«ԿԱՐԱ ԸԼՆԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին օրերին ամենաշրջանառվող թեմաներից մեկը առաջիկայում Ռուսաստանից Հայաստան ներկրվող բնական գազի գնի թանկացումն է:  Որոշ  հավաստի աղբյուրներ անգամ պնդում են, որ Ռուսաստանը գազի գինը  60  դոլարով թանկացրել է դեռեւս մեկ ամիս առաջ, սակայն  ետընտրական հեղհեղուկ իրավիճակում եւ մի քանի ամսից  կայանալիք նախագահական ընտրություններից առաջ իշխանությունները ստիպված են եղել անել ամեն բան, որպեսզի այդ փաստը գաղտնի մնա, եւ գոնե մի քանի ամիս  գազ սպառողները  վճարեն նախկին գներով: Իսկ դրա համար անհրաժեշտ միջոցներ գտնելու հույսով  ՀՀ կառավարությունը դիմել եւ դիմում է ամենատարբեր խողովակների` լրացուցիչ վարկային միջոցներ ներգրավելու համար, սակայն առայժմ կարծես թե` ապարդյուն:  Ծայրահեղ դեպքում,  իշխանությունները որոշել են  մինչեւ փետրվար սպառողներին սուբսիդավորել «Հայռուսգազարդ»-ի պետական  20-տոկոսանոց բաժնեմասից: Թե որքանով են հավաստի այս պնդումներն ու  ոչ պաշտոնական տեղեկատվությունը, դժվար է ասել, քանի որ այս կարեւորագույն հարցի շուրջ կառավարական օղակները տեղեկատվություն չեն  տրամադրում: Առավելագույնը, որ ասվում է` «գազի գնի շուրջ բանակցությունները շարունակվում են» ոչ մի լավ բան չխոստացող արտահայտությունն է: Երեկ  այս  հարցի շուրջ կառավարությունում լրագրողների օղակի մեջ հայտնված էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը  կրկին  խուսափել է որեւէ հստակ պատասխան տալուց` լրագրողների հնչեցրած մտահոգություններին արձագանքելով վերը նշված արտահայտությամբ` հավելելով միայն, որ այդ բանակցությունները շուտով կավարտվեն: Ինչ վերաբերում է  ռուսական գազի գնի գաղտնի բարձրացմանը, ապա ըստ Մովսիսյանի. «Գաղտնի բարձրացում չի կարա ըլնի: Կավարտենք բանակցությունները, կասենք»: Դե ինչ, եթե գաղտնի գնի բարձրացում « չի կարա ըլնի», ապա մենք միայն ուրախ ենք, թեեւ ավելի ուրախ կլինեինք, եթե նախարարն ի վերջո պատասխաներ` իսկ ընդհանրապես գնի բարձրացում «կարա՞ ըլնի», թե՞ ոչ: Եվ եթե լինի, ապա ինչ հետեւանքներ կարող է դա ունենալ մեր տնտեսության համար: Բացի այդ, ով-ով, բայց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը պետք է որ բոլորից լավ իմանա, որ մեր երկրում ոչ միայն  գաղտնի գնի բարձրացում « կարա ըլնի», այլեւ ռազմավարական նշանակության օբյեկտների  գաղտնի վաճառք: Այնպես, ինչպես եղավ «Գույք պարտքի դիմաց» ծրագրով` մասնավորաբար 2006թ. Ռուսաստանին հանձնված Հրազդանի ՊՇԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի մասով: Այն ժամանակ էլ էներգետիկայի նախարար Մովսիսյանը  համառորեն պնդում էր, որ Հրազդանի ՊՇԷԿ-ի վաճառք « չի կարա ըլնի», սակայն ինչպես տեսանք` եղավ: Նաեւ` ասում էր, որ Իրան-Հայաստան գազատարի թողունակության  սահմանափակում «չի կարա ըլնի», բայց էլի եղավ: Ու այդպես բազմաթիվ այլ դեպքեր: Եվ հիմա եթե Մովսիսյանն ասում է գազի գնի «գաղտնի բարձրացում չի կարա ըլնի», պետք է հասկանալ, որ առաջիկայում կառավարությունն արդեն պաշտոնապես կհայտարարի գազի թանկացման մասին:




Լրահոս