Շարունակվում է “Սիվիլիթաս” հիմնադրամի եւ նրա հիմնադիր Վարդան Օսկանյանին առնչվող` ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցված քրեական գործի նախաքննությունը:
“Սիվիլիթաս”-ից հայտնում են, որ հուլիսի 17-ին Ազգային անվտանգության ծառայությունը հարցաքննությանն է հրավիրել Սիվիլիթաս հիմնադրամի խորհրդի անդամ Կարինե Հարությունյանին: Հուլիսի 18-ին ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը հրաման է ստորագրել, ըստ որի՝ ստուգումները Հիմնադրամում երկարաձգվում են “10 անընդմեջ աշխատանքային օրով”: Սիվիլիթաս հիմնադրամում Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումներ են անցկացնում հունիսի 28-ից, եւ այդ ստուգումների՝ օրենքով նախատեսված ժամկետը լրանում է հուլիսի 18-ին: Օրենքով նախատեսված կարգով՝ Պետական եկամուտների կոմիտեն իրավունք ունի եւս 10 օրով երկարաձգել ստուգումների ժամկետը:
ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը հարուցված քրեական գործին առչնվող հավելյալ փաստաթղթեր է պահանջել “Սիվիլիթաս” հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանից:
Ազգային անվտանգության ծառայությունը մերժել է Վարդան Օսկանյանի՝ իրեն առնչվող քրեական գործի վերաբերյալ փաստաթղթերը հրապարակելու դիմումը՝ նշելով, որ “դիմումին հնարավոր կլինի անդրադառնալ դեպքի վերաբերյալ մանրամասն ցուցմունքներ տալու դեպքում”: