«ԱՐԱՅ»-Ի ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋ ՄԱՅՐԸ՝ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հուլիսի 11-ին Բագրատաշենի անցակետից ոստիկանությունը բերման է ենթարկել «Արայ» ընկերության մահացած սեփականատեր Արմեն Պետրոսյանի մորը` Կարինե Սուքիասյանին: Վերջինիս ոստիկանությունում հարցաքննել են եւ ստորագրությամբ բաց թողել:
Բանն այն է, որ Կարինե Սուքիասյանի նկատմամբ դեռեւս մարտից հայտարարվել էր հետախուզում այն բանի համար, որ նա անհետացել էր թոռնուհու՝ ամիսներ առաջ հրազենային վնասվածքից մահացած Արմեն Պետրոսյանի դստեր հետ: 5-ամյա երեխան, որը գտնվում էր Կ. Սուքիասյանի մոտ, Արմենի եւ նրա նախկին (քաղաքացիական) կնոջ` Տատյանա Չադենկովայի դուստրն էր, որի խնամակալության հարցը հոր մահվանից հետո վիճարկվում էր Արաբկիր վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:
Կ. Սուքիասյանի ու երեխայի անհետանալուց հետո Տ. Չադենկովան դիմել էր ոստիկանություն: Միջազգային հետախուզում էր հայտարարվել եւ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քր. օր.-ի 167-րդ հոդվածի հատկանիշներով` երեխային առանց ծնողների համաձայնության նրանցից բաժանելը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Հիշեցնենք, որ 2011թ. հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժնում անհայտ քաղաքացուց ահազանգ էր ստացվել, որ Սեւան-Երեւան մայրուղուց դեպի Գետամեջ գյուղ տանող հողածածկ ճանապարհին կայանված  «BMW X-5» մակնիշի ավտոմեքենայի մեջ դիակ կա: Պարզվել  էր՝ մահացողը 31-ամյա Արմեն Արայիկի Պետրոսյանն է, որին ճանաչում էին որպես «Արայ»-ի սեփականատեր:
Նշված ավտոմեքենայի վարորդի նստելատեղին հայտնաբերվել էր Ա. Պետրոսյանի դիակը` քունքի մասում հրազենային վնասվածքի հետքով: Գործարարի աջ ձեռքին` մատը ձգանին, եղել էր «ՏՏ» տիպի ատրճանակ` պահունակում 6 փամփուշտով: Նշենք, որ Արմենի հայրը` Արայիկ Պետրոսյանը, մահացել էր դեռեւս 4-5 տարի առաջ քաղցկեղի պատճառով, եւ Արմենն էր հիմնականում ղեկավարում հոր թողած բիզնեսը: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ մեր աղբյուրների փոխանցմամբ՝  Ա. Պետրոսյանը դիմել է ինքնասպանության, քանի որ լուրջ խնդիրներ է ունեցել արտասահմանում: Այդուհանդերձ, ըստ ոչ պաշտոնական տեղեկատվության՝ Արմենի ձեռքում գտնվող զենքից այդքան էլ չի կարելի ինքնասպանության վարկածին հավատալ, քանի որ ինքն իրեն կրակելու դեպքում ձեռքն այդպես «կոկիկ» դրված չէր լինի նրա ոտքի վրա:
Փաստի առթիվ Կոտայքի քննչական բաժանմունքում հարուցվել է քրգործ 110 հոդվածի 1-ին մասի (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը) եւ 235 հոդվածի  1-ին մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: Հանգամանքները պարզվում են:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս