Չնայած պաշտոնապես մարտական գործողությունները չեն վերսկսվել, բայց Ադրբեջանը, ըստ էության, միակողմանի պատերազմ է սկսել: Ստեղծված իրավիճակը ՀՀ իշխանություններից պահանջում է ոչ միայն արագ եւ հստակ քայլեր իրականացնել՝ ադրբեջանական կողմին սաստելու համար, այլեւ կտրուկ փոխել Հայաստանում առկա բարոյահոգեբանական մթնոլորտը:
Տեղեկացնենք, որ երեկ էլ ՊՆ-ն պաշտոնապես հայտարարել է, որ ողջ գիշեր հակառակորդը կրակ է բացել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ: Մոտ 200 կրակոց է արձակվել հակառակորդի կողմից, եւ միայն հայկական կողմի պատասխանից հետո կրակոցները դադարել են: Բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան:
Ստեղծված իրավիճակի շուրջ ՀՀ ՊՆ-ի դիրքորոշումն իմանալու եւ մի քանի այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ:
-Պարո՛ն Հովհաննիսյան, ի՞նչ է մտածում ՊՆ-ն 2015-ի մեկնարկով սկսված կրակոցների մասին: Ինչո՞ւ են այսքան զոհեր գրանցվում նույնատիպ գործողությունների արդյունքում:
-Իրավիճակն այս պահին կայուն լարված է: Հակառակորդի ագրեսիվ պահվածքի պատճառը մեկն է՝ ամեն տարի փորձ է արվում վիճակն ավելի լարված պահել: Նախորդ տարվա հունվարին էլ շատ լարված էր վիճակը:
-Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն նման պայմաններում: Ի՞նչ է պետք անել:
-Ձեզ թվում, թե կա այնպիսի դեղամիջոց, որով հնարավո՞ր կլինի վերջնականապես չեզոքացնել լարվածությունը:
-Բայց չէ՞ որ մարդիկ տեւական ժամանակ է` անորոշության, երբեմն խուճապի մեջ են:
-Մարդիկ պետք է հասկանան, որ մենք քառորդ դար է` պատերազմի մեջ ենք: Հանրության մեջ խուճապ չպետք է լինի: Իսկ եթե կա խուճապ, ուրեմն մենք պետք է մեր տեղեկատվությամբ փորձենք այնպես անել, որ խուճապը վերանա:
-Տեղեկատվությա՞մբ, ինչպե՞ս:
-Դե, օրինակ, 800 անգամ կրկնված արտահայտություններ նորից չտպագրենք, թե այս կամ այն գյուղը տեղահանել են… Երեւանի վերեւով ուղղաթիռներն ինչո՞ւ են թռչում… Ճի՞շտ է, արդյոք, որ 3 զոհ ունենք, միայն մեկի անունն եք ասում… Այսինքն` նման բաներ. սրանց հետ հասարակությունը վաղուց մերվել է, մենք նորից մեջտեղ ենք բերում, նորից պտտեցնում ենք: Ցավոք, մենք զոհեր ենք ունենում, քանի որ փաստացի պատերազմական իրավիճակում ենք: Բայց իրավիճակը մե՛նք ենք թելադրում: Հակառակորդը մարտավարական որեւէ լուրջ հաջողության չի հասել: Հակառակորդի խնդիրը մարդ սպանելը չի, այլ լուրջ ձեռքբերումները: Այդ մարդը պարզապես ճանապարհին կանգնած մարդն է, ով զոհվում է կամ չի զոհվում: Եթե իրավիճակը մենք չթելադրեինք, հիմա դրությունը շատ ավելի վատ կլիներ:
-Իրավիճակը մենք ենք թելադրում, սակայն պարբերաբար զոհեր ենք ունենում…
-Իսկ ո՞վ ասաց, որ նրանց կողմից հնգապատիկ զոհեր չեն լինում: Կրկնում եմ` պատերազմ է:
-ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի հայտնի փակ խորհրդակցությունից հետո, կարծես թե, մահվան դեպքերն ավելացել են: Ինչո՞ւ այդպես ստացվեց: Արդյո՞ք այս իրավիճակը բանակի կառավարման համակարգի թերացումներով է պայմանավորված:
-Պաշտպանության նախարարն ըստ իրավիճակի` սահմանային եւ ոչ միայն, խորհրդակցություններ անց է կացնում բավականին հաճախ: Հրամանատարներին հրահանգներ տալ, խորհրդակցություններ անցկացնել. սա հստակ կանոնակարգ է: Կապել խորհրդակցությունն ինչ-որ իրավիճակի հետ, չեմ կարծում` ճիշտ է: Կառավարման արդյունավետությունը պետք չէ համադրել սահմանային լարվածության հետ: Այն, ինչպես արդեն ասացի, չունի վերջնական դեղամիջոց կամ ահեղ զենք, որը կարող ենք կիրառել եւ լուծել խնդիրը: Ես համարում եմ, որ բանակն արդյունավետ է հակառակորդին դիմակայում: Այլ հարց է, որ մենք ունենք պատերազմ, եւ այն սաստկանում է: Եթե պատերազմը սաստկանում է, եւ մենք ունենք զոհեր, սա չի նշանակում, որ արդյունավետ չենք կռվում: Պարզապես այս տարիների ընթացքում կարծիք է ձեւավորվել, որ եթե զոհեր կան, ուրեմն պարտվում ենք: Բայց այդպես չէ: Փաստն այն է, որ հակառակորդը որեւէ մարտական հենակետ չի կարողացել գրավել: Իսկ սա նշանակում է, որ նա վախենում է: Այսօր հակառակորդն ուրիշ խնդիր է դրել իր առջեւ. եթե հայ զինվորի զոհվելն անհանգստացնում է, ինչը նորմալ է, դա չի նշանակում՝ արդյունավետ չենք աշխատում: Սա այլընտրանք ունի, այն է` լայնամասշտաբ պատերազմը: Բայց բոլորս փորձում ենք խուսափել դրանից:
-Պարո՛ն Հովհաննիսյան, այսօր շատ է խոսվում, որ բանակի բարոյահոգեբանական վիճակի վրա ազդում է պաշտոնյաների որդիների դե ֆակտո դասալքությունը: ՀՀ-ում գործունեություն ծավալող շուրջ 50 հազար միջին եւ բարձր պաշտոն զբաղեցնողներից (խոսքը զինվորականների մասին չէ), գրեթե որեւէ մեկի որդու՝ սահմանում գտնվելու մասին ոչինչ հայտնի չէ: Հնարավո՞ր է՝ ՊՆ-ն առաջիկայում հանդես գա նախաձեռնությամբ՝ պարտադրելով պետական պաշտոնյաներին, որ իրենց որդիները պարտադիր զինվորական ծառայություն անցնեն:
-Պաշտպանության նախարարությունը բազմիցս հանդես է եկել հայտարարությամբ, որ կողմ է տարկետման վերացմանը: Բայց բոլորս էլ հասկանում ենք, որ այս հարցերը լուծելու իրավասությունը պաշտպանությունը չունի: Այդ մարդիկ դիմում են այլ ճանապարհների: ՊՆ-ն զորակոչ իրականացնելու գործառույթները, չեմ ասի` 100 տոկոսով, սակայն 100 տոկոսին շատ մոտ չափով իրականացնում է: Իսկ թե ինչու որոշ մարդիկ այդտեղ չեն հայտնվում, այլ գերատեսչությունների հետեւողական եւ երկարաժամկետ աշխատանքների արդյունքն է: Մեղքն այլ գերատեսչություններինն է:
Զրուցեց ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
ԾԱՂԿԱՍԱՐՈՒՄ ԱՆԱՍՆԱԳԼԽԱՔԱՆԱԿԸ ՊԱԿԱՍԵԼ Է
ՀՀ Արագածոտնի մարզի 30 ընտանիք ունեցող Ծաղկասար համայնքում 2014 թվականին, 2013 թվականի հետ համեմատած, անասնագլխաքանակը կտրուկ պակասել է: Բանն այն է, որ ծաղկասարցիները հրաժարվում են անասնապահությամբ զբաղվելուց, քանի որ անասնակերը՝ խոտի տուկը, ձեռք են բերում թանկ՝ 1500 դրամով, իսկ մսի մեկ կիլոգրամը վաճառում են 1900 դրամով:
Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Ծաղկասարի գյուղապետ Հովհաննես Աբաջյանի հետ:
-Պարո՛ն Աբաջյան, Ծաղկասարի բնակիչները հիմնականում ինչո՞վ են զբաղվում:
-Հողագործություն, անասնապահություն: Երեք-չորս բնակիչ էլ ամեն տարի մեկնում է Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի: Այս երկրում որ ամեն մեկն իր գործով զբաղվի, լավ կլինի: Եթե գյուղացին էլ քաղաքացու նման միս, պանիր, կաթ գնի, ապա հաստատ վատ կլինի: Իսկ հողագործությամբ քիչ մարդիկ են զբաղվում, քանի որ գյուղտեխնիկա չունենք:
-Իսկ գյուղացիները ապրանքի իրացման խնդիր ունե՞ն:
-Այստեղ կաթի մթերման կետեր կան, մարդիկ մեկ լիտր կաթը 180 դրամով են վաճառում: Իսկ մսի արժեքը ցածր է: Պատկերացրեք՝ այսօր խոտի մեկ տուկն արժե 1500 դրամ: Ինչպե՞ս կարող է մարդը այդ գնով անասնակեր ձեռք բերի այն դեպքում, երբ մսի մեկ կիլոգրամը վաճառում է 1900 դրամով: Դրա համար էլ հրաժարվում են անասուն պահելուց: Ի դեպ, խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակն արդեն նախորդ տարվա ընթացքում 30 գլխով պակասել է, ոչխարը՝ 100 գլխով: Ձեռնտու չէ պահել: Մեր գյուղը լեռնային է, իսկ ձմեռը տեւում է մոտ 7 ամիս:
-Իսկ ԵՏՄ-ի հետ ծաղկասարցիներն ի՞նչ հույսեր են կապում:
-Որպես գյուղացի՝ ասեմ, որ մեծ հույսեր ունենք: Ահա՝ 11 հայկական ընկերություն հնարավորություն ունի մսամթերք արտահանելու դեպի ՌԴ, եւ այս ամենի արդյունքում մեր ապրանքների՝ մսի, պանրի, կաթի գները կբարձրանան: Չէ որ հայաստանյան շուկան այդքան էլ մեծ չէ, որ ես սկսեմ 50 խոշոր անասուն պահել: Մրցակցությունն ինչքան շատ լինի, այնքան մեզ համար ավելի լավ: Այնուամենայնիվ, ես ինքս լավատես եմ ու դրական եմ տրամադրված:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԿԻՍԵԼ
«Ժողովուրդ»-ի հավաստի տեղեկություններով՝ Տավուշի մարզի քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում Իջեւանի բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Հրաչյա Ներսիսյանի կողմից յուրացման փաստի առթիվ: Այդ յուրացումները վերաբերում են 2013 թվականին:
Հիշեցնենք, որ 2013թ. սեպտեմբերի 27-ին Իջեւանի բժշկական կենտրոնում կայացել էր տնօրենի պաշտոնի համար մրցույթ: Դրա արդյունքում 2 մասնակիցներն էլ՝ Հրաչյա Ներսիսյանը եւ Վազգեն Մարգարյանը, հաղթող էին ճանաչվել: Մարզպետ Ա. Ղուլարյանի որոշմամբ, սակայն, 2013թ. հոկտեմբերի 1-ին Հ. Ներսիսյանն ազատվել էր պաշտոնից, նրա մեկ այլ որոշմամբ Վ. Մարգարյանի հետ 3 տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր էր կնքվել: Նշենք, որ Հրաչյա Ներսիսյանը Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի եղբայրն է: Հ. Ներսիսյանը նաեւ նախկին մարզպետ, քաղաքաշինության փոխնախարար Արմեն Ղուլարյանի բարեկամն է. Հրաչյայի եւ Արմեն Ղուլարյանի եղբայրները քենակալներ են:
Հ. Ներսիսյանը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան հայց էր ներկայացրել ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման նախարարի եւ Տավուշի մարզպետի: Նա դատարան էր դիմել մրցութային հանձնաժողովի 2013թ. սեպտեմբերի 27-ի երկու որոշումներն անվավեր ճանաչելու եւ իրեն Իջեւանի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնում նշանակել պարտավորեցնելու պահանջով:
2014թ. ապրիլի 29-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Արման Կուրեխյանը վճռել է Ներսիսյանի հայցը մերժել: Այդ վճիռը մտել է օրինական ուժի մեջ: Սակայն դրանից հետո էլ Իջեւանի ԲԿ-ում գործերը չեն կարգավորվել: 2014թ. դեկտեմբերի 8-ին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը կարգադրություն է ստորագրել Վազգեն Մարգարյանի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու մասին: Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում գրված է, որ մարզպետը, հիմք ընդունելով Տավուշի մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի 2014թ. դեկտեմբերի 3-ի աուդիտորական հաշվետվությունը եւ հաշվի առնելով Վ. Մարգարյանի բացատրությունը, կարգադրել է աշխատանքում լուրջ թերությունների եւ խախտումների համար «Իջեւանի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Վ. Մարգարյանի նկատմամբ կիրառել «խիստ նկատողություն» կարգապահական տույժը, կարգադրել է նաեւ 15 օրվա ընթացքում վերացնել հայտնաբերված թերություններն ու խախտումները եւ այդ մասին տեղեկատվություն ներկայացնել:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ