Նախկին քաղբանտարկյալ Գեւորգ Մանուկյանը Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում ստացած դաժան ծեծի հետեւանքով կորցրել է աջ աչքի տեսողությունը: Այսօր նա իշխանություններից պահանջում է հետ վերադարձնել իր աչքը եւ շարունակել 2008-ի կիսատ մնացած ծառայողական քննությունը: Գեւորգը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ երկու շաբաթ ժամանակ է տալիս ներկայիս իշխանություններին: Եթե նրանք չարձագանքեն Գեւորգի պահանջներին, ապա վերջինս կդիմի անժամկետ հացադուլի: Նշենք, որ հուլիսի 11-ին լրացավ նրա 33-ամյակը:
Ըստ քրեական գործի՝ Գ. Մանուկյանը քարեր է նետել եւ դիմադրություն ցույց տվել ոստիկանության աշխատակիցներին: Գեւորգն Էջմիածնի շրջանի Ծիածան գյուղի բնակիչ է: Նրա առաջին ձերբակալությունը տեղի է ունեցել 2008-ի ապրիլի 9-ին, երբ նա փորձել է մասնակցել «ինքնակոչ նախագահ, Ազատի որդի Սերժի» ինագուրացիային: «Ուզում էի տեսնել, թե իրականում Սերժն իր ձեռքը դնելու էր Ղուրանի՞, թե՞ Ավետարանի վրա: Բայց չթողեցին մասնակցել»,-պատմեց նա:
Ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են նրան, տարել Էջմիածնի ոստիկանություն ու երկու օր պահել: Գեւորգի խոսքերով՝ ստիպել են ասել, թե Խաչատուր Սուքիասյանը ինչքան փող է տվել նրան: «Ես այդ ժամանակ չէի ճանաչում Խաչատուր Սուքիասյանին: Իսկ դա ավելի էր նրանց զայրացնում: Ես այդպես էլ մինչեւ հիմա չեմ հասկանում, թե ինչու ինձ ծեծեցին»,-ասում է նախկին քաղբանտարկյալը: Երկօրյա ծեծից հետո հաջորդում է նրա երկրորդ ձերբակալությունը` 2008-ի մայիսի 10-ին: Էջմիածնի ոստիկանությունը Գեւորգին «10 րոպեով» հրավիրում է, բայց այդ տասը րոպեն դառնում է մեկ տարի երկու ամիս: Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվում 225 հոդվածի 2-րդ մասով (զանգվածային անկարգություններ), դատապարտվում է 4 տարվա ազատազրկման:
Գեւորգի դեմ ցուցմունք են տալիս երեք հոգի, որոնցից մեկն Էջմիածնի ոստիկանության աշխատակից Գրիշա Իսրայելյանն էր` Արշալույս գյուղի Կյաժ Գրիշը: Իսկ մյուս երկուսը` Էջմիածին քաղաքի բնակիչներ Կառլեն Առաքելյանը եւ Վարդան Անդրեասյանը: Վերջինս տառապում է հոգեկան հիվանդությամբ: Վ. Անդրեասյանը դատարանում առերեսման ժամանակ հայտարարում է, որ չի ճանաչում Գեւորգին: Գ. Մանուկյանի պատմելով՝ Անդրեասյանին Էջմիածնի ոստիկանների ուղեկցությամբ բերում են դատարանի դահլիճ, որտեղ նա ցուցմունք է տալիս Գեւորգի դեմ: «Այդ վկաները վարձու են: Ոստիկանների ճնշումներից խուսափելու համար էին ցուցմունք տվել: Նրանցից ոչ ոքի ես երբեւէ չեմ ճանաչել, բացի Կյաժ Գրիշից: Նա մեր գյուղի թաղային լիազորն էր»,-ավելացրեց մեր զրուցակիցը:
2008-ի սեպտեմբերին քաղբանտարկյալներից սկսում են ներման խնդրագրեր կորզել: «Ինձանից պահանջում էին ներում գրել եւ գնալ տուն: Ասում էին` քեզ պե՞տք է, որ մնացել ես այստեղ: Ես էլ նրանց պատասխանում էի, թե Սերժն ինձանից եւ իմ ընտանիքից ներում պետք է խնդրի»,-պատմեց Գեւորգը: Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին վերը նշված վկաները ցուցմունք են տվել նաեւ Գեւորգի քրոջ` Հերմինեի դեմ` իրենց ահաբեկելու համար: «Սա հերթական սադրանքն էր` կազմակերպված իրենց կողմից»,-ընդգծեց Գեւորգը:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նախկին քաղբանտարկյալը հիշեց, որ 2008-ի դեկտեմբերի 23-ի առավոտյան իր բանտախցի դուռը բացվել է խուզարկության նպատակով: «Բանտախցի մոտ 30 դիմակավորված մարդիկ էին կանգնել, որոնք սովորական մարդկանց նման չէին: Նախրից փախած անասուններ էին: Առաջինը հարցրին, թե ինչու չեմ սափրվում: Ես էլ ասացի, որ ընկեր եմ կորցրել: Դրան հաջորդեց երկրորդ հարցը, թե ինչու են ինձ ձերբակալել: Պատասխանեցի, որ միտինգների եմ գնացել: Ու սկսեցին դաժանորեն ծեծել»:
Այդ դաժան ծեծից հետո նա մի քանի ժամ մնում է անգիտակից վիճակում, ինչից հետո հայտարարում է անժամկետ հացադուլ, որը տեւում է մինչեւ հունվարի 15-ը: Նա պահանջում էր դադարեցնել իր եւ իր ընտանիքի հանդեպ քրեական հետապնդումները, իրեն տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց` անհրաժեշտ բուժզննման, նաեւ պահանջում էր «ինքնակոչ նախագահի» հրաժարականը:
Հացադուլի ընթացքում` 2008-ի դեկտեմբերին, նրան այցի են գալիս ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչներ` ծառայողական քննություն անցկացնելու նպատակով: Այդ ժամանակ Գեւորգը պահանջում է, որպեսզի այդ քննությանը ներկա լինի նաեւ իր դատապաշտպան Ինեսա Պետրոսյանը. «Ու մինչեւ այսօր ես տեղյակ չեմ, թե ինչ ճակատագիր ունեցավ այդ ծառայողական քննությունը»:
Գեւորգին հունվարի 16-ին տեղափոխում են «Մալայան» բուժկենտրոն, որտեղ ակնաբույժ Ֆ. Ա. Հարությունյանը զննում է եւ խորհուրդ տալիս քաղբանտարկյալին շտապ վիրահատել: Բայց Գեւորգն իր աչքի հիվանդության մեջ մեղադրում է տվյալ բժշկին եւ կալանավայրերի վարչությանը: Նա համոզված է, որ երկու կողմն էլ փոխհամաձայնության են եկել. «Դա ինքնակոչ նախագահի պատվերի մի մասն էր»:
Գեւորգն ազատվել է 2009-ի հունիսի 23-ին, իսկ 2011-ի ապրիլին մեկնել Ուկրաինա` բուժվելու նպատակով: Այնտեղ նա բուժզննում է անցել, եւ ախտորոշել են աջ աչքի գլաուկոմա: Նախկինում Գեւորգը զբաղվել է հողագործությամբ, բայց այսօր նրան արգելվում է մեկ վայրկյան անգամ կանգնել արեւի տակ: Գեւորգ Մանուկյանն այսօր իշխանություններից պահանջում է պատժել իրական մեղավորներին եւ հետ վերադարձնել իր տեսողությունը:
ԾԵԾԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՉՔԸ ԿՈՒՐԱՑԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ