:




Լրահոս