ՆՈՐ ՀՐԱՎԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԷԼԻ ԿՀԵՌԱՆԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 Օպերային երգչուհի Լեոնորան, ով վերջին շրջանում մեծ մասամբ լինում է արտերկրում, որտեղ հանդես է գալիս համերգներով, նաեւ Բեյրութի Բարսեղ Կանաչյանի անվան երաժշտանոցում դասավանդում է վոկալ, այժմ հայրենիքում է: Նա «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել է, որ սպասում է իր առաջնեկին եւ ուզում է, որ վերջինս լույս աշխարհ գա հենց Հայաստանում:

-Ո՞րն էր Հայաստանից հեռանալու Ձեր պատճառը, եւ արդյո՞ք օպերային արտիստները բավականաչափ գնահատված են մեր երկրում:
-Հայաստանից հեռանալու պատճառն արտասահմանից ստացված հրավերներն էին: Այժմ ես եւ ամուսինս հայրենիքում ենք, կհեռանանք նոր հրավերի դեպքում: Չգնահատված լինելու առումով, թերեւս, ես միակ արվեստագետը չեմ… Մեր երկրում տալիս ենք շատ, բայց ստանում ենք քիչ: Ցանկալի կլիներ, որ յուրաքանչյուր արվեստագետ իր մայր հողի վրա կարողանար վաստակել այնքան, որ կարողանար ապրել ըստ արժանվույն: Շատ կուզենամ, որ օպերային արտիստներն առավել գնահատված լինեն. այդ հանգամանքը նրանց ավելի մեծ ուժ եւ կորով կտա ստեղծագործելու համար:
-Դուք այն արվեստագետներից եք, ովքեր հնարավորություն ունեն մեր հայ երգարվեստը հասցնելու ոչ միայն հայրենակիցներին, այլեւ օտարներին: Մի առիթով նշել եք, որ անգամ հասել եք նրան, որ արաբ ուսանողը երգել է հայերեն…
-Բացի այն, որ իմ համերգային ծրագրի շրջանակներում առաջնահերթ ներկայացնում եմ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, շատ եմ կարեւորում նաեւ օտար ուսանողների շրջանում հայ մշակույթի նկատմամբ սեր սերմանելու հանգամանքը: Այդ առումով հաջողված օրինակ էր հենց արաբ ուսանողս, որը սիրով կատարեց Ռոմանոս Մելիքյանի «Ես բլբուլ եմ» գործը: Այսպիսով՝ ջանում եմ արտերկրի ուսանողների շրջանում յուրաքանչյուրի մեջ ներդնել իմ երկրի մշակույթի մի մասնիկը:
-Գիտենք, որ սպասում եք Ձեր առաջնեկի ծնունդին, հատուկ եկել եք Հայաստան, որպեսզի նա լույս աշխարհ գա հենց հայրենիքո՞ւմ:
-Այո՛, լիբանանյան համերգներից հետո հրավեր ստացանք համերգով հանդես գալ Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքում, սակայն, քանի որ ցանկություն ունեինք, որ երեխան ծնվի Հայաստանում, վերադարձանք հայրենիք: Միայն հայկական ազգանուն ունենալը, հայոց հողի վրա ապրելը, սակայն, դեռ չի նշանակում լինել հայ: Զտարյուն հայ լինելու համար երեխան պետք է ճանաչի հայրենիքը, մայր լեզուն եւ լուսավորչական կրոնը. սա է առաջնայինը:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 
ՀԱՐՍԱՆԻՔՆԵՐՆ ԱՆՁԱՅՆ ԵՆ

Գյումրիում կատարված ողբերգական դեպքից հետո, չնայած հասարակության պահանջին, երկրում սուգ չհայտարարվեց, այնուամենայնիվ, գյումրեցիները լուռ սգում են՝ հարգելով սպանված Ավետիսյանների հիշատակը:

Զրուցելով Գյումրիում հայտնի «Ոսկե Ծիրան», «Վանատուր», «Կիլիկիա» հարսանյաց սրահների մենեջերների հետ՝ պարզեցինք, որ նշված օբյեկտներում այս օրերին համեստ լռություն է: Ճիշտ է՝ մեկ-երկու անհետաձգելի հարսանիքներ գրանցվեցին, սակայն ավտոմեքենաների շարասյուները, հակառակ ընդունված կարգի, փողոցներն անցան անձայն: Հարսանիքներից մեկի ընթացքում փեսան՝ Վահանը, անկեղծացավ՝ ասելով, որ հարսանիքի օրը մեկ ամիս առաջ էր որոշվել, բազմաթիվ հյուրեր ուներ, ովքեր եկել էին արտերկրից, այլապես ինքն այս օրերին հարսանիք չէր անի:
Ավետիսյանների հարազատները մեզ հետ զրույցում այլ կարծիք հայտնեցին: Արտյոմ Պետրոսյանը՝ Ավետիսյանների ընտանիքի քավորն ու մտերիմը, ով դեպքի հետ կապված Հայաստան է վերադարձել Շվեդիայից, գյումրեցիներին խնդրեց իրապես հարգել իրենց վիշտը: Քավորի խոսքերով՝ կնունքներն ու ծնունդները հետաձգելը կարեւոր չէ: Կարեւոր է ժողովրդի ընդհանուր զսպվածությունն ու համբերատարությունը, ինչն այս օրերին, նրա կարծիքով, մի փոքր պակասեց:
Ընտանիքի մյուս բարեկամ Արթուր Հարությունյանն էլ ասաց, որ գյումրեցիների կողմից կազմակերպած բողոքի ակցիան, որը վերածվեց խժդժության, հեչ իրենց սրտով չէր.«Դա ինչ-որ մեկի շահերից էր բխում, մենք չենք ուզում նման սադրանքներ, մենք վշտի տեր ենք ու աղմուկ չենք ուզում»,-ավելացրեց նա:
Ավելացնենք, որ քաղաքապետարանից տեղեկացանք, որ շուտով մրցույթ կհայտարարվի Ավետիսյանների գերեզմանատան շինարարական աշխատանքներն սկսելու համար: Պատասխանատուները վստահեցնում են՝ այն կառուցվելու է հարազատների ճաշակով եւ ուզածով:

ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Գյումրի




Լրահոս