«ՕԼԻԳԱՐԽ» ԳՅՈՒՂԱՊԵՏԵՐԻ ԴԵՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը հավանություն է տվել օրենսդրական փոփոխությունների փաթեթին, որը ներկայացվելու է խորհրդարան: Փոփոխություններ պետք  է կատարվեն համայնքային, հանրային ծառայությունների եւ ՏԻՄ մասին օրենքներում: Մասնավորապես ՏԻՄ օրենքում առաջարկվում է ավելացնել նոր կետ, համաձայն որի՝ համայնքի ղեկավարը չի կարող անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:
Նախատեսվող փոփոխությունները մարզի մի շարք համայնքապետերի շրջանում դժգոհություն են առաջացրել: Պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվելիք սահմանափակումները կտարածվեն բոլոր համայնքների ղեկավարների վրա, եւ նրանք այլեւս բիզնեսով զբաղվելու իրավունք չեն ունենա: Ասենք՝ գյուղապետն անասնապահությամբ կամ հողագործությամբ է զբաղված: Նոր օրենքը կպարտադրի նրանց դադարեցնել գործունեությունը: «Համայնքի ղեկավար եմ ընտրվել, զբաղվել եմ մեղվաբուծությամբ: Դա ձեռնարկատիրական գործունեություն համարվո՞ւմ է: Մինչեւ օրենքն ընդունելը պետք է որոշակիացնեն՝ ինչ է նշանակում ձեռնարկատիրական գործունեություն կամ բիզնեսով զբաղվել»,-ասում է  Կարմրաքարի գյուղապետ Գագիկ Վահրադյանը:
Իհարկե, գյուղապետերն այս պարագայում չեն կարող մատնացույց չանել պատգամավորներին, որոնք զբաղվում են բիզնեսով, սակայն թաքցնում են՝ այն գրանցելով այս կամ այն ազգականի անունով: Գյուղապետերը հարց են առաջ քաշում. ինչո՞ւ պետք է պատգամավորներն իրենց ձեռնարկատիրական գործունեությունը համատեղեն օրենսդրական աշխատանքի հետ, իսկ իրենք չեն կարող եկամտի աղբյուր որոնել, օրինակ՝ ֆերմերի գործառույթներ իրականացնել: Չեն բացառում, որ եթե իսկապես սկսվի իրենց նկատմամբ հետապնդումը, կթողնեն համայնքապետի աթոռը եւ հանգիստ կզբաղվեն իրենց գործով:
Հարկ է հիշեցնել, որ շատ համայնքներում գյուղապետ լինելը իսկական գլխացավանք է: Եղել են դեպքեր, երբ գյուղապետերը դժգոհել են իրենց ցածր աշխատավարձից՝ շեշտելով, որ իրենց գործը եկամտաբեր չէ, փոխարենը չարչարանքը շատ է: «Ես չեմ կարծում, որ մարդիկ, իրենց բիզնեսը թողնելով, կանցնեն համայնքի ղեկավարի պարտականությունների կատարմանը: Եկամտի առումով բիզնեսն ավելի շատ առավելություններ ունի, քան համայնքի ղեկավարի գործունեությունը»,-ասում է Հացիկ համայնքի ղեկավար Արթուր Հարությունյանը:
Գյուղապետերի գնահատմամբ՝ այս նախաձեռնությամբ կառավարությունը հեռահար նպատակներ է հետապնդում: «Համայնքապետերն ինքնըստինքյան կհրաժարվեն, չեն առաջադրվի, իրանք էլ կհայտարարեն, թե տեսնում եք, չկան համայնքների ղեկավարներ, եկե՛ք համայնքները միացնենք»,-ասում է Գագիկ Վահրադյանը:
ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ անելուց առաջ հարկ է, որ գործադիր եւ օրենսդիր մարմինները հետեւողական լինեն գործող օրենքների պահպանման հարցում: Հակառակ պարագայում հերթական օրենսդրական փաթեթը հերթական անգամ կունենա զուտ ձեւական նշանակություն:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Շիրակ




Լրահոս