«Դա պետք է լինի այն մարդը, որը կարող է մարտահրավեր նետել Սերժ Սարգսյանին, պետք է լինի իսկապես հզոր քաղաքական ֆիգուր, որի անկաշառությունը, վճռականությունը կասկածի տակ չդրվի հասարակության կողմից, դա պետք է լինի մարդ, որ առավելագույնս քաղաքական ուժերի եւ քաղաքական լիդերների համախմբի իր շուրջը: Իսկ թե ով է այդ մարդը, այդ հանելուկի լուծումն էլ դուք տվե՛ք»,-խոսելով առաջիկա նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածուով հանդես գալու մասին՝ երեկ նման հայտարարություն արեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Վերջինս տեղեկացրեց, որ ՀԱԿ-ը հանդես է եկել ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու նախաձեռնությամբ՝ օրակարգում ունենալով «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկ: Զուրաբյանը հայտնեց, որ այդ հարցում անհրաժեշտ է պատգամավորների 1/3-ի, այսինքն՝ 44 հոգու ստորագրություն, որն իրենք պետք է հավաքեն 24 ժամվա ընթացքում՝ մինչեւ այսօր՝ ժամը 17:55-ը:
Զուրաբյանն այս համատեքստում անդրադարձավ նաեւ ԲՀԿ-ի՝ ընդդիմադիր լինել-չլինելու վերաբերյալ բանավեճին: Ըստ նրա՝ ընդունելի է Լեւոն Տեր-Պետրոսյանի տեսակետը, որ ընդդիմություն է համարվում այն ուժը, որը ներկայացված չէ իշխանության մեջ: «Ընդդիմանալու տարբեր աստիճաններ կան, կարելի է ընդդիմանալ արմատապես, կարելի է ընդդիմանալ չափավոր, բայց եթե դու մաս չես կազմում կառավարությանը, ուրեմն ընդդիմություն ես: Ես չեմ կարծում, որ ամեն մի քվեարկություն պիտի դարձնենք լակմուսի թերթ: Դա շատ անարդյունավետ, անիմաստ մոտեցում է»,-ասաց նա:
ՀԱԿ համակարգողն անդրադարձավ նաեւ Դավիթ Շահնազարյանի՝ Կոնգրեսից հեռանալու մասին հայտարարություններին՝ տեղեկացնելով, որ Շահնազարյանը դուրս է եկել ոչ թե ՀԱԿ-ից, այլ ՀԱԿ կենտրոնական գրասենյակից: «Ինքը չի ասել, թե Կոնգրեսից է դուրս եկել, այլ ասել է, որ դուրս է եկել Կոնգրեսի կենտրոնական գրասենյակից, դրանք տարբեր բաներ են: Կենտրոնական գրասենյակը շտաբ է, որի անդամն էր նաեւ Դավիթ Շահնազարյանը: Նա շտաբից է դուրս եկել, հրաժարվել է շտաբի անդամի կարգավիճակից»,-նշեց նա՝ հավելելով, որ ցանկացած մարդ կարող է Կոնգրեսին անդամակցել որեւէ կուսակցության միջոցով, իսկ եթե անկուսակցական է, ուղղակի կերպով: «Նման խնդիր առաջացել էր Ալիկ Արզումանյանի դեպքում: Արզումանյանը, լինելով ՀՀՇ անդամ, տարաձայնություններ ուներ Կոնգրեսի հետ, բայց նա Կոնգրեսից դուրս չեկավ մինչեւ այն պահը, երբ ինքը չլքեց ՀՀՇ շարքերը: Այնպես որ, թեկուզ եւ զուտ ֆորմալ առումով Դավիթ Շահնազարյանը, մնալով ՀԱԿ-ի անդամ, կամա թե ակամա Կոնգրեսի մեջ է»,-հիշեցրեց Զուրաբյանը:
ՀԶՈՐ ԼԻԴԵՐԻ ՀԱՆԵԼՈՒԿԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ