ՀՀ քննչական կոմիտեն Գյումրիում կատարված ողբերգության հետ կապված բազմաթիվ վարկածներ է քննարկում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
Նա խորհուրդ է տվել ենթադրություններ չանել և սպասել նախաքննության ավարտին: «Երկու օր առաջ էլ լուրեր տարածեցին, թե ռուսական ռազմաբազայից վեց զինված զինվոր է փախել։ Չի կարելի անել այդպիսի բան և չի կարելի հանդուրժել այդպիսի բան»,- նշեց նա:
Այն դիտարկմանը, թե իրավապահ մարմինները ոչ հրապարակային են աշխատում, Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց. «Իսկ ո՞վ ա ասում, որ քննությունը ձեզ 15 րոպեն մեկ պիտի հաշվետու լինի»։
Նա նշեց, որ Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի առջև ցուցարարների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած բախումների կազմակերպիչները կենթարկվեն քրեական պատասխանատվության։
«Չի լինում էդպես, որ ինչ-որ մարդիկ կարող են մարդկանց տրամադրել նման երևույթների, և կազմակերպիչներն անպատիժ մնան։ Նրանք, ովքեր կազմակերպել էին այդ ջարդը, նրանք, ում մտքով անցել էր, որ կարելի է ոստիկաններին քարերով ծեծել, այդ մարդիկ պետք է գտնվեն ու պատժվեն»,- հայտարարեց նա: