Հունվարի 22-ի գիշերը սահմանում լարված իրավիճակ է եղել: Հայկական կողմը զոհեր է ունեցել:ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում երեկ առավոտյան գրառում էր կատարել` տեղեկացնելով. «Հակառակարոդը ՀՀ եւ ԼՂՀ ողջ սահմանի տարբեր հատվածներում շարունակում է դիվերսիաների եւ հարձակումների մարտավարությունը: Ադրբեջանական զինված ուժերը, հաշվի չնստելով իրենց մեծաթիվ կորուստների հետ, որոնք ուղղակի կոպտորեն թաքցնում են, շարունակում են մարտավարապես անիմաստ դիվերսիաներ իրականացնել: Գիշերվա ընթացքում խախտումների ընդհանուր թիվը անցնում է 300-ը»:
«Այսօր (երեկ Ս. Գ.) առավոտյան՝ ժամը 9:00-ի սահմաններում, ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակում են իրականացրել նաեւ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ: Հայկական բանակի համապատասխան ստորաբաժանումների կողմից ժամանակին հայտնաբերվելով՝ մարտ է սկսվել, որը տեւել է շուրջ կես ժամ: Հակառակորդը կորուստներ կրելով եւ մարտական խնդիրը չկատարելով՝ հետ է շպրտվել, սակայն, ցավոք, հայկական կողմն ունի երկու զոհ եւ վիրավորներ: Զոհվել են լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը եւ շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյանը: ՀՀ ՊՆ-ը կիսում է մեր շարքերից հեռացած զինծառայողների կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունն է հայտնում նրանց ընտանիքներին ու հարազատներին: Լարվածության ողջ պատասխանատվությունն ու հետեւանքները մնում են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության խղճին»,-նշել էր մամլո խոսնակը:
Այնուհետեւ ՀՀ Պնախարարի մամուլի քարտուղարն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրեց. «Ադրբեջանական կողմը շարունակում է իր լկտի քաղաքականությունը սեփական զինվորների ու նրանց հարազատների հանդեպ: Այսօր (երեկ Ս. Գ.) միայն ցերեկային ժամերին նրանք կորցրել են երեք զինծառայող Քարվաճառի հատվածում, իսկ Արցախի հարավում մեկ դիպուկահար խմբի հրամանատար, որը ընկել է հայուհու դիպուկ գնդակից: Ադրբեջանի քաղաքացիները թող իմանան, որ իրենց զավակները ոչ միայն զոհվում են, այլ նաեւ անարգվում սեփական ղեկավարության կողմից»:
Իսկ արդեն մի քանի ժամ հետո ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեկնեց Տավուշի մարզ՝ տեղում ծանոթանալու իրավիճակին: Սակայն ՊՆ մամլո խոսնակը որեւէ տեղեկատվություն չտրամադրեց, թե ի՞նչ է պարզել նախարարը, եւ կոնկրետ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում իրավիճակի կայունացման ուղղությամբ: Միեւնույն ժամանակ Տավուշի մարզ էր մեկնել նաեւ ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: «Ժողովուրդ»-ը նախարարից փորձել է պարզել, թե ինչ իրավիճակ է Տավուշի մարզում:
-Պարո՛ն Երիցյան, ըստ մեր տեղեկությունների՝ ամբողջ գիշեր Տավուշի մարզի Չինարի գյուղը ռմբակոծվել է, ի՞նչ է կատարվում այդտեղ, ի՞նչ վիճակում է գյուղը:
-Իրավիճակը նորմալ է, գյուղի վրա գնդակոծություն չկա, Չինարիում ես հանդիպում եմ ունեցել բնակիչների հետ, այնուհետեւ Մովսես գյուղում եմ եղել: Ժողովուրդը հավաքվեց, զրուցեցինք, իրենց հետաքրքրող բոլոր հարցերին պատասխաններ տրվել են: Ինձ հետաքրքրում էր, թե այնտեղ ինչ խնդիրներ կան, եւ ինչով կարող ենք նրանց օգնել: Մի խոսքով՝ կարող եմ ասել, որ վիճակը նորմալ է: Դե, գիտեք՝ գյուղացիների հետ խոսելը, իրենց խնդիրներին ծանոթանալն այսօր շատ կարեւոր է, իսկ գյուղացու խնդիրները բազմատեսակ են: Ժողովուրդը շատ հարցեր ուներ, ես էլ դրանց պատասխանեցի: Մարզպետին, համապատասխան մարդկանց հանձնարարականներ եմ տվել, ու այսպիսի հանդիպումներ շատ հաճախ են լինելու: Այն հարցերը, որոնք առկա են գյուղում, մենք միասին լուծելու ենք:
-Քանի որ իրավիճակը սահմանում լարված է, ու ամեն վայրկյան հակառակորդը կարող է գնդակոծել գյուղը, արդյո՞ք քննարկել եք, թե ինչ պետք է արվի` գյուղի անվտանգության եւ մարդկանց բնականոն կյանքն ապահովելու ուղղությամբ:
-Կարվի, ամեն ինչ կարվի, որպեսզի գյուղացին զգա, որ մենք իրենց կողքին ենք: Ես ուզում եմ գյուղ գնալը իմ աշխատելաոճը լինի ընդհանուր առմամբ: Նեղ պահին ես պետք է անպայման իրենց կողին լինեմ, դա եմ ես այսօր իմ առջեւ խնդիր դրել: Գյուղացին պետք է տեսնի, որ մարզպետը, նախարարը, բոլորն իրենց կողքին են: Բայց ես կարող եմ մի բան ասել, այնտեղ որեւէ պանիկա չկա: Ես այնտեղ էլ եմ ասել` ես հպարտ եմ, որ մենք ձեր նման ժողովուրդ ունենք: Շատ հանգիստ են իրենք, իրենք ասում են, որ դա իրենց գյուղն է, իրենց ապրելակերպն է, իսկ մենք էլ կտեսնենք՝ ինչով կկարողանանք, օգտակար կլինենք:
Երեկ լրագրողները փորձեցին նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանից պարզել, թե իր ղեկավարած գերատեսչությունն ի՞նչ է անում ադրբեջանական ագրեսիան կանխելու համար: Սակայն լրագրողների հարցերը մնացին անպատասխան, քանի որ Է. Նալբանդյանը հրաժարվեց ընդունել լրագրողներին: «Ժողովուրդ»-ը փորձում էր նախարարին ուղղել հետեւյալ հարցերը, որոնք անպատասխան մնացին:
-Արդյո՞ք ՀՀ ԱԳՆ-ն դիմել է ԵԱՀԿ-ին՝ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի պերմանենտ խախտումների շուրջ վերջինիս գնահատականը եւ ձեռնարկվելիք գործողությունները պարզելու նպատակով:
-ԱԳՆ-ն դիվանագիտական ինչպիսի՞ աշխատանք է տանում հակառակորդի կրակոցների կանխարգելման նպատակով: Հրադադարի ռեժիմի անընդմեջ խախտումների վրա միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրելու նպատակով կոնկրետ ո՞ր կազմակերպություններին է դիմել ԱԳՆ-ն, արդյո՞ք այդ հարցով դիմել են նաեւ ՀԱՊԿ-ին:
-Մոսկվայում, Փարիզում եւ Վաշինգտոնում ՀՀ դեսպանատներն ի՞նչ են անում, կոնկրետ ի՞նչ հանձնարարություններ են ստացել ՀՀ ԱԳ նախարարից:
ՊԱՐԶ ՉԷ` ԵԽԽՎ-ՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՄԻՋԱԴԵՊԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՐՑ ԿԼԻՆԻ՞
Երեկ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների հետ:
Խորհրդակցությանը մասնակցել է նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ «Սահակյանը խորհրդակցության ընթացքում կարեւորել է ԱԳՆ-ի եւ խորհրդարանի համագործակցությունը, որի նպատակն է զարգացնել խորհրդարանական դիվանագիտությունը եւ մեր երկրի շահերի արդյունավետ պաշտպանությունը միջազգային բոլոր կառույցներում: ՀՀ արտաքին գործերի նախարարը հանձնաժողովին հանգամանալից ներկայացրել է արտաքին քաղաքական զարգացումները, քննարկվել է հետագա աշխատանքը կազմակերպելու հիմնական ռազմավարությունը»:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը կանցկացվի հունվարի 26-ից 30-ը: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ խորհրդակցությունը որեւէ արտառոց բանով աչքի չի ընկել, այս անգամ առանձնահատուկ է եղել միայն այն, որ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն է բարեհաճել ներկայանալ խորհրդակցությանը: Մեր տեղեկությունների համաձայն՝ քննարկվել է ԵԽԽՎ նստաշրջանում ձեւավորված օրակարգը ու այն, թե ընդգրկված հարցերի վերաբերյալ ինչ դիրքորոշում պետք է հայտնի հայկական պատվիրակությունը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության եւ ԵԽԽՎ պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել՝ արդյո՞ք հայկական պատվիրակությունը պատրաստվում է սահմանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ զեկույցով հանդես գալ կամ այդ հարցն ընդհանրապես բարձրաձայնել: «Այս իրավիճակի հետ կապված ԵԽԽՎ օրակարգում որեւէ հարց ընդգրկված չէ, բայց որեւէ հարմար ձեւաչափով պատվիրակությունը կքննարկի այն բարձրացնելու հարցը»,-հայտարարեց պատգամավորը:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ՉՆՉԻՆ ԳՆԱՃ
Պարզվում է՝ անցած տարի դեկտեմբերին հունվարի համեմատ Հայաստանում գները թանկացել են ընդամենը 3 տոկոսով: Հասկանում ենք, որ նման անհեթեթ պնդումը կզարմացնի մեր ընթերցողին, սակայն սա պաշտոնական տվյալ է:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է «Սպառողական գների ինդեքսը (գները) ՀՀ-ում 2014 թվականի հունվար-դեկտեմբերին» տեղեկագիրը: ԱՎԾ տվյալներով՝ նախորդ տարեվերջին, նույն տարվա հունվար ամսվա համեմատ՝ պարենային մթերքի շուկայում գնաճը կազմել է 4,9 տոկոս: Իսկ ոգելից խմիչքների շուկայում գնաճը կազմել է 3,1 տոկոս: Դեղորայքի շուկայում, ըստ ԱՎԾ-ի, գնաճը կազմել է ընդամենը 2 տոկոս: Այն, որ ԱՎԾ-ի թվերն իրականության հետ կապ չունեն, վաղուց հայտնի իրողություն է: Բայց, դե, սուտն էլ չափ ու սահման պետք է ունենա: Մարդիկ իրենց աչքերով տեսնում են, որ ապրանքների գները դեկտեմբերին 10-30 տոկոսով են իրականում թանկացել, իսկ ԱՎԾ-ն փորձում է մարդկանց համոզել, որ իրենց տեսածին չհավատան: Թերեւս վաղուց ժամանակն է, որպեսզի այս կառույցը անվանափոխվի «Վարդագույն իրականության մատուցման ծառայություն»: Դրանից հետո նրանց ներկայացրած թվերն այլեւս ոչ մեկի չեն զարմացնի կամ զայրացնի:
ԱՎԵԼՑՈՒԿ ԿԱ՞
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ «Արաքս» թռչնաֆաբրիկան Ամանորի նախաշեմին մեծ քանակությամբ հավկիթ է ներկրել Հայաստան եւ այն տեղական արտադրանքի անվան տակ վաճառել: Սակայն ներկրված հավկիթն ընկերությունը չի հասցրել սպառել, ինչի արդյունքում ավելցուկ է կուտակվել: Տեղեկությունները ճշտելու համար «Ժողովուրդ»-ը դիմեց «Արաքս» թռչնաֆաբրիկայի տնօրեն Ցոլակ Մազմանյանին, ով լսելով հարցը՝ կարճ պատասխանեց. «Ո՛չ, նման բան չկա»: Տեղեկացնենք, որ նշված թռչնաֆաբրիկայի սեփականատերն է Խաչիկ Խաչատրյանը:
ՈՎ ԿԳՆԱ, ՈՎ ՈՉ
Հունվարի 26-ից 30-ը նախատեսված Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանին չեն մասնակցի ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Հովհաննիսյանը եւ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նրանք հրաժարվել են ԵԽԽՎ նիստին մասնակցելուց` առողջության հետ կապված խնդիրներ ունենալու պատճառաբանությամբ: Այս անգամ ԵԽԽՎ պատվիրակության կազմում Ստրասբուրգ կմեկնեն ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, ով պատվիրակության ղեկավարն է, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամներ Արփինե Հովհաննիսյանը եւ Նաիրա Կարապետյանը, ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: