Ի՞ՆՉ ՍՈՎՈՐԵՑ ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿԱԼԱՆԱՎԱՅՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դերասան Վարդան Պետրոսյանի պաշտպանական ճառը կրքեր բորբոքեց: Բանն այնտեղ հասավ, որ դատական կարգադրիչները ստիպված եղան տուժող կողմից Արթուր Հակոբյանի ձեռքերից քաշքշելով՝ նիստերի դահլիճից դուրս հրավիրել, իսկ ավելի ուշ սկսվեց վիճաբանություն Վարդան Պետրոսյանի եւ տուժող կողմի հարազատների միջեւ:

Հիշեցնենք, որ 2013թ. հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երեւան ավտոճանապարհին բախվել էին BMW մակնիշի ավտոմեքենան, որը պատկանում է դերասան Վարդան Պետրոսյանին, եւ Վազ 2121 մակնիշի ավտոմեքենան, որը պատկանում է Հակոբյանների ընտանիքին: Վթարի հետեւանքով երկու երիտասարդ մահացել էին: Վարդան Պետրոսյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ: Տուժող կողմը փորձում է ապացուցել, որ Վարդան Պետրոսյանը վթարի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ եւ գերազանցել է թույլատրելի արագությունը: Դերասանը հերքում է այդ վարկածը եւ իր հերթին փորձում ապացուցել, որ տուժող կողմի մեքենան կայանած է եղել ոչ թե ճանապարհի կողնակին, այլ երթեւեկելի գոտում, ունեցել է անսարքություններ: Շուրջ մեկ տարի երեք ամիս տեւած դատաքննությունը ուղեկցվել է աղմկալի միջադեպերով, եւ երեկ էլ դատական նիստի ընթացքում վիրավորանքներն ու քաշքշուկներն անպակաս էին:
Դատարանում երեկ պաշտպանական ճառով առաջինը հադես եկավ դերասանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը, որ վերլուծելով ինչպես նախաքննության, այնպես էլ դատավարության ընթացքում թույլ տված բազմաթիվ խախտումները՝ կարծիք հայտնեց, որ այն, ինչ կատարվում է, կազմակերպված է, եւ ինքը չի կարող չհավատալ, որ դա այդպես չէ:
Վարդան Պետրոսյանի ֆրանսուհի պաշտպան Մարի Դոզեն էլ կարծիք հայտնեց, որ մեկ տարի է՝ գործը քննվում է, եւ կարելի է ասել, որ իրենք նույն տեղում են. «Այստեղ արդարադատություն չկա, այլ ռեալթի շոու է»: Ավելին՝ ֆրանսիացի պաշտպանը, դիմելով գործով դատավորին, կարծիք հայտնեց. «Գիտեք՝ Դուք Ձեզ այնպես եք պահում, կարծես կույր եք, ոչ մի բան չեք լսում, եւ այն դատարանի դահլիճում ներկա անձինք են լսում միայն»:
Փաստաբանի ելույթից հետո դատական նիստերի դահլիճում ներկաները սկսեցին ծափահարել, ինչը զայրացրեց գործով տուժող, «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Արթուր Հակոբյանին. «Ծափ տալու բան ես, արա՛, երկու երեխուս գլուխը կերել ես»: Դատական կարգադրիչները ստիպված եղան վերջինիս քաշքշելով՝ հեռացնել նիստերի դահլիճից: Սակայն այս փաստը չմեղմացրեց դահլիճում բորբոքված քաղաքացիների վրդովմունքը, վերջիններս լեզվակռվի էին բռնվել տուժող կողմի, ինչպես նաեւ՝ մեղադրող դատախազի հետ:
Թեժ ելույթներից հետո հերթը հասավ դերասան Վարդան Պետրոսյանին:
Նա անընդհատ նշում էր, որ հաշտություն էր ցանկանում. «Ամբողջ ընթացքում փնտրել եմ ճանապարհներ, որ մեր ընտանիքները կարողանան հաշտվել: Էս խաչը տանելու եմ ամբողջ կյանքով մեկ: Ուզում եք՝ նստեմ, նստում եմ, իմ համար էլ եմ նստում, ձեր համար էլ, էլ ի՞նչ եք ուզում: Ինձ արդեն նստեցրել են, ես արդեն բանտում եմ: Երբ ես ասում եմ՝ կյանքս կտամ Տաթեւիկի համար, համացանցում գրում են՝ դերասան, թատրոն եմ խաղում, Էլ բան ու գործ չունեմ»:
Դերասանն անդրադարձավ նախորդ դատական նիստի ժամանակ ընթերցված տուժող Հայկ Հակոբյանի կնոջ՝ Աննա Կարապետյանի ճառին եւ շնորհակալություն հայտնեց, որ Կարապետյանն իր ճառում նշել է, որ հասկանում է՝ սպանությունը կանխամտածված չի եղել:
«Ուրախ եմ, որ գոնե ընդունում են, որ սա դժբախտ պատահար էր: Աննա Կարապետյանն ասել էր՝ իր վիշտը ոչ մի կերպով չմխիթարվեց, եւ նա լքում է երկիրը: Հարգելի՛ դատարան, Դուք չեք կարող պատկերացնել, թե ես դա ինչպես կարող եմ հասկանալ: Եկեք ընդունենք, որ ես սերիական հանցագործ չեմ: Սա շատ ծանր բան էր ինձ համար: Ես հիվանդանոցում մտածում էի՝ ոնց եմ շարունակելու իմ կյանքը, փախչելու եմ քարանձավում՝ աղոթելու: Փառք Աստծո, ես ընկա կալանավայր, իմ կալանակից եղբայրների ձեռքը: Նրանք ինձ սովորեցրին, որ չպիտի փախնեմ դժբախտությունից: Սովորեցրին ապրել էդ ողբերգությունը ձեռքումդ: Երբ ես ասեցի, որ էդ երկու երեխաները իմն են, ոչ մի երկակի իմաստ մի գտեք: Նրանք հոգեւոր իմաստով իմն են: Այդ տղաների շնորհիվ իմ խոսքը ձեռք կբերի մի ուրիշ հոգեւոր որակ»:
Վարդան Պետրոսյանի պաշտպանական ճառից հետո էլ դատարանում իրավիճակը թեժ էր, տուժող եւ մեղադրվող կողմի ներկայացուցիչները վիրավորում էին միմյանց:
Հիշեցնենք, որ դատախազ Արթուր Սարգսյանը պահանջել է դերասանին ենթարկել 6 տարի 6 ամիս ազատազրկման՝ 3 տարով զրկելով մեքենա վարելու իրավունքից:
Հաջորդ դատական նիստը կկայանա հունվարի 26-ին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԲԺԻՇԿՆԵՐԻՆ ՀԱՐՑԱՔՆՆԵԼ ԵՆ

Գրող, հրապարակախոս Հրանտ Մաթեւոսյանի եղբորորդու` Թովմա Մաթեւոսյանի սպանության գործը զարմանալի ընթացք է ստացել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում փաստաբան Տիգրան Աթանեսյանն ասաց, որ իր նախնական վարկածով` բժիշկների ակնհայտ անփույթ վերաբերմունքի եւ սխալ բուժման հետեւանքով է Թովմա Մաթեւոսյանը շատ արագ մահացել:

Նշենք, որ 2013թ. մայիսի 15-ին Վանաձոր քաղաքում բնապահպանության նախարարության էկոլոգիայի բաժնի տեսուչ Տիգրան Մելիքյանը սպանել էր գրող, հրապարակախոս Հրանտ Մաթեւոսյանի եղբորորդուն` Թովմա Մաթեւոսյանին:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում մեղադրյալ Տիգրան Մելիքյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը տեղեկացրեց, որ միջնորդություն է ներկայացրել դատարան, որպեսզի այս գործով բժիշկները հարցաքննվեն. «Հարցաքննվել է դատաբժիշկը` Քոսյանը, եւ օգնություն ցուցաբերած բժիշկներից մեկը` Հայրապետյանը: Հարց է ուղղվել, թե ինչպես է իրականացվել դատաբժշկական փորձաքննությունը: Տպավորություն է, որ գործ ունենք ծայրահեղ անգրագետ մարդկանց հետ: Դատաբժիշկը բոլոր կարեւոր հարցերին, օրինակ` ինչ վնասվածք է ստացել, եւ այդ վնասվածքի հետեւանքով որքան ժամանակում կմահանար, պատասխանում էր, թե դրա համար պետք է դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն անցկացվի: Կարեւոր է նաեւ այն, թե ձեռքին ինչի համար է 3 ներարկում արվել: Նա չի պարզել` ինչի համար են դրանք կատարվել: Ասում ենք` հնարավոր է՝ նա դեղորայքից մահացած լիներ, կամ դրանից նրա վատ վիճակը խորանար, պատասխանում էր` պետք է փորձաքննություն»:
Ըստ փաստաբանի՝ Թովմա Մաթեւոսյանը ստացել է մարմնական վնասվածք, որը եղել է համատեղելի կյանքի հետ. «Իմ տեղեկություններով` մարդուն նման դեպքերում 80% հավանականությամբ հնարավոր է փրկել: Իմ ունեցած նախնական վարկածով` բժիշկների ակնհայտ անփույթ վերաբերմունքի եւ սխալ բուժման հետեւանքով է Թովմա Մաթեւոսյանը շատ արագ մահացել»:
Սա, թերեւս, այս գործով միակ աղմկալի նորությունը չէ: Ըստ պաշտպան Աթանեսյանի՝ իր տեղեկություններով՝ գործը քննող դատավորը` Աղասի Մկոյանը, սովորաբար քննել է քաղաքացիական գործեր, եւ վերջին 7-8 ամիսն է, ինչ քննում է քրեական գործեր. «Հիմա կրկին պետք է վերադառնա եւ քննի քաղաքացիական գործեր եւ ունի հանձնարարություն այս գործը շատ արագ քննելու, որպեսզի անցնի մյուս գործերին: Սա նշանակում է, որ, ըստ ամենայնի, նա մերժելու է մեր դատաբժշկական կրկնակի փորձաքննություն նշանակելու միջնորդությունը: Եթե նախկինում նիստեր էին նշանակվում ամիսը 1-2 անգամ, հիմա 4 օրը մեկ են նշանակվում, որ շտապ ավարտեն, վերջացնեն: Այս պայմաններում ակնհայտ է, որ նա կկայացնի անհիմն դատավճիռ»:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 
Ի ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ
ՌԴ ՆԳՆ տարածած հաղորդագրության համաձայն` Մոսկվայի Կենտրոն ադմինիստրատիվ շրջանում կանխվել է «օրենքով գողերի» հավաքը. «Մոսկվայի կենտրոնում տեղակայված գրասենյակներից մեկում ձերբակալվել է 15 մարդ, նրանցից 5-ը քրեական-հանցավոր միջավայրի ներկայացուցիչներ են, ովքեր հայտնի են «Ցիրկաչ», «Զաբավա», «Չուրիկ», «Վոսկրես» ու «Տեկո» մականուններով: Բոլոր ձերբակալվածները տեղափոխվել են ոստիկանության բաժանմունքներ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Մինչդեռ, հիշեցնենք, տակավին վերջերս հետխորհրդային երկրների մոտ հարյուր «օրենքով գողեր» անարգել կերպով հավաք արեցին Երեւանում: Համենայնդեպս այդ մասին մամուլի բազմաթիվ հրապարակումներն այդպես էլ չհերքվեցին ՀՀ ոստիկանության կողմից:

 

ԿՓՈՐՁԱՔՆՆԵՆ
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին ռուս փաստաբան է պաշտպանում, որն ապրում է Հայաստանում: Այս մասին «Ինտերֆաքսին» հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը` նշելով, որ փաստաբանի ինքնությունը, հայտնի պատճառներով, առայժմ գաղտնի է պահվում: Նույն աղբյուրի փոխանցմամբ` առաջիկայում Պերմյակովին կուղարկեն հոգեբանա-հոգեբուժական փորձաքննության:

 

ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է
ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստի ժամանակ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Գյումրիում ցուցարարների հետ բախման ընթացքում վիրավորում ստացած ոստիկանության մայորին պարգեւատրել է բնակարանով: Հիշեցնենք, որ հունվարի 15-ին Գյումրիում ցուցարարների հետ բախումների ժամանակ վիրավորվել էին բազմաթիվ անձինք, այդ թվում՝ ոստիկաններ:




Լրահոս