1992 թվականի հունվարի 28-ին ՀՀ կառավարությունն ընդունեց ՀՀ պաշտպանության նախարարության կազմավորման մասին պատմական որոշում: Այս օրը նշվում է որպես Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի օր:
Armlur.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը պատմեց որոշ դրվագներ իր զինվորական կյանքից, ինչպես նաև շնորհավորեց հայ ժողովրդին Բանակի օրվա առթիվ:
«Շնորհավորում եմ բոլորին Բանակի օրվա առթիվ: Ցանկանում եմ, որ սահմանին խաղաղություն լինի, տհաճ միջադեպեր չլինեն, հարձակում կամ դիվերսիաներ մեր հակառակորդի կողմից չլինեն, երկրին թող խաղաղություն լինի»,- նշեց պատգամավորը՝ հավելելով. «Փա՛ռք ու պատիվ մեր զինվորին, ի՞նչ անենք, մեր ճակատագիրը սա է, որ միշտ պայքարենք, միշտ ապացուցենք, որ մենք կոտրվող չենք»:
Առաքել Մովսիսյանը մեր սահմանը պահող բոլոր զինվորներին մաղթեց տոկունություն, իսկ բոլոր նրանց, ովքեր չեն ծառայել, մաղթեց՝ հասցնեն ծառայել խաղաղ պայմաններում: Պատգամավորը մեզ հետ զրույցում հիշեց իր զինվորական տարիների մի քանի դրվագ, որոնցից մեկը, ինչպես նշեց, մոռանալ չի կարող.
«Թեժ պայքարի ժամանակ ասում էինք՝ մեռնողը դավաճան է: Նեռվեր չկա: Ասում էինք, ով մեռնի, ամոթ իրան»: