ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հաճախ եմ նկատում, որ Երեւանի շատ խանութներում չկա սանիտարական նորմերի կարգը հաստատող թուղթ: Նաեւ վաճառողները հիգիենիկ ձեռնոցով չեն սպասարկում: Նման դեպքերում ի՞նչ պատիժներ է սահմանում օրենքը:

Անի Սահակյան, 27 տարեկան, լրագրող

ՊԱՏԱՍԽԱՆ. Այն վաճառողները, որոնք սննդի հետ կապ ունեն, պարտադիր պետք է ձեռնոց կրեն, դա սահմանված կարգ է: Պարզապես պետական մարմինների ուշադրությունը դեռ չի հասել դրան: Անկեղծ ասած, այնքան հրատապ գործեր կան, որ մեր հասարակական կառույցներն էլ դեռ այդ հարցին սրությամբ չեն վերաբերում: Մի խոսքով, այն մարդիկ, որոնք սնունդ են վաճառում՝ խոսքը չփաթեթավորված սննդի մասին է, օրինակ` շաքարավազ, հաց, ապա նրանք անպայման պետք է ձեռնոց կրեն: Դա պարզագույն նորմ է, որը սահմանված է հիգիենայի կանոններով: Պատիժը սահմանում է հիգիենայի ծառայությունը կամ սննդի անվտանգության պետական ծառայությունը: Օրենքով այն սահմանվում է այսպես. առաջին անգամ տրվում է նախազգուշացում, իսկ երկրորդ անգամ անկասկած արդեն պատիժ է հասնում: Ընդհանրապես դա պետք է լինի երկու մարմինների ուշադրության կետրոնում, հիմա պարզապես հիգիենայի պատասխանատվությունը նույնպես դրված է սննդի անվտանգության ծառայության վրա: Նշեմ, որ հիգիենային վերաբերող հարցերով նախկինում առողջապահության նախարարությունն էր զբաղվում:

«Սպառողների միություն» հասարակական
կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Բազմաթիվ խանութներում ներկայում ձեռնոցներով ու հիգիենայի կանոնները պահպանելով են սպասարկում հաճախորդներին: Այսուհանդերձ, առկա բացը չի վրիպել մեր ընթերցողի ուշադրությունից, եւ ցանկալի կլիներ, որպեսզի վերահսկող կառույցը մեծացներ հետեւողականությունը: Նաեւ սպառողներն իրենք պետք է պահանջեն վաճառողներից համապատասխան կանոններով սպասարկել:




Լրահոս