ԿՄՆԱՆ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով  հուլիսի 10-ի եւ 11-ի դատական նիստերում ամբաստանյալ զինվորների պաշտպան Ալվարդ Մնացականյանը դատարանին միջնորդել էր փոխել իր պաշտպանյալներ, ժամկետային զինծառայողներ Ադիբեկ Հովհաննիսյանի եւ Մխիթար Մխիթարյանի խափանման միջոց կալանքը: Պաշտպանն իր միջնորդությունները հիմնավորել էր նրանով, որ ամբաստանյալները շուրջ երկու տարի ապօրինաբար գտնվում են անազատության մեջ, որ նրանց վերագրվում են մեղադրանքներ, որոնց վերաբերյալ հակասական ցուցմունքներ են տվել գործով վկաներից միայն 3-ը: Ա. Մնացականյանն ասաց, որ իր պաշտպանյալներին մեղսագրվող արարքները պատճառահետեւանքային կապի մեջ չեն Ա. Նազարյանի ինքնասպանության հետ: Սակայն դատավոր Սամվել Մարդանյանը մերժեց պաշտպան Ա. Մնացականյանի միջնորդությունները` պատճառաբանելով, որ դեռեւս չեն փոխվել ամբաստանյալներին անազատության մեջ պահելու հիմքերը, որոնք սահմանված են ՀՀ քրեական օրենսգրքի 135 հոդվածով, ուստի ազատության մեջ գտնվելով` ամբաստանյալները կարող են վկաների վրա ճնշում գործադրել: Դատարանը միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելիս նկատի է ունեցել այն, որ 2 ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքը դասվում է առանձնապես ծանր հանցագործությունների շարքին: Ամբաստանյալներ Հովհաննիսյանը եւ Մխիթարյանը մեղադրվում են ՀՀ քր. օր.-ի 358 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, որով նախատեսվում է 3-12 տարի ազատազրկում: Այս գործով դատական հաջորդ նիստը կկայանա հուլիսի 17-ին:

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ




Լրահոս