ԵՏՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ՇՓՈԹՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը գործարար աշխարհում լուրջ խնդիրներ է առաջացրել: Օրենսդրական փոփոխությունները, որոնք նախորդ տարվա ընթացքում գրեթե գաղտնի էին պահվում, այս պահին հայ գործարարների համար լրջագույն խնդիր են դարձել: Գործարարների պնդմամբ՝ մինչ օրս առկա տեղեկատվությունը բավական հակասական է: Տեղեկատվության տրամադրման նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունը Հայաստանի տարբեր քաղաքներում շահագրգիռ հարկ վճարողների համար կազմակերպել է «Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու կապակցությամբ Հայաստանի հարկային օրենսդրական եւ վարչարարական նորամուծությունները» խորագրով տեղեկատվական հանդիպումների շարք:

Ըստ ֆինանսների նախարարության՝ այս հանդիպումները նպատակ ունեն բարձրացնելու հարկ վճարողների իրազեկվածությունը 2015-ից ուժի մեջ մտած հարկային եւ հարակից օրենսդրության փոփոխությունների եւ վարչարարության նորությունների վերաբերյալ:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում գործարարների մեծ մասը հայտարարեց, որ իրենք տեղեկացված չեն, ինչը ուշացումով է նկատվել համապատասխան կառույցի՝ ֆինանսների նախարարության կողմից: Թեեւ վերջինս պարտավոր էր ավելի շուտ եւ հնարավորինս հանրամատչելի ձեւով մեծ ու փոքր ձեռնարկատերերին ներկայացնել այն փոփոխություններն ու նորմածությունները, որոնք կատարվել են կամ պետք է կատարվեն: Այս իմաստով բոլոր այն գործարարները, ովքեր ՖՆ-ի կողմից կազմակերպած հանդիպմանը ներկա էին, համոզվեցին, որ իսկապես տեղեկացվելու կարիք ունեն:
«Ժողովուրդ»-ը զրուցեց ֆինանսների նախարարության կազմակերպած հանդիպումներին մասնակցած գործարարներից մի քանիսի հետ: Նրանք նշեցին, որ դեռ չգիտեն, թե ինչ է լինելու: Այն գործարարները, որոնք ՌԴ-ի հետ որոշակի գործընկերային հարաբերություններ ունեն, անհամեմատ ավելի լավատես են, իսկ նրանք, ովքեր եվրոպական երկրների հետ են համագործակցում, բնականաբար, ընկճված են: Եվրոպական երկրներից ապրանք ներմուծող ընկերությունների ներկայացուցիչները սկսել են արդեն ուսումնասիրել ռուսական շուկան՝ հասկանալու համար, թե ի՞նչ որակի, ի՞նչ գնով եւ ի՞նչ եղանակով կարող են նույն ապրանքը ներմուծել ՀՀ:
«ՄՎՄ Լյուքսուս» ընկերությունն արդեն երկու տարի է, ինչ գործում է: Այս ընկերությունը Գերմանիայից տնտեսական ապրանքներ, հատկապես մաքրող միջոցներ է ներմուծում: Ընկերության տնօրեն Վազգեն Մարդոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մտահոգվեց՝ նշելով, որ ԵՏՄ-ին անդամակցելու հետեւանքով ընկերությունը կարող է կանգնել լուրջ դժվարությունների առաջ: «Այս պահին կոնկրետ ինձ համար դրսից ներկրելը խնդիր է դարձել: Նախկինում սահմանված մաքսատուրքի չափը ցածր էր, իսկ հիմա այն բարձրանալու է: Հետեւաբար ապրանքատեսակն էլ կթանկանա: Ինչպես հայտնի է՝ գերմանական արտադրանքը թանկարժեք է, իսկ դա նշանակում է, որ այն բարձր մաքսատուրքերով ներմուծելուց հետո, է՛լ ավելի կթանկանա: Հույսեր չեմ կապում ԵՏՄ-ի հետ»:
«ՄՎՄ Լյուքսուս» ընկերության ներկայացուցիչը տեղեկացրեց նաեւ, որ արդեն սկսել է ուսումնասիրել ռուսական շուկան: «Հիմա ուսումնասիրում եմ ռուսական շուկան, որպեսզի որոշակի ապրանքատեսակներ սկսեմ ներմուծել Ռուսաստանի Դաշնությունից: Համացանցի միջոցով փորձում եմ գտնել որեւէ ընկերություն եւ պայմանավորվածություն ձեռք բերել ապրանք ներմուծելու նպատակով: Այս պահին հարմար ապրանքատեսակ չեմ կարողանում գտնել: Պետք է միայն որակով ապրանք գտնել, որովհետեւ ես կարծում եմ, որ միայն այդպես կարող եմ հաջողության հասնել»,-ներկայացրեց մեր զրուցակիցը:
Հանդիպմանը ներկա մյուս գործարարը՝ «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպության նախագահ Հունան Հունանյանը, իրեն հետաքրքրող մի շարք հարցեր հնչեցրեց: «Փորձում եմ հասկանալ, թե ինչ փոփոխություններ են լինելու: Մեր ՀԿ-ն բարեգործական բեռներ է ԱՄՆ-ից Հայաստան ներմուծում: Հիմա հետաքրքիր է, թե ինչպես է այդ գործընթացն իրականացվելու ԵՏՄ-ին անդամակցելուց հետո: Այսինքն՝ որքանով են այս փոփոխություններն ազդելու մեր գործունեության վրա»,-«Ժողովուրդ»-ին փոխանցեց Հունանյանը:
Նկատենք, որ այս պահին գործարարների մի մասը մտահոգված է հայաստանյան շուկայում ձեռք բերված փոքրիկ տեղը չկորցնելու խնդրով: Այնուամենայնիվ, նրանք համոզված են, որ եթե սպառողը վարժվել է որակյալ, բայց թանկարժեք ապրանք գնելուն, ապա նա պատրաստ է հետայսու նույնպես ծանոթ ապրանքատեսակը չփոխարինել նոր եւ դեռեւս անհայտ ապրանքով:
Գործարարների հետ հանդիպման նախաձեռնությունը, իհարկե, ողջունելի է, քանի որ պետական կառույցը, տվյալ դեպքում՝ ֆինանսների նախարարությունը, փորձ է անում նման դասընթացների միջոցով տեղեկացվածության խնդիրը լուծել: Բայց լավ կլիներ, որ դա արվեր ժամանակին՝ երկրում նման մեծ տնտեսական փոփոխությունների մեկնարկից առաջ, այլ ոչ թե հետո:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԲՌՆՈՒԹՅԱՄԲ
ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Կարեն Մեժլումյանը հանդես է եկել հայտարարությամբ` կապված հունվարի 15-ին Գյումրիում եւ Երեւանում տեղի ունեցած ինքնաբուխ բողոքի ակցիայի ժամանակ իրավաբաններին բերման ենթարկելու հետ: Հայտարարության մեջ ասվում է. «2015թ. հունվարի 15-ին Գյումրի եւ Երեւան քաղաքներում տեղի են ունեցել բողոքի զանգվածային միջոցառումներ՝ Գյումրու ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից 2015թ. հունվարի 12-ին Գյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանության կապակցությամբ:
Նույն օրը՝ երեկոյան ժամը 22:00-ի սահմաններում, մի քանի տասնյակ քաղաքացիներ մասնակցել են Երեւանի Ազատության հրապարակում տեղի ունեցող մոմավառությանը: Նշված խաղաղ հավաքի վայրում են գտնվել նաեւ ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ Լուսինե Սահակյանը, պալատի անդամներ Ավետիք Իշխանյանը եւ Արգիշտի Կիվիրյանը: Ի թիվս հավաքի մասնակից մի քանի տասնյակ քաղաքացիների՝ ժամը 22:15-ի սահմաններում Ա. Իշխանյանը, իսկ 23:05-ի սահմաններում Լ. Սահակյանն ու Ա. Կիվիրյանը բռնության գործադրմամբ զրկվել են ազատությունից ու տեղափոխվել ոստիկանության տարբեր բաժիններ:
Ա. Իշխանյանը տեղափոխվել է ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղ շուրջ երկու ժամ անազատության մեջ պահվելուց հետո, նրան հայտնել են, որ ոստիկանության բաժին է բերվել իբր իր կողմից ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու փաստի առթիվ իրականացվող վարչական վարույթի շրջանակներում: Լ. Սահակյանն ու Ա. Կիվիրյանն առանց որեւէ պատճառաբանության տեղափոխվել են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնին հարակից տարածք, ապա կրկին առանց որեւէ պատճառաբանության բերման ենթարկված եւս մեկ քաղաքացու հետ 50 րոպե անց ազատ են արձակվել՝ անգամ առանց ոստիկանության բաժին մուտք գործելու:
ՀՀ փաստաբանների պալատը խորը մտահոգություն հայտնելով իր անդամների իրավունքների ու ազատությունների սահմանափակման փաստով՝ կոչ է անում պատկան մարմիններին կատարվածի կապակցությամբ իրականացնել համապարփակ քննություն, որի արդյունքներով պատասխանատվության ենթարկել մեղավոր անձանց»:

 

ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ մեկ շաբաթվա ընթացքում (հունվարի 9-16) Ռուսաստանի ոսկեարժութային պահուստները կրճատվել են 6.8 միլիարդ դոլարով՝ նվազելով մինչեւ 379.4 միլիարդ դոլարի: Այդ մասին նշված է Կենտրոնական բանկի նյութերում: 2014 թ. դեկտեմբերի արդյունքներով՝ Ռուսաստանի ոսկեարժութային պահուստները նվազել են 33.42 միլիարդ դոլարով: Դեկտեմբերի 25-ին Կենտրոնական բանկը պարզաբանեց, որ պահուստները կրճատվում են բանկերին արժութային վարկեր տրամադրելու պատճառով: Դեկտեմբերի 23-ին հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի ոսկու պաշարները նոյեմբերին աճել են 19 տոննայով՝ հասնելով 1187.5 տոննայի, ինչն առավելագույն ցուցանիշ է վերջին 20 տարվա համար:

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Քաջարանում հեպատիտ C-ով վարակված հիվանդները ՀՀ առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում են: Երեկ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը. «Հիվանդների բուժումը կազմակերպվելու է ամենաբարձր մակարդակով»: Ըստ նախարարի` կազմվել է աշխատանքային խումբ` փոխնախարարի ղեկավարությամբ, որը մեկնել եւ տեղում կազմակերպել է աշխատանքները. «Այս հարցն այսօր օրակարգային ամենակարեւոր հարցերից մեկն է»: Նախարարի խոսքով` այժմ մշտադիտարկումներ են անցկացվում ամբողջ առողջապահական ցանցում:

 

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ ԵՆ
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի տնտեսությունը շարունակում է մնալ առավել քիչ դիվերսիֆիկացված, քան ԽՍՀՄ-ի տնտեսությունը: Այս մասին հայտարարել է «Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի» (ՎԶԵԲ) ղեկավար Սումա Չակրաբարտին. «Մենք հետազոտություն ենք անցկացրել 2012 թվականին, ինչը ցույց է տվել, որ Ռուսաստանն առավել պակաս դիվերսիֆիկացված է, քան Խորհրդային Միությունը: Նա ավելի քիչ դիվերսիֆիկացված է ներկայումս, ընդ որում` ինչպես սեկտորային, այնպես էլ տարածաշրջանային ասպեկտներով: Դա արտասովոր եզրակացություն է: Սակայն (բարեփոխումների մասին) քաղաքական որոշումները հետաձգվել են, այդ թվում նաեւ նրա համար, որ բարձր մակարդակի վրա են պահպանվել նավթի գները: Ներկայումս ժամանակն է՝ դիվերսիֆիկացմամբ լրջորեն զբաղվելու համար»:




Լրահոս