«ԳԵՐԱԿԱՆ ՈՉ ԹԵ ՀԱՆՐԱՅԻՆ, ԱՅԼ ԱՆՁՆԱԿԱՆ ՇԱՀՆ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ուզում եմ՝ քանդում եմ, ուզում եմ՝ սարքում եմ. ինչ ուզում եմ՝ անում եմ». «Մեր քաղաքը» նախաձեռնության անդամ Վարդան Գերավետյանի համոզմամբ՝ հենց այս կարգախոսով են առաջնորդվում Երեւանի քաղաքային իշխանությունները: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Վարդանն անդրադարձել է մայրաքաղաքի մշակութային եւ ճարտարապետական խնդիրներին:

-Ըստ Ձեզ՝ մայրաքաղաքի համար այսօր մշակութային ամենահրատապ խնդիրը ո՞րն է:
-Կարծում եմ՝ իր հրատապությամբ առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներից մեկն առնչվում է «Հին Երեւան» նախագծին. անհրաժեշտ է այն կյանքի կոչել, թեեւ պետք է նկատել, որ եթե անգամ որոշ շինություններ էլ վերականգնվեն, անունը դնեն «Հին Երեւան», միեւնույն է՝ հին քաղաքի այդ ընդհանուր մթնոլորտն արդեն, ցավոք, կորցրել ենք: Օրինակ՝ Արամի, Բուզանդի փողոցներում մշակութային արժեք ներկայացնող շինություններ կան, որոնք քանդվում ու չգիտես, թե ուր են տարվում: Միեւնույն ժամանակ Ամիրյան, նույն Բուզանդ փողոցներում բարձրահարկ շենքեր են կառուցել, որոնք ստվեր են գցում հին շենքերի վրա:
Առաջնահերթ պետք է ուշադրություն դարձնել նաեւ այն շենքին, որտեղ բնակվել է պետական, հասարակական գործիչ, Հայոց նորագույն պետականության հիմնադիր Արամ Մանուկյանը: Կառույցը վերականգնման կարիք ունի, իսկ ահա իշխանությունների վերաբերմունքն այդ արժեքին արհամարհանք է մեր պետականության, անկախության, ժողովրդի արժանապատվության հանդեպ: Ընդ որում, բացի վերանորոգումից, հարկ կլինի նաեւ այդ տեղում Արամ Մանուկյանի պատվին թանգարան բացել:
-Ի՞նչ եք կարծում՝ նման անտարբերությունն արդյո՞ք նաեւ պատկան մարմինների անտեղյակության եւ անգրագիտության հետեւանքը չէ:
-Այո՛, երբ մարդիկ տգետ են, նրանք պատկերացում չունեն, թե ինչ են կորցնում: Օրինակ՝ Երեւանի փոխոստիկանապետի համար ծածկած շուկան կարող է ընդամենը մի սովորական «բազար» լինել. մարդը չի գիտակցում դրա արժեքը: Հիշում եմ, որ երբ, օրինակ, ԱՕԿՍ-ի շենքը քանդեցին, միակ մարդը, ով այդ դեպքի առթիվ դիմեց ոստիկանություն, ես էի: Այս պարագայում չես հասկանում, թե որն է ՀՀ մշակույթի նախարարության ֆունկցիան:
-Բանն այն է, որ քաղաքային իշխանությունը տպավորություն է ստեղծում, թե իբր ինչ քանդում է, օրենքի համաձայն է քանդում…
-Նրանք պարզապես որեւէ պատրվակով հասցնում են շենքն իրապես վթարային վիճակի եւ հետո պատճառաբանում, թե ըստ օրենքի՝ այն պետք է քանդվի: Մեր քաղաքում գործում է իշխանությունների հետեւյալ կարգախոսը. «Ուզում եմ՝ քանդում եմ, ուզում եմ՝ սարքում եմ, ինչ ուզում եմ՝ անում եմ»: Տեսեք, թե ինչ եղավ, օրինակ, Աֆրիկյանների շենքը քանդելուց հետո: Մինչ այդ ճարտարապետ Լեւոն Վարդանյանը ակտիվ կերպով քարոզում էր, որ ամեն ինչ նորմալ կլինի, սակայն այն քանդվեց, եւ հիմա դրա փոխարեն հարթ տարածք է: Գերակա է ոչ թե հանրային, այլ անձնական շահը: Հիմա զգում եմ, որ Աֆրիկյանների շենքի ճակատագրին է արժանանալու նաեւ ԱԻՆ-ի նախկին շենքը: Այն հիմա փակ է, եւ տարօրինակ է, որ քաղաքի կենտրոնում գտնվող, բավական հետաքրքիր արտաքինով այդ շինությունը չի շահագործվում: Ակամայից ենթադրում ես, որ դրա հետ կապված եւս հեռահար նպատակներ կան:
-Այնպիսի տպավորություն է, որ Երեւանի ավագանին ձեւական բնույթ է կրում, քանզի ավագանու անդամների խոսքը նման կարեւոր պահերին առանձնապես նշանակություն չի ունենում:
-Սկսենք այնտեղից, որ մշակույթի նախարարությունը մշակութային արժեքների ոչնչացման դեպքերի առթիվ չի դիմում ՀՀ դատախազությանը, չի պարտադրում քրեական գործ հարուցել: Մտածում եմ՝ գուցե այդ կառույցները, առհասարակ, փակվեն. ավելորդ գումար են աշխատում: Իսկ ավագանու անդամների մեծ մասը հանրապետականներ են, մյուսների խոսքն էլ չգիտես՝ որքանով է անկեղծ… Ի վերջո, բոլորս մի բան ենք հասկացել. մինչեւ իշխանությունների շրջանում համակարգային փոփոխություններ չգրանցվեն, մեր նշած ոչ մի խնդիր չի լուծվելու: Այնուամենայնիվ, նախաձեռնության վերաբերմունքն առկա խնդիրներին չի փոխվել, եւ մենք շարունակելու ենք պայքարել:

 

 

 

ՀԱՅՏՆԻՆԵՐՆ ԷԼ «ԾԱՌԱՅՈՒՄ ԵՆ» ԻՐԵՆՑ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ

Հայրենի հողին ամուր կանգնելու հուսալի երաշխիքն այսօր հայ զինվորն է: Հայոց բանակի մի մասնիկն էլ կազմում են հայտնիների զավակները, ովքեր, ի տարբերություն իրենց ծնողների որոշ գործընկերների դասալիք որդիների, չեն խուսափել եւ մեկնել են հայրենիքին ծառայելու: Եվ հատկապես այժմ, երբ սահմանին լարված իրավիճակ է, նրանց մասին հիշելն առավել քան տեղին է:

Երգիչ, հաղորդավար-շոումեն Սամվել Գրիգորյանը, օրինակ, որդուն օրերս է ճանապարհել բանակ: Նա չի ընդունում հայրերի՝ որդիներին «բանակից փախցնելու» տարածված միտումը: «Եթե ամեն մեկն այդ քայլին դիմի, մեր սահմաններն անտեր կմնան: Ինքս երբեւէ զինվոր չեմ եղել եւ մտածել եմ՝ գոնե որդիս ծառայի: Եթե նայենք սահմանի լարված իրավիճակին, պետք է Հայաստանից գնանք: Իսկ եթե ապրում ենք այստեղ, ուրեմն պատասխանատու ենք ամեն ինչի համար»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց հաղորդավարը: Նա նաեւ խոստովանեց, որ որդուն բանակ ուղարկելուց հետո փոխվել է զինվորի հանդեպ ունեցած վերաբերմունքը. «Ցանկացած պատահական զինվորի ուզում եմ մոտենալ, գրկել ու համբուրել, խոնարհվում եմ բոլորի առջեւ եւ անփորձանք ծառայություն եմ մաղթում»,-ասաց նա:
Ռադիոհաղորդավարուհի Անկա Սարիբեկյանը եւս հպարտ է, որ զինվոր ունի հայոց բանակում. եղբայրն է այնտեղ ծառայում: Նա եթերից մշտապես առաջինը ողջունում է հենց հայ զինվորին. «Զինվորի հետ ծառայում է նաեւ նրա ընտանիքը: Գիտեմ, թե այս ժամանակահատվածում որքան դժվար իրավիճակ է ծառայողի եւ նրան սպասողի համար: Բոլորին լավատեսություն եմ մաղթում»,-ասաց հաղորդավարուհին: Անկայի խոսքով՝ ամեն անգամ մեր բանակի վերաբերյալ «վատ լուրեր» կարդալիս՝ իր կյանքից տարիներ են գնում, ուստի ուզում է մեր երկիրը խաղաղ տեսնել: «Ինքս մարտական եմ տրամադրված, եթե պետք լինի, ես էլ կծառայեմ»,-կես-կատակ, կես-լուրջ նշեց հաղորդավարուհին:
Երգիչ Արմեն Խուբլարյանն էլ, ում որդին եւս ծառայում է հայոց բանակում, թեեւ շատ լավ պատկերացնում է, որ այսօր սահմանին իրավիճակը լարված է, այնուամենայնիվ գիտակցում է, որ հայրենիքի անվտանգության հարցը հենց զինվորի ձեռքում է. «Վախենում ենք, որ գնում, սահմանին կանգնում են, բայց ուրիշ ոնց անեն, բոլորը որ հետ կանգնեն, ո՞վ պետք է ծառայի…»,-նկատեց նա:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 

ՓԵԼԵՇՅԱՆԸ ՄԵՔՍԻԿԱՅՈՒՄ
Այս տարի մեքսիկական «Ambulante» կինոփառատոնում կցուցադրվեն հայ անվանի ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը: Փառատոնի պաշտոնական կայքից՝ ambulante.com-ից տեղեկանում ենք, որ ներկայացվելու են Փելեշյանի «Տարվա եղանակներ» եւ «Վերջ» ֆիլմերը: Փառատոնն այս տարի կանցկացվի հունվարի 29-ից մայիսի 3-ը, Մեքսիկայի 12 նահանգներում:Հիշեցնենք, որ Արտավազդ Փելեշյանն արժանացել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի, նա ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ է, ՀՀ ժողովրդական արտիստ, այժմ բնակվում է Մոսկվայում:

 

ՄԻՍՏՐ ԲԻՆԸ  ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է
60-ամյա Ռոուեն Աթքինսոնը կատակերգական Միստր Բինի կերպարով այս տարվա գարնանը կվերադառնա էկրան՝ BBC-ի բարեգործական հեռուստամարաթոնի շրջանակում: The Telegraph-ի փոխանցմամբ՝ դերասանն արդեն ավարտել է նկարահանումները: Նրա մասնակցությամբ դրվագը կցուցադրվի մարտի 13-ին: Հիշեցնենք, որ «Միստր Բին» հեռուստասերիալը, որը մեծ լսարան ուներ Մեծ Բրիտանիայում, ավարտվել է 1995թ.-ին: Իսկ արդեն 1997-ին եւ 2007-ին կատակերգական հերոսի մասին նկարահանվել են կարճամետրաժ ֆիլմեր:

 

ՌՈՆԱԼԴՈՒԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՂ Է ԳՏԵԼ
Արդեն տեղեկացրել ենք, որ ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի եւ մոդել Իրինա Շեյքի սիրավեպն ավարտվել է: Երբ այս մասին հայտնի դարձավ հանրությանը, մարդիկ փորձեցին ենթադրել, թե ինչը կարող էր նրանց բաժանման պատճառ դառնալ: Հայտնի է, որ Ռոնալդուն ժամանակ չկորցրեց եւ միանգամից նոր սիրավեպ սկսեց 26-ամյա իսպանացի հաղորդավարուհու հետ: Օրերս, արդեն, արեւմտյան մամուլին հայտնի է դարձել, որ Շեյքը եւս հետ չի մնացել նախկին սիրեցյալից: Խոսակցություններ են պտտվում այն մասին, որ մոդելն այժմ հանդիպում է ղազախստանցի Դուեյն Ջոնսոնի հետ, որը «Հերկուլես» ֆիլմում եղել է իր խաղընկերը: Ասում են՝ ֆիլմում նկարահանվելուց հետո դերասանի եւ մոդելի միջեւ սիրավեպ է սկսվել: Նրանցից եւ ոչ մեկը չի մեկնաբանել շրջանառվող լուրը:




Լրահոս