ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցներն այցելեցին Եռաբլու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 27-ին ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցներն այցելեցին Եռաբլուր և իրենց խոնարհումը բերեցին զոհված հերոսների հիշատակին:

Եռաբլուր պանթեոնի պետի տեղակալ կապիտան Ալբերտ Առաքելյանի և պանթեոնի զոհված ազատամարտիկների և զինվորների ծնողական կոմիտեի նախագահ Արամայիս Միքայելյանի ուղեկցությամբ աշխատակիցները ծաղիկներ դրեցին Վազգեն Սպարապետի, Զորավար Անդրանիկի, Մոնթե Մելքոնյանի, Սոսե Մայրիկի, սիրիահայ ազատամարտիկ Կարո Քահքեջյանի և մյուս քաջերի շիրիմներին:

Ալբերտ Առաքելյանն իր խոսքում առանձնապես արժևորեց 1988թ. սկսված Ղարաբաղյան շարժմանն ու Արցախի ազատամարտին սփյուռքահայ երիտասարդների մասնակցությունն ու հայրենիքին անմնացորդ նվիրումը: «Երբ Խաչակիրներ կամավորական ջոկատի հիմնադիր-հրամանատար Կարո Քահքեջյանին հարցնում են, թե ինչու որևէ կուսակցության չես անդամագրվում, նա պատասխանում է՝ իմ կուսակցությունը իմ երկիրն է: Նրա խոսքերը, ինչպես տեսնում եք, այդպես էլ փորագրված են Կարոյի տապանաքարին»:

Այցի ավարտին Կապիտանն առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարությանը՝ իրականացրած մեծ աշխատանքի համար: «Ամեն տարի «Արի տուն» ծրագրով Հայրենիք ժամանած Սփյուռքի մեր պատանիներն ու աղջիկները պարտադիր այցելում են Եռաբլուր: Նրանց հետ մեր հանդիպումներն այնքան հուզառատ են: Աշխարհի տարբեր անկյուններում ծնված ու մեծացած մեր զավակները, լսելով ազգային հերոսների կյանքի ու սխրագործությունների մասին պատմությունները, ծնկում ու արտասվում են հայ քաջերի շիրիմներին: Այդ ամենի արդյունքն այն է, որ նրանք իրենց մտքում հայրենիքին ծառայելու երդում են տալիս՝ մոլորակի որ ծայրում էլ ապրելիս լինեն»:

Նախարարության մի խումբ աշխատակիցներ Հայոց բանակի օրվա առթիվ այցելեցին նաև ՀՀ տարածքում գտնվող մի քանի զորամասեր: Նրանք հանդիպեցին ծառայող սփյուռքահայ երիտասարդների հետ, որոնք ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Սիրիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից և այլ երկրներից վերադարձել են Հայրենիք՝ իրենց սրբազան պարտքը կատարելու:

Արարատի N զորամասի զինծառայող Սմբատ Բոզինյանի մայրը ռուս է, իսկ հայրը՝ հայ: Սմբատը ծնվել է Ռուսաստանում, հետո ընտանիքով տեղափոխվել Հունաստան: Մեկ տարի է, ինչ ծառայում է հայկական բանակում, և ինչպես ինքն է վկայում՝ այժմ բոլորովին ուրիշ մարդ է դարձել: «Հայրենիքում ի վերջո սովորեցի հայերեն խոսել: Հատկապես մորս շատ եմ կարոտում, բայց այստեղ՝ Հայաստանում, մարդիկ շատ պարզ են ու ջերմ, իսկ դիրքերում մենք մի ընտանիքի նման ենք»:

Մոսկվաբնակ, ծնունդով գյումրեցի Կարապետ Մարտիրոսյանն ընդամենը 10 օր է, ինչ ծառայում է հայկական բանակում, բայց արդեն հասցրել է մտերմանալ հասակակիցների հետ: «Իմ հայրն ու պապը ծառայել են մեր բանակում, և ես ևս պիտի պարտքս կատարեմ հայրենիքիս հանդեպ: Հետո նպատակ ունեմ վերադառնալ Ռուսաստան և մեծ եղբորս նման ավարտել Մոսկվայի համալսարանի տնտեսագիտության բաժինը», – նշեց Կ. Մարտիրոսյանը:

Նարեկ Պողոսյանը տարիքը լրանալուն պես Ֆրանսիայից ինքնակամ եկել է Հայաստան և ծառայում է մարտական հերթապահություն իրականացնող զորամասում: Նարեկը Ֆրանսիայում 7 տարի հայկական դպրոց է հաճախել: Նրա՝ Արցախյան ազատամարտի մասնակից հայրը՝ Ջորջ Պողոսյանը հատուկ ուշադրություն է դարձրել Նարեկի և քրոջ դաստիարակությանը` ջանալով ամեն ինչ անել, որ զավակները չհեռանան արմատներից: «Հաճախ եմ հեռուստահաղորդումներ դիտել Հայաստանի պատմության առանձին դրվագների` հատկապես 1915 թվականի Հայոց ցեղասպանության և Արցախյան պատերազմի մասին: Հետաքրքրվել եմ նաև Հայաստանի ներկայով: Որոշումս ինքնաբուխ էր, սրտանց ցանկանում էի գալ ու պաշտպանել հայրենիքս»:
Իրենց բանակային առօրյայի մասին խոսեցին նաև Ռուսաստանից Վաչե Շերենցը, Արթուր Քալաշյանը, Սահակ Մեժլումյանը, Սարո Մամոյանը, Արման Թորոսյանը, Ուկրաինայից Արամ Դավթյանը և սիրիահայ զինծառայողներ:

Եռաբլուրում կազմակերպվեց նաև Երևանի թիվ 29 և 114 դպրոցներում սովորող սիրիահայ պատանիների և աղջիկների հանդիպումը Եռաբլուր պանթեոնի պետի տեղակալի հետ, ով ներկայացրեց Արցախյան պատերազմի կարևոր դրվագները, հայ ժողովրդի հերոսական, այդ թվում նաև սփյուռքահայ զավակներին` ներկաներին հուզելով իր խոսքով, պատմություններով:

Հալեպից ժամանած դպրոցականների մեծ մասն առաջին անգամ էր Եռաբլուրում: Թիվ 29 դպրոցի աշակերտ Դանիել Գևորգյանը և Ավետիս Մարգարյանը նշեցին. «Մենք ոչինչ չգիտեինք Եռաբլուրի մասին: Հիմա հասկացանք, որ ունեցել ենք քաջ զինվորներ, հազարապետներ, զորավար ու սպարապետ, ովքեր իրենց կյանքն են զոհել հայրենիքի համար, որ այսօր մենք ապրենք անկախ ու հաղթանակած Հայաստանում: Ուրեմն մեր նվազագույն պարտքն է այցելել նրանց շիրիմներին ու մեր գործով վառ պահել նրանց հիշատակը»:

Լիլիթ Նաբաթյանը հավելեց. «Ճիշտ է, ես աղջիկ եմ, բայց ուզում եմ ծառայել Հայկական բանակում: Ես չեմ հուզվում մեր զինվորների շիրիմները տեսնելիս, ես միայն հպարտ եմ նրանցով և կուզեի իմ ներդրումը բերել մեր երկրի զորացման գործին»:

Այցի ավարտին սիրիահայ պատանիներն ու աղջիկները ծաղիկներ դրեցին 2014թ. նոյեմբերի 12-ին Արցախի արևելյան հատվածում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով խոցված ուղղաթիռի զոհերի շիրիմներին: Պաշտպանության բանակի օդուժի խոցված Միգ-24 հարվածային ուղղաթիռին զոհ գնացած անձնակազմի հրամանատար՝ մայոր Սերգեյ Սահակյանի, զինծառայողներ՝ լեյտենանտ Ազատ Սահակյանի և ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանի շիրիմների առաջ սիրիահայ պատանիներն ու աղջիկները երգեցին «Գետաշեն» երգը, այնուհետև շարժվելով դեպի Զորավար Անդրանիկի շիրիմը, միացան Գեղարքունիքի մարզից ժամանած դպրոցականների խմբին և միասին երգեցին «Պատերազմ եք գնում, բարով գնացեք» երգը:

Սեղմելով սիրիահայ պատանիների ձեռքը՝ կապիտան Ալբերտ Առաքելյանը համոզմունք հայտնեց, որ նաև հանձինս նրանց մեր բանակն ունի ապագա քաջ զինվորներ:




Լրահոս